Երեսուն տարի առաջ մահացավ Լեոնիդ Բրեժնեւը, այն ժամանակ 22 տարեկան էի, այսինքն՝ գտնվում էի միանգամայն գիտակից տարիքում եւ հասկանում էի, որ երկար տարիներ այդ մարդու առողջական վիճակը թույլ չէր տալիս ոչ միայն երկիր ղեկավարել, այլեւ առանց թղթի երկու կապակցված միտք արտահայտել: Այդ հսկայական երկիրը ղեկավարում էր Համակարգը՝ տնտեսապես անարդյունավետ եւ քաղաքական առումով՝ ռեպրեսիվ: Բայց ոչ ես, ոչ էլ այն ժամանակվա խորհրդային մարդկանց ճնշող մեծամասնությունը չէինք կարող ենթադրել, որ 82 թվականի նոյեմբերի 10-ը նշանավորել է այդ համակարգի վերջի սկիզբը: Հետո եկավ Անդրոպովը, որը բռնում էր ցերեկը կինո գնացող մարդկանց՝ իբր, կարգապահությունն էր ամրապնդում, հետո Չեռնենկոն, որը ինչ-որ «պարենային ծրագիր» հայտարարեց՝ դրանից հետո առաջացավ պարենային դեֆիցիտ: Եվ վերջ. հաջորդ խորհրդային ղեկավարը հասկացավ, որ փտած, կոռումպացված, փակ համակարգը պարզապես ինքնաքայքայվում է, եւ նա, փորձելով այդ համակարգը բարեփոխել, անհաջողության մատնվեց՝ կամ սխալ էր բարեփոխում, կամ, ավելի շուտ, այն ընդհանրապես հնարավոր չէր բարեփոխել: Մի խոսքով՝ Համակարգը պայթեց, եւ մենք՝ դրա բեկորները, առայժմ մեր տեղը չենք գտել:
Ոչ մի կարոտախտ չունեմ կոմունիստական տարիների նկատմամբ: Այն ռեժիմն ուներ նույն թերությունները, որոնցով օժտված են այսօրվա, «երեկվա» եւ «երեկչէառաջինօրվա» ռեժիմները: Գումարած դրան՝ ավելի երեսպաշտ էր: Այսինքն՝ հարաբերություններն էլի շուկայական էին, երկիրը դարձյալ բաժանված էր «շուստրիների», «աչքաբացների» եւ «հարիֆների», ինչպես եւ հիմա, բայց «շուստրիների» հարստությունը խնամքով թաքցվում էր, նույն հարուստները տրիբունաներից կեղծ, ցինիկ խոսքեր էին ասում համընդհանուր հավասարության, շահագործման բացակայության եւ «համաժողովրդական» սեփականության մասին: Այն ժամանակ մեզ ավելի շատ էին հիմարի տեղ դնում, քան հիմա:
Հիմա ոմանք ուզում են պատրանք ստեղծել (կամ գուցե իսկապես «հետին թվով» հավատում են), որ Բրեժնեւի ժամանակ բոլորը գոհ ու երջանիկ էին: Բայց այն ժամանակ էլ 120 ռուբլի ստացող մարդը բողոքում էր կյանքից ու անարդարությունից, քանի որ կյանքում չէր կարող այդ աշխատավարձով «Ժիգուլի» կամ թեկուզ «Զապորոժեց» առնել, իսկ ավտոմեքենա առնելու համար դու կամ պետք է կոմունիստական նոմենկլատուրայի մեջ լինեիր, կամ գող-ավազակ: Ի դեպ, այն ժամանակ էլ արտագաղթ կլիներ, եթե կոմունիստները զոռով, ճորտի պես չպահեին մարդկանց իրենց բնակավայրերում:
Եթե կիրառենք վերջին 20 տարում ընդդիմության կողմից սիրված «հանցավոր ռեժիմ» բառակապակցությունը, ապա կոմունիստական ռեժիմն, անշուշտ, «հանցավոր էր», ինչպես եւ բոլոր մնացած «ռեժիմները» թե՛ Հայաստանում, թե՛ մնացած բոլոր երկրներում, թե այսօր, թե 100 եւ թե 1000 տարի առաջ: Սակայն այդ բոլոր հանգամանքներում եղել են եւ կան պարկեշտ ու բարի մարդիկ, եղել են եւ կան չարի վրա «խփնվածներ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ