Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականը չեն կատարում

Նոյեմբեր 10,2012 15:34

«Ժողովուրդների բարեկամություն» այգի հիմնելու նախագիծը անհիմն պատճառներով հետաձգվում է

Արդեն երկրորդ անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանին հանձնարարել է «Ժողովուրդների բարեկամության» այգի հիմնելու համար հողհատկացում անել: Սակայն այգու հիմնադրման հարցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Նշենք, որ այդ այգին նախատեսվում է հիմնել  Դավիթաշեն վարչական շրջանում, որը կզբաղեցնի 2,3 հա տարածք եւ կունենա 4 գլխավոր դարպաս: Ըստ նախագծի, որի հեղինակը Կրասնոյարսկի շրջանում գործող «Ստիմեքս» շինարարական ընկերության տնօրեն Վլադիմիր Վոպիլովն է, այգում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ հուշակոթող: Կենտրոնական կոթողը կունենա զանգակատուն, որի 4 կողմերում Ռուսաստանը եւ Հայաստանը մարմնավորող երկու կնոջ եւ երկու տղամարդու բրոնզե արձաններ կտեղադրվեն: Այժմ մնում է միայն, որպեսզի կառավարությունը հաստատի այն: Եվ երբ ՀՀ կառավարությունը հողհատկացումը հաստատի, շինարարությունը կմեկնարկի:
«Առավոտի» հետ զրույցում «Ստիմեքս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սիմոն Ալավերդյանն ասաց, որ նախագծի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացվել են գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նա էլ հանձնարարել է իր մասնագետներին, սակայն վերջիններս այսօր-վաղն են անում:
Գործի մեկնարկի համար քաղաքային իշխանությունները պետք է «Ստիմեքս» ընկերության ղեկավար Վլադիմիր Վոպիլովին եւ Կրասնոյարսկի քաղաքապետին ու նահանգապետին պաշտոնական հրավեր ուղարկեն: Նշենք, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Վոպիլովին առաջարկել է լինել Կրասնոյարսկի երկրամասի պատվավոր հյուպատոսը: Ըստ Սիմոն Ալավերդյանի. «Անկասկած, այդ նշանակումը թույլ կտա առավել արդյունավետ աշխատանքներ տանել գումարի հավաքագրման համար Ռուսաստանի Դաշնությունում «Հայաստան-2013» հիմնադրամի համար»: Նշենք, որ այգու համար տարածքի ձեռք բերումը եւ ֆինանսավորումը կկատարի ռուսական կողմը: Սակայն այս գործում իրենց ներդրումը կունենան նաեւ Կրասնոյարսկում բնակվող հայազգի մեծահարուստները: Ողջ նախագծի արժեքը 35-40 միլիոն դոլար է:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր հավանությունը տվել է «Հայաստան-2013» հիմնադրամի գործունեությանը: Վլադիմիր Վոպիլովի ներկայացմամբ, իր՝ Հայաստան այցելության ժամանակ, երբ հանդիպել է կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին, նրանք նույնպես բարձր են գնահատել հուշակոթողի կառուցման փաստը: Ըստ Սիմոն Ալավերդյանի՝ Կրասնոյարսկի կառավարությունը նույնպես սատարում է այգու հիմնադրմանը՝ հիմք ընդունելով ՌԴ արտաքին գործերի նախարարության դրական գնահատականը:
Կրասնոյարսկի քաղաքապետը ցանկություն է հայտնել Երեւանը եւ Կրասնոյարսկը քույր քաղաքներ դարձնելու:
Նշենք, որ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող կառույցն իր տեսակով միակը կլինի ԱՊՀ երկրներում:
Նկատենք, որ համալիրի կառուցման ընթացքում բազմաթիվ աշխատատեղեր կբացվեն, եւ մոտ երեք տարի ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ կլինեն զբաղված:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930