Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցելով Իրաքի հետ` Հայաստանը կնպաստի Թուրքիայի մեկուսացվածության խորացմանը

Նոյեմբեր 10,2012 10:33

Դա անհրաժեշտ է եթե ոչ թուրքական նկրտումները չեզոքացնելու, ապա դրանց ազդեցությունը գոնե թուլացնելու համար

Իրաքի վարչապետարանից տարածված հաղորդագրության համաձայն, վարչապետ Նուրի ալ Մալիքին նոյեմբերի 7-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակությանը: Ընդունելությանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու Իրաքի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Ըստ հաղորդագրության, վարչապետ Մալիքին ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ ստորագրել Հայաստանի հետ համագործակցության պայմանագիրը, ապա եւ ասել է, որ Հայաստան կայցելի իր գործընկերոջՙ Տիգրան Սարգսյանի հրավերով: Վարչապետ Մալիքին անդրադարձել է նաեւ իրաքահայ համայնքի իրավիճակին, ընդգծելով, որ Իրաքը, անկախ դավանանքից, էթնիկ ծագումից, կուսակցական պատկանելությունից, հայրենիքն է բոլոր իրաքցիների:

Փոխվարչապետ Գեւորգյանն, ի պատասխան, Իրաքի հետ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նա ընդգծել է, որ Հայաստանը նպատակ ունի Իրաքի հետ հատկապես նավթի, բնական գազի եւ հաղորդակցության բնագավառներում համագործակցելու:

Այս տեղեկությունը նոյեմբերի 8-ին հայտնել է Կ. Պոլսո պատրիարքարանի ոչ պաշտոնական խոսափող «Հայթերթ» կայքէջը, իհարկե, առանց աղբյուր նշելու: Համենայն դեպս, հետզհետե կայունացող եւ տարածաշրջանում լուրջ դերակատարություն ստանձնող Իրաքի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության հաստատումը հատկապես էներգետիկայի, հաղորդակցության ոլորտներում կարեւոր է Հայաստանի համար:

Խնդիրը սոսկ Իրանի ու Սիրիայի պես բարեկամ երկրների հետ նաեւ Իրաքի սերտ հարաբերությունները չեն, այլ Թուրքիայի տարածաշրջանային չարանենգ քաղաքականությանը իրաքյան կողմի ցուցաբերած կոշտ հակազդեցությունը, ինչպես նաեւ այն առանցքը, որը իրաքյան պետությունը տարածաշրջանում ձեւավորել է Իրանի ու Սիրիայի մասնակցությամբ:

Շնորհիվ այս առանցքի, ոչ միայն կատարյալ ձախողման է մատնվում «առկա խնդիրները հարեւան բոլոր երկրների հետ զրոյականացնելու» Անկարայի քաղաքականությունը, այլեւ տարածաշրջանային գերտերության հույսեր փայփայող Թուրքիան տարածաշրջանում հետզհետե մեկուսանում է: Ընդ որում Թուրքիայի մեկուսացումը վերաբերում է քաղաքականության, տնտեսության եւ հաղորդակցության ոլորտներին:

Սիրիան իր օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար փակեց հոկտեմբերի 10-ին, երբ Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ինքնաթիռը հարկադրվեց վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում: Սակայն Սիրիա թռչող ինքնաթիռները վերահսկելու թուրքական նկրտումների դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին դեռեւս 2011-ի դեկտեմբերի 8-ինՙ հենց Դամասկոսումՙ նախաձեռնությամբ Մանսուր Ազզամի, որը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հարցերով պատասխանատու պետնախարարն է:

Նախարար Ազզամը, թուրքական «Դիփնոտ-TV»-ի փետրվարի 13-ի վկայությամբ, Դամասկոսում սիրիական կողմին առաջարկել էր բեռնափոխադրումների համար Թուրքիայի տարածքը շրջանցող օդային նոր միջանցք բացել Իրաքով: Առաջարկը սիրահոժար ընդունել է նաեւ Բաղդադը: Հաշվի առնելով թուրքական քաղաքականության նույնքան չարանենգ բնույթը Իրաքի ու Իրանի դեմ, որքան Սիրիայի, կարելի է ենթադրել, որ իր անմիջական հարեւանները հանդիսացող սահմանակից այս երկրներից Թուրքիայի մեկուսացվածությունը կլինի երկարատեւ եւ չի հաղթահարվի կարճաժամկետ հեռանկարում:

Քանի որ Թուրքիան ամեն գնով ձգտում է մեկուսացնել Հայաստանին, ուստի այս հանգամանքը մեր հանրապետությանը կանգնեցնում է հակակշռելու հրամայականի առջեւ: Դրա թերեւս ամենաարդյունավետ միջոցը Իրանի ու Սիրիայի աջակցությամբ տարածաշրջանում թուրքական պետությանը մեկուսացնող Իրաքի հետ համագործակցությունն է: Հետեւաբար հայկական իշխանությունները պետք է ձգտեն այդ համագործակցության զարգացմանը:

Դա, ինչ խոսք, չի ստիպի Թուրքիային վերանայել Հայաստանի նկատմամբ որդեգրած ակնհայտ թշնամական քաղաքականությունը, սակայն համագործակցությամբ կամրապնդվի Իրան-Իրաք-Սիրիա առանցքը, կընդլայնվի առանցքի երկրների թուրքական չարանենգ քաղաքականությունը հակակշռելու հնարավորությունը, դրանով Հայաստանը թեկուզ անուղղակի կխթանի թուրքական պետության մեկուսացվածությունը, միաժամանակ տարածաշրջանում Իրանի ու Սիրիայի կողքին ձեռք կբերի եւս մեկ բարեկամ:

Իրաքի հետ համագործակցությունը Հայաստանին անհրաժեշտ է եթե ոչ Թուրքիայի չարանենգ նկրտումները չեզոքացնելու, ապա գոնե նկրտումների ազդեցությունը թուլացնելու համար: Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց նոր համագործակցությամբ Հայաստանի առջեւ կբացվեն այլընտրանքային բարեկամներ ձեռք բերելու հեռանկարներ, որոնք նույնպես անհրաժեշտ են: Այդ դեպքում արդեն մեր ավանդական բարեկամները կսկսեն լիարժեք ըմբռնել այն դրական դերը, որը Հարավային Կովկասում իրենցՙ հատկապես Իրանի համար անվերապահորեն խաղում է հայկական գործոնը:

Հակոբ Չաքրյան

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930