Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյա՞նն է

Նոյեմբեր 10,2012 14:30

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  չի բացառում, որ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում  միավորումը տեղի ունենա անկուսակցական թեկնածուի շուրջ: ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշում է, որ իրենց համար նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ: Երկու գործիչների Դեմ առ դեմ բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ:

-«Առավոտ»-Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների  միջեւ ինտրիգային եւ կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյո՞ք փոքր–ինչ ուշացած չէ ձեր նախաձեռնությունը:
-Տիգրան Ուրիխանյան-Նախ եւ առաջ` ԲՀԿ-ի մասնակցությամբ որեւէ գաղտնի բանակցություն երբեք տեղի չի ունեցել: Մարտավարական նկատառումներով տեղի են ունենում գործընթացներ, որոնք ժամանակավորապես,  շատ կարճ ժամանակ` արդյունքի հետ կապված, չեն հրապարակվում, այդուհանդերձ հանրությունը  միշտ շատ լավ տեղեկացված է բոլոր այն գործընթացների մասին, որոնց ԲՀԿ-ն մասնակցում է: Ինչ վերաբերում է ժամկետին, ապա` իսկ ինչո՞ւ ոչ հիմա:
– «Առավոտ» -Իսկ ինչու հիմա. հարցադրումն առաջանում է նաեւ այն պատճառով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ` անցած փետրվարին,  ԲՀԿ-ն չսատարեց  ՀՅԴ եւ «Ժառանգության» նախաձեռնությունը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին, բացի այդ` ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններից առաջ որեւէ անգամ չհիշատակեց  խորհրդարանական համակարգի անցնելու մասին:
-Տ. ՈՒ.-ԲՀԿ-ն անշուշտ այն չէ, ինչ ժամանակին եղել է: Այս ընթացքում ԲՀԿ-ն հակված չէ գնալու այն  կոմպրոմիսներին, որոնց գնացել է ժամանակին:
-«Առավոտ»-Այսինքն` ժամանակին ԲՀԿ-ն չսատարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը` ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի արդյունքո՞ւմ:
– Տ. ՈՒ. Շատ ավելի հանդուրժող ենք եղել ընդհանուր, միասնական որոշումների կայացման դաշտում: Այլեւս իրավիճակը, երկիրը զարգացման ու առաջընթացի նոր փուլ հանելու հրատապ անհրաժեշտությունը չեն թույլատրում նման մոտեցում:
-«Առավոտ»-Պարոն Համբարձումյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաների առաջարկից հետո Դաշնակցությունը շտապեց հանդես գալ միասնական քաղաքական պլատֆորմի շուրջ քաղաքական քննարկումների սեփական առաջարկությամբ: Արդյո՞ք դա պայմանավորված չէր հետ չմնալու եւ ինչ-որ չափով նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու  ցանկությամբ:
-Արսեն Համբարձումյան-Վստահեցնում եմ, որ` ոչ: Դա պարզապես զուգադիպություն է: Կարծում եմ` հիշում եք, որ հուլիսի սկզբին կայացած Դաշնակցության Գերագույն ժողովից հետո  մենք հայտարարեցինք մեր հիմնական մոտեցումները եւ նաեւ դրանից հետո նշեցինք, որ առաջիկայում պատրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ եւ  նախագահական ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության մոտեցումներով: Ի սկզբանե մտածում էինք, որ նախագահական ընտրություններից 100  օր առաջ հանդես  գանք հայտարարությամբ, պարզապես տեխնիկական պատճառներով  հանդես եկանք 101 օր առաջ:
-«Առավոտ»-Տեխնիկական պատճառներն այս դեպքում ԲՀԿ-ի հայտարարությու՞նն էր:
-Ա. Հ.-Ոչ, մեր ԳՄ որոշ անդամների գործուղումները:
-«Առավոտ»-Ձեր առաջարկությունները դուք պայմանավորում եք երկրում համակարգային փոփոխության եւ ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությամբ: Այդ առումով արդյո՞ք անցումը խորհրդարանական համակարգին կարող է  բեկում մտցնել: Ի վերջո, աշխարհում կան խորհրդարանական համակարգ ունեցող  ավտորիտար երկրներ` ինչպես Հյուսիսային Կորեան, եւ հակառակը` նախագահական համակարգով  ժողովրդավարական պետություններ` ինչպես ԱՄՆ-ը:
-Ա. Հ.-Ձեր դիտարկումը միանգամայն ճիշտ է, ինքնին կառավարման համակարգը չի երաշխավորում ժողովրդավարություն այս կամ այն երկրում եւ չի ենթադրում զարգացման ավելի լավ ընթացք ու դինամիկա, եւ նույնը վերաբերում է նաեւ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին: Բայց մենք այդ առաջարկություններով հանդես ենք եկել ի նկատի ունենալով հայաստանյան իրողությունները: Մենք այս փոփոխությունները դիտարկում ենք միջոց` մեր հայտարարության մեջ նախանշած մյուս խնդիրները լուծելու համար:
-Տ. Ու.- Երկրում կա իրավիճակ, որի արդյունքում ձեւավորվել է քաղաքական մենաշնորհ: Եվ  քաղաքական մենաշնորհի, հետեւաբար նաեւ այլ` տնտեսական մենաշնորհների, այսինքն` արհամարհելով մնացած բոլորին միանձնյա կամ մի թիմով որոշումներ կայացնելու այդ պրակտիկան վերջացնելու, մենաշնորհների գոյությունը  կոտրելու համար հարկավոր է անցում կատարել խորհրդարանական համակարգին:
-«Առավոտ»-ՀՀԿ-ում կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու հետ կապված տեսակետ կա, որ  պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար դա կարող է վտանգավոր լինել, քանի որ պատերազմական վիճակում երկիրը պետք է ունենա մեկ գերագույն գլխավոր հրամանատար` օժտված կամային հատկանիշներով, մինչդեռ  խորհրդարանական համակարգի դեպքում կարող է առաջանալ ներքին հակասությունների վտանգ, որոնց դրսեւորումը կարող է ճակատագրական լինել:
-Ա. Հ.- Այդ նույն փաստարկները ներկայացվում էին նաեւ 90-ականների կեսին: Եվ մեր երկրի դժբախտությունը կայանում է հենց նրանում, որ մենք ոչ թե քայլեր ենք ձեռնարկում քաղաքական ուժերի կայացման ուղղությամբ, այլ այդ ուժերը ձեւավորվում են այս կամ այն անհատի շուրջ` համապատասխան այդ անհատի քիմքին, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք:
-«Առավոտ»- Դաշնակցությունը միշտ հանդես է եկել նախագահի սեփական թեկնածուով: Ներկայումս, սակայն, դուք չեք բացառում նաեւ ոչ դաշնակցական միասնական թեկնածուով հանդես գալու տարբերակը: Ինչպե՞ս կանդրադառնա դա Դաշնակցության վարկանիշի  վրա, որը Աժ ընտրություններից հետո առանց այն էլ լավագույն վիճակում չէ:
-Ա. Հ.-Դաշնակցության վարկանիշի մասին, բնականաբար, չեմ կիսում Ձեր տեսակետը: Ինչ վերաբերում է թեկնածուին, ապա ստեղծված քաղաքական իրողությունները հաշվի առնելով` մենք չենք բացառում նաեւ այլընտրանքային թեկնածուի երեւան գալու հավանականությունը:
-«Առավոտ»-Այլընտրանքային ասելով` նկատի ունեք ԲՀԿ-ի թեկնածուի՞ն: Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն իրեն հայտարարել է  այլընտրանքային ուժ:
-Ա. Հ.-Դաշնակցությունն այդ առումով եւս այլընտրանք է: Ես նկատի ունեմ`  ոչ ինձ, ոչ` քեզ տարբերակը, ես չեմ բացառում, որ միասնական թեկնածուն կարող է լինել անկուսակցական թեկնածու:
-«Առավոտ»-ԲՀԿ-ում սկզբունքորեն հնարավոր համարո՞ւմ եք նման տարբերակը:
-Տ. Ու.-ԲՀԿ-ի համար ՀՀ նախագահի կամ որեւէ այլ պաշտոն ինքնանպատակ լինել չի կարող: Մեզ համար սկզբունքային ու առաջնային են մարդկանց կյանքի որակի փոփոխությունները: Եվ լուծումները պետք է կառուցվեն այս հիմքի վրա:

Բանավեճը վարեց Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Հարցազրույցը ամբողջությամբ` դիտեք տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930