Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա բոցը: Բռնկվեց ու մարեց

Նոյեմբեր 10,2012 10:44

Անցնող շաբաթը որքան բուռն ու աղմկոտ սկսվեց, նույնքան էլ արագ ամեն բան հանդարտվեց ու ներքաղաքական կյանքում դարձյալ թագավորեց անորոշությունը:
Ընդդիմադիր ճամբարում նկատվող աշխուժությունը շաբաթավերջին անսպասելիորեն մարեց, ինչից հանրությունը այդպես էլ չհասկացավ, թե այստեղ «ով ում բարեկամն է» եւ հատկապես ազդարարված համախմբման ու համագործակցության գործընթացը «միս ու արյուն» ստանալո՞ւ է, թե՞ ընդդիմադիր ուժերը կրակոտ ճառերից այն կողմ չեն անցնելու:
Սկզբում, իհարկե, բոլորին «դիվադադար» արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց քաղաքական խորհրդակցությունների: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ: Նախագահական ընտրություններին ընդառաջ, ահա այսպիսի հեղափոխական գաղափար առաջ քաշեց «այլընտրանքային» ԲՀԿ-ն՝ հորդորելով գործընկերներին քննարկել «նոր համակարգին» անցնելու «հրատապ» հարցը:
«Բարգավաճի» այս նախաձեռնության լուրը այնպիսի իրարանցում առաջացրեց ներքաղաքական դաշտում, որ հիշեցրեց «Արտակից խառը հեռագիր է եկել» դրվագը:
Մինչ ընդդիմադիր ճամբարը ուշքի կգար, իր օրակարգը հրապարակեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ դարձյալ բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց քննարկելու իր առանձնացրած յոթ հիմնախնդիրները:
Սրան հաջորդեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որով առաջարկվում է ընդլայնել ԲՀԿ-ի քաղաքական խորհրդակցությունների օրակարգը: ՀԱԿ-ը ԲՀԿ-ի «բոմբ» գաղափարի կողքին դրեց չորս հարց եւ հրահանգելու պես հայտարարեց, որ սա է ռեժիմի դեմ պայքարի ծրագիրը:
Ինչ երկարացնենք, ընդդիմադիր ուժերն իրենք իրենց ձեռքով եւ իրենց համար ստեղծեցին մի կատարյալ խառնաշփոթ, հետո մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ներկայացված օրակարգերից որն ընտրեն, որ կողմը գնան, առաջինը ում սեղանի մոտ նստեն ու քննարկեն երկիրը փրկելու ծրագրերը:
ԲՀԿ-ի խոհրդակցություններին մասնակցելու համաձայնություն տվեց ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» մինչ օրս մտածում է` ընդունե՞լ ԲՀԿ-ի հրավերը, թե՞ ոչ: ԲՀԿ-ն որեւէ կերպ չարձագանքեց ՀԱԿ-ի հայտարարությանը, իսկ վերջինս չարձագանքեց ՀՅԴ-ի հրավերին: «Ժառանգությունը» նույնպես ոչինչ չպատասխանեց ՀՅԴ-ին` ի վերջո, ցանկանում է, թե ոչ մասնակցել Դաշնակցության նախաձեռնած քննարկումներին:
Մի խոսքով, գլուխ հանել այս ամենից անհնար է:
Իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, թե երկուշաբթի սկսում է խոհրդակցությունների շարքը: Հայտարարեց ու մեկնեց մարզեր՝ հանդիպելու տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Մի կողմ թողնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու «առաջնային» հարցը, մարզերում սկսեց պարզել, թե տեղի շարքային կուսակցականները ինչ են մտածում նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւի մասին:
Հենց մարզից ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ կուսակցական ակտիվը ցանկանում է, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին, եւ այդ թեկնածուն անպայման պետք է լինի Գագիկ Ծառուկյանը. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ անչափ կարեւոր է լինելու կուսակցության նախագահի որոշիչ ձայնը: Կրկնում եմ, դոմինանտ տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություներին պետք է մասնակցի սեփական թեկնածուով»,- տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նախատեսված էր, որ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները մինչ քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը պետք է հանդիպեն ԲՀԿ ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները պետք է տեղի ունենային երեկ, սակայն «տեխնիկական խնդիրների պատճառով» այդպես էլ տեղի չունեցան: Համենայն դեպս երեկ մինչեւ օրվա ավարտը այդ հանդիպումների մասին տեղեկություն չստացվեց: Հավանաբար ԲՀԿ-ական վերնախավը մարզերից դեռ չի վերադարձել:
Ինչեւէ, խոհրդակցություններից առաջ հանդիպում-քննարկումները հետաձգվեցին: Թերեւս ԲՀԿ-ի գործընկերները նախապես փորձում էին պարզել խորհրդակցությունների հետ կապված կազմակերպչական հարցեր. որտեղ են հավաքվելու, շաբաթական քանի անգամ, եւ ամենակարեւորը՝ օրակարգը փոփոխության ենթարկվելու է թե ոչ:
Սակայն «տեխնիկական խնդիրները» թույլ չտվեցին, որպեսզի ԲՀԿ-ն, որ «հատ-հատ բոլորին զանգել ու կանչել է», ընդունի իր հրավիրյալներին:
Մինչ դես, մինչ դեն, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ժառանգության» օրինագիծը: Ընդ որում՝ այդ հարցի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի «կողմ» ձայնը կարող էր վճռորոշ լինել օրինագծին դրական եզրակացություն տալու հարցում:
Չգիտենք այս հարվածին ինչպես դիմացավ «Ժառանգությունը», որի հարաբերությունները մինչեւ վերջերս, մեղմ ասած, հարթ չէին ԲՀԿ-ի հետ: Եթե չասենք՝ «շուն ու կատվի» հարաբերություններ էին:
Թե ինչպես կանդրադառնա ԲՀԿ-ի այս «նամարդ» քայլը «Բարգավաճի» խորհրդակցություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ «Ժառանգության» որոշման վրա, հայտնի կլինի երկուշաբթի:
Պակաս ուշագրավ չէ նաեւ ՀԱԿ-ի կեցվածքը, որ դրսեւորում է վերջին օրերին: Կոնգրեսը ԲՀԿ-ի նկատմամբ դրսեւորած սիրային զեղումներին կարծես թե վերջ է տվել: Նախկինում օր չկար, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չգովաբաներ ԲՀԿ-ին, իսկ ահա վերջին օրերին նա դադարեցրել է հաճոյախոսությունները՝ ուղղված «Բարգավաճին»:
Չի կարելի է ասել, թե սեւ կատու է անցել նրանց միջեւ, բայց ՀԱԿ-ը որոշել է զսպվածություն դրսեւորել: Կոնգրեսը թերեւս ԲՀԿ-ից չէր սպասում նման արհամարհական վերաբերմունք իր տարածած հայտարարությանը:
Շարունակվող այս թանձր անորոշության պայմաններում ուղղակի զվարճալի էր երեկ լսել Լեւոն Զուրաբյանի վստահ ելույթը: Ահա. «Այդ կրակը կարող է լինել մարմանդ, կարող է բոց դառնալ, դա արդեն ցույց կտան քաղաքական գործընթացները, եւ ես վստահ եմ, որ նախագահական ընտրությունների կոնտեքստում մեծ է նաեւ հնարավորությունը, որ ոչ թե բոց կդառնա, այլ, ինչու չէ, նաեւ հեղափոխություն»:

Վրեժ Ահարոնյան

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930