Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ հանձնախումբը կվերահսկի Սամվել Բալասանյանին

Նոյեմբեր 10,2012 15:21

ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետի պարտված ՀՅԴ-ական թեկնածու, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին չի թողնելու միանձնյա կառավարման, վերահսկելու է նրա ամեն քայլը, կայացրած որոշումներն ու ֆինանսական գործարքները, որպեսզի Գյումրին հանկարծ սխալ կառավարումից վնաս չկրի: Իսկ վերահսկիչի դեր ստանձնելը նախկին թեկնածուն բացատրեց ոչ թե դաշնակցականների նեղված ու վիրավորված լինելով, այլ իրենց թիկունքին զգալի՝ 10 հազարից ավելի գյումրեցիների ձայներ ունենալով: Հիշեցնենք, որ դաշնակցական թեկնածուն հավաքել էր 10 281 ձայն, եւ նա ամենեւին էլ սա պարտություն չէր համարում, քանի որ, ըստ նրա, դրանք անշահախնդիր ձայներ էին, եւ ինքը փող չէր խաղացրել, գերեզմաններից մարդկանց չէր հանել ու տարել ընտրատեղամասեր՝ իր օգտին քվեարկելու: Ինչեւէ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը պատրաստվում է տնտեսագետներից, ճարտարապետներից, կրթական ոլորտի եւ այլ մասնագետներից բաղկացած 5 հոգանոց հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կմասնակցի ավագանու ամեն մի նիստին, կբարձրաձայնի քաղաքի խնդիրներն ու կհարկադրի Գյումրու նորընտիր քաղաքապետին ավագանու հետ համատեղ գործել՝ հօգուտ գյումրեցիների:
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը այսպես մեկնաբանեց իրենց նպատակը. «Մենք ՏԻՄ ընտրություններից հետո մեր ընկերական հանդիպումների միջոցով կուսակցության ակտիվի նախաձեռնությամբ որոշեցինք ստեղծել քաղաքական հանձնախումբ, որը մասնակցելու է Գյումրու ավագանու բոլոր նիստերին, իր առաջարկություններն է անելու, որը, իրոք, մեր պատկերացմամբ՝ բխում է ժողովրդի շահերից: Այդ ամեն ինչը արվում է նրա համար, որ մարդիկ հասկանան՝ քաղաքական կուսակցություն կա քաղաքում, մարզում, եւ եթե մեր առաջարկությունները, որոնք բխում են ժողովրդի շահերից, քաղաքապետարանի կողմից չկատարվեն, կհնչեն սուր քննադատություններ, բոլորին տեղյակ կպահենք, կասենք՝ ժողովուրդ, ձեր շահերից ելնելով, ձեզ համար, մեր ընդհանուր քաղաքի համար էս առաջարկությունն է եղել, բայց, կներեք, էսօր քաղաքային իշխանությունները չեն կատարում»: Իսկ ո՞վ կգլխավորի հանձնախումբը, չլինի՞ քաղաքապետի նախկին թեկնածու Հովսեփ Սիմոնյանը՝ մեր այս հարցին Գեւորգ Ալեքյանը պատասխանեց. «Խումբը, բնականաբար, կունենա իր նախագահը, քարտուղարը, կկազմվեն արձանագրություններ, բայց քանի որ տարբեր ոլորտի մասնագետներ են ընդգրկվելու, ապա յուրաքանչյուրը ավագանու նիստի ժամանակ հանդես կգա ըստ իր պաշտոնի, իր ոլորտի, ակտիվ կլինի իր բնագավառում: Տեսեք՝ էսօր մանկապարտեզներում ինչ-որ թերացումներ կան, ջեռուցման խնդիր կա. սրանք թեթեւ խնդիրներ են, որոնք կարելի է արագ լուծել, բայց էսօր դրանք դարձել են հիմնախնդիրներ, կարելի է մանկապարտեզամերձ հրապարակը ասֆալտապատել, բայց ներսում ջեռուցում չունենալ: Այստեղ ասելիք կունենա կրթական ոլորտի մասնագետը»:
ՀՅԴ մարզային կոմիտեի պատասխանատուի պարզաբանմամբ՝ հանձնախմբի ձեւավորումից անմիջապես հետո կուսակցության գրասենյակը կհայտարարի բնակիչների ընդունելության օրեր, կֆիքսի նրանց բողոքը ու այն կներկայացնի Գյումրու ավագանուն: «Էդ հանձնախումբը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների պես է աշխատելու. աշխատանքային գրաֆիկ է կազմվելու, ու ընդունելության ժամեր են լինելու: Մենք հանձնախումբը չենք ստեղծում նրա համար, որ մեր թեկնածուն ՏԻՄ ընտրություններին քվեի տեսքով պարտվեց Սամվել Բալասանյանին, թեեւ մենք դա պարտություն չենք համարում, բարոյապես մենք հաղթանակել ենք, եւ չենք ստեղծում Սամվել Բալասանյանին հսկելու, ինչ-որ սխալներ գտնելու համար: Ես չեմ ուզում անձնավորել Բալասանյանին, որովհետեւ նա ընդամենը, մեր պատկերացմամբ, կատարելու է ավագանու որոշումները, ու գտնվելով ավագանու նիստերին՝ այնտեղ պարզ կերեւա, թե քաղաքապետը ինչպիսի հարաբերությունների մեջ է ավագանու հետ: Ես վերջերս Բալասանյանի ելույթը տեսա հեռուստատեսությամբ, երբ նա, դիմելով Գյումրու դեռեւս գործող ավագանուն, Վարդան Ղուկասյանի պարտքերի վերաբերյալ փորձեց աուդիտորական խումբ հրավիրել, եւ երբ ավագանին դեմ քվեարկեց նրա առաջարկին, նա ասաց՝ լավ, մյուս ավագանին կգա՝ էդ ժամանակ կհրավիրենք աուդիտորական խումբը: Դա ինձ ամենեւին դուր չեկավ, չի կարելի ավագանու փոխարեն նախապես որոշել: Բալասանյանը մեզ համար խնդիր, պրոբլեմ չի հանդիսացել եւ չի էլ հանդիսանա, ուղղակի մեզ հետաքրքիր է նա՝ որպես գործող քաղաքապետ, ու առհասարակ՝ հետաքրքրված ենք քաղաքի գործող իշխանությունների աշխատաոճով»,- պարզաբանեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930