Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան. «Մենք մեր խոսքի տերն ենք»

Նոյեմբեր 10,2012 14:12

– Պարոն Բաղդասարյան, ԲՀԿ-ն վերջերս հանդես եկավ 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական մոդելի անցման վերաբերյալ հայտարարությամբ: Ի՞նչ կապ կարող է այն ունենալ առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը:
– Երկրի կառավարման համակարգը փոխելը բարդագույն խնդիր է: Այն լրջագույն դեբատներ է նախատեսում: Այս հարցը տեղին չեմ համարում կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ, որովհետեւ շուտով սկսվում է թեկնածուների պաշտոնական առաջադրման ժամկետը, եւ քաղաքական իրավիճակը գնահատելով՝ այն համարում ենք ժամանակավրեպ: Ինչ վերաբերում է քննարկումներին` ՕԵԿ-ը երբեք քննարկումներից չի խուսափել եւ առաջիկայում չի էլ խուսափելու:
– Առաջարկություններով հանդես եկավ նաեւ ՀՅԴ-ն: Ի՞նչ կասեք այդ առաջարկների մասին:
– Առաջարկներից շատերը ներառված են կոալիցիոն հուշագրում եւ Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգում: Կոռուպցիայի դեմ պայքարը, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, բարեփոխումների խորացումը նաեւ ՕԵԿ-ի քաղաքական օրակարգի կարեւորագույն կետերից են:
– Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում անհստակությունները շատ են: Ո՞րն է դրա պատճառը:
– Հիմնական պատճառը քաղաքական դաշտի անորոշությունն է, ինչպես նաեւ նախագահին հաղթելու հնարավորություններ ունեցող թեկնածուների գրեթե բացակայությունը, ինչը նաեւ անորոշություն է ստեղծում: Աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում արդեն առնվազն մեկ տարի առաջ հայտնի են բոլոր առանցքային թեկնածուները, եւ հասարակությունը ակտիվ դեբատների մեջ է` նախապատվությունները ճշտելու առումով: Հայաստանում իրավիճակը այլ է. կա իշխանություն, կա ընդդիմություն եւ կա այլընտրանք ուժ: Եվ քանի որ շատերը սպասում են այլընտրանքային այդ ուժի դիրքորոշմանը, ապա այդ սպասումներն էլ ավելի են մշուշում ստեղծված իրավիճակը:
– Քաղաքական շրջանակներում շատ է քննարկվում 2011թ. փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը: Ի վերջո, այն` Սերժ Սարգսյանին սատարելու առումով, ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:
– Գիտեք, այս հարցը ոմանք փորձում են դարձնել «հայոց հարցը»: Հարցի հասցեատերը ԲՀԿ-ն է, եւ նա պետք է պատասխանի, թե իր ստորագրած քաղաքական փաստաթուղթը ուժի մե՞ջ է համարում, թե՞ ոչ: Ես կոնկրետ կողմնակից լինելով հասարակական մեծ կոնսոլիդացիային նախագահական ընտրություններում՝ այդուհանդերձ, դեմ եմ, որ շարունակ այս հարցը դարձնենք քննարկման առարկա եւ անհարմար վիճակի մեջ դնենք մեր նախկին կոալիցիոն գործընկերներին: Մեր թեկնածուն` Սերժ Սարգսյանը, վստահ եմ, որ ունի բավականաչափ ներուժ կոալիցիոն կուսակցությունների եւ այլ քաղաքական դերակատարների միջոցով արդար ընտրություններում տանելու վստահ հաղթանակ:
– Ձեր խոսքից կարելի՞ է հասկանալ, որ ՕԵԿ-ը չի փոխել իր դիրքորոշումը:
– «Օրինաց երկիր» կուսակցությունը դեռեւս 2008 թվականին՝ նախագահական ընտրություններից հետո, ստորագրել է փաստաթուղթ, ստեղծել է քաղաքական կոալիցիա: 2008 թ. ես դեռ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանի երկու ժամկետների ընթացքում «Օրինաց երկիրը» պաշտպանելու է նրա թեկնածությունը: Պատճառը շատ պարզ է` մարդը, որ ընտրվում է նախագահ, պետք է կարողանա լիարժեք աշխատել իր ծրագրերը, իր բարեփոխումներն իրականացնելու համար: Մենք մեր խոսքի տերն ենք:
– Ի՞նչ հարցեր եք քննարկելու դեկտեմբերյան ձեր համագումարում:
– Համագումարում կամփոփենք մեր նախաձեռնած կուսակցական բարեփոխումները, կքննարկենք նախագահական ընտրություններում ստեղծված իրավիճակը, կներկայացնենք մեր մոտեցումները հասարակությանը հուզող առանցքային խնդիրների նկատմամբ:
– Ինչպե՞ս է ընթանում ՕԵԿ-ում ընթացող վերակառուցում, որքանո՞վ է այն համահունչ ժամանակակից քաղաքական պրակտիկայի հետ: Ձեր նախաձեռնած փոփոխությունները որոշ քաղաքական շրջանակներ կամ քաղաքագետներ քննադատում են` ասելով նաեւ, թե կուսակցությունը կորցրել է իր կշիռն ու ազդեցությունը:
– Այդ բարեփոխումները կրում են համալիր բնույթ եւ վերաբերում են ներկուսակցական կառավարման արդիականացմանն ու ժողովրդավարացմանը, անդամակցության խստացմանն ու կուսակցական շարքերի առավել համախմբմանը: Մենք մշտապես ջատագովն ենք եղել նորարարական մոտեցումների: Բարեփոխումների ընթացքում մեծ չափով ուսումնասիրել ենք ԵԺԿ եւ Քրիստոնեա-Դեմոկրատական համաշխարհային ինտերնացիոնալի ¥ի դեպ, ՕԵԿ-ը անդամ է այս կառույցին¤ մեր գործընկերների կուսակցական շինարարության լայն փորձը: Սա միջազգային քաղաքական պրակտիկայում ընդունված կանոն է եւ տարածված թե նույն ԵԺԿ-ում, եւ թե՝ Քրիստոնեա-դեմոկրատական համաշխարհային ինտերնացիոնալի անդամ բազմաթիվ այլ կուսակցություններում:
Օրինակ, նոր կուսակցականների փորձաշրջանը ընդունված է բազմաթիվ քաղաքական ուժերում: Այսօր մենք ունենք մեծ եւ ամուր թիմ, որոնք վերահաստատել են իրենց անդամակցությունը, եւ ունենք հազարավոր դիմումներ, որոնց քննարկումը եւ ընդունելությունը շարունակական գործընթաց է: Մենք նաեւ ընդլայնում ենք մեր միջազգային կապերը:
Ինչ վերաբերում է քննադատություններին: Մի հայտնի խոսք կա. «Քննադատությունից խուսափելու համար պետք է ոչինչ չանել, ոչինչ չասել եւ լինել ոչ մեկը»: Անկախ չարախոսներից՝ ՕԵԿ-ը եղել եւ մնում է մեր քաղաքական դաշտի հիմնական ուժերից մեկը: Մեր գաղափարների, մեր ծրագրերի մրցունակությունը մենք ապացուցել ենք կուսակցության հիմնադրման օրվանից հետո տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում: Այսուհետ եւս ՕԵԿ-ը ամրանալու եւ զարգանալու է՝ անկախ իր չարախոսների ցանկություններից: Մեր շիտակությունը, քաղաքական դաշտում հստակ կեցվածքը ոմանց հանգիստ չեն տալիս, հետեւաբար որոշները առաջնորդվելով նախանձով եւ չարությամբ` քննադատում են այս երկրում վերջին բոլոր համապետական ընտրություններում իր մրցունակությունն ապացուցած քաղաքական ուժին, որ վստահ առաջ է գնում: Ի վերջո ՕԵԿ-ն այսօր Եվրոպայի ամենաազդեցիկ ուժերից մեկի` ԵԺԿ-ի անդամ է, արդյունավետորեն համագործակցում է շուրջ 45 կուսակցությունների հետ: Չեմ կարծում, թե ԵԺԿ-ն, Քրիստոնեա-Դեմոկրատական ինտերնացիոնալը ՕԵԿ-ին կընդուներ իրենց շարքերը, եթե այն կշիռ ու ազդեցություն չունենար: Իսկ օրեր առաջ էլ մեկնարկ տրվեց ՕԵԿ-ի հետ Չինաստանի Կոմկուսի հետ պաշտոնական գործակցություն սկսելուն: Սրանք փաստեր են, որոնց հետ պետք է հաշվի նստել:
– Պարոն Բաղդասարյան, վերջերս Դուք այցելություն ունեցաք Ռուսաստան եւ Չինաստան: Ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
– Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ես անցկացրեցի մի շարք երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների հետ: ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի ունեցավ իմ հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Եվ ուզում եմ նշել, որ այցը չափազանց կարեւոր էր արդյունքների իմաստով: Նախեւառաջ 2 տարվա աշխատանքը պսակվեց հաջողությամբ եւ ստորագրվեց փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանում կստեղծվի Հայ-ռուսական հումանիտար կենտրոն արտակարգ իրավիճակների ոլորտում: Սա խոշորագույն ենթակառուցվածք է, որը կտեղակայվի ՀՀ տարածքում, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ եւ տեխնիկա, այլեւ ունենալ հզոր ենթակառուցվածք, որը մենք կարող ենք օգտագործել մեր երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ: Երկրորդ կարեւորագույն արդյունքն այն էր, որ մեր այցի օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր Հայաստանում ստեղծելու «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու եւ ֆինանսավորելու մասին, որի նշանակությունը չափազանց կարեւոր է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ՌԴ-ն ունի սահմանապահ ստորաբաժանում: Ռուսաստանի սահմանապահները այսօր պաշտպանում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանները: Այդ սահմանները լուրջ արդիականացման կարիք ունեն: Այս պայմանագիրը եւ ՌԴ նախագահի հրամանագիրը հնարավորություն կտան այս ոլորտում լուրջ, դրական զարգացումներ ունենալ սահմանների արդիականացման, մեր երկրի անվտանգության ամրապնդման իմաստով:
Երրորդ ձեռքբերումն այն էր, որ Հայաստանում կստեղծվի նոր կարեւորագույն ենթակառուցվածք: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալության հիմնմանը Հայաստանում, այսինքն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք կստեղծվի: Սա շատ կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի անվտանգության եւ Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից: «Ռոսռեզերվ» գործակալությունն այսօր խոշորագույն ենթակառուցվածքն է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհում` իր ֆինանսական եւ ինստիտուցիոնալ կարողություններով:
Հաջորդ կարեւոր ձեռքբերումը, որ ունեցանք Ռուսաստանում, այն էր, որ համաձայնության եկանք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու շուրջ: Վերջին պայմանագիրը ստորագրվել է 1993թ.: Անցել է շուրջ 20 տարի, եւ այդ պայմանագիրը թարմացման կարիք ունի: Այն հնարավորություն կտա երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը զարգացնել ուղիղ ճանապարհով, առանց բյուրոկրատական ընթացակարգերի: Սա ոչ միայն ռազմական, այլ նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման տեսանկյունից է կարեւոր:
Կարեւոր նշանակություն ունի նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծվելիք Ակադեմիան, որը կրթական, վերապատրաստման, մասնագիտական կարողությունների բարձրացման աշխատանքներ պետք է իրականացնի: Հայաստանը կլինի առաջին երկիրը ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ կստեղծվի նման կառույց, որը հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանության, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին անցնել հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ-ի ռեսուրսների ներգրավմամբ:
Ինչ վերաբերում է Չինաստան այցին: Չինաստանում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու նպատակով: Առաջիկա ամիսներին համագործակցության պայմանագրեր կստորագրվեն Չինաստանի եւ մեր ուժային կառույցների միջեւ: Այսինքն՝ ինստիտուցիոնալ եւ իրավական կապեր հաստատելու գործնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, եւ առաջիկա ամիսների ընթացքում մենք կսկսենք փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը: Չինաստանը աշխարհում հզորագույն պետություն է: Միջազգային կառույցներում մենք՝ ի դեմս Չինաստանի, կարող ենք ունենալ շատ լուրջ գործընկեր, որը կարող է հայկական դիրքորոշումները իր համար դարձնել ընկալելի, ինչպես նաեւ արտահայտել դրանք ամենաբարձր հարթակներում: Ես Չինաստանի իմ գործընկերոջ հետ քննարկեցի գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ մշտական կոնսուլտացիաների մեխանիզմ ստեղծելու մասին հարցեր: Բազմաթիվ հանդիպումներ ունեցա նաեւ հայ-չինական տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով, ինչպես նաեւ հանդիպեցի Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարության հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետ կապված հարցերի քննարկման համար: Եվ մենք համատեղ ջանքեր ենք գործադրելու այդ կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
– Ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցությունը:
– Ցանկացած կառուցողական համագործակցություն, որն ուղղված է առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ու նոր, արդյունավետ հարթակների ձեւավորմանը, ինձ համար ընդունելի է:
Այդ միությունը դեռ ձեւավորման փուլում է, տարբեր խնդիրներ կան ճշգրտելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջեւ: Հայաստանը Եվրասիական միության հետ կունենա առողջ, կառուցողական հարաբերություններ: Ռուսաստանը Հայաստանի համար մեծ շուկա է, եւ մեծ շքեղություն կլինի հրաժարվել Եվրասիական միության հետ համագործակցությունից, որովհետեւ դա նշանակում է մեր երկիրը զրկել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ առեւտրատնտեսական կապերից: Եվրասիական միությանն ինտեգրումը մեր տնտեսության համար հիմնարար նշանակություն ունի, եւ համագործակցությունը պետք է հետեւողականորեն խորանա:
– Դուք համակարգում եք Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը: Ի՞նչ տեմպերով են դրանք զարգանում, եւ արդեն ի՞նչ արդյունքներ կան արձանագրված:
– Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանում են դրական տեմպերով: Վերջին 2 ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարեւոր իրադարձություններ, մասնավորապես հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրվեցին ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը, եւ արդեն 2013թ. ընթացքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու եվրոպական երկրներ դյուրացված պայմաններով, որը չափազանց կարեւոր քաղաքական եւ հանրային նշանակություն ունի: Ուզում եմ կարեւորել հոկտեմբերի 2-4-ը Երեւանում տեղի ունեցած խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլի հաջող ավարտը: Հույս ունենք, որ դեկտեմբերի 3-5-ը Բրյուսելում տեղի ունենալիք բանակցությունների հաջորդ փուլում կարձանագրենք էլ ավելի առաջընթաց, որը հնարավորություն կտա այս կարեւոր ոլորտում ապահովել շարունակական զարգացումներ: Կարեւորում եմ նաեւ հոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Ասոցացման բանակցությունների 10-րդ լիագումար նիստը, որտեղ մենք շուրջ 10 ուղղություններով լուրջ առաջընթաց ենք գրանցել:
Ընդհանուր առմամբ ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. ծրագիրը ներառում է 161 գործողություն, որոնք վերաբերում են պետական, հասարակական ոլորտներին: Բոլոր ծրագրերը հաջող ընթացքի մեջ են: Վերջերս էլ Անվտանգության խորհրդում հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում հզորացնալու մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, եւ ընդհանրապես խորանալու է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ երկրի ներսում գործող ՀԿ-ների հետ հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարձրացնել էապես նոր աստիճանի:
Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930