Եթե ցանկանում եք Ձեր հաջորդ արձակուրդից վերադառնալ հոլիվուդյան աստղերի, հայտնի մարդկանց հետ լուսանկարված, ապա կարող եք ընտրել աստղաշատ հյուրանոցներ և վայրեր:
Օրինակ` Հոնգ Կոնգի Landmark Mandarin Oriental-ն այն հյուրանոցներից է, որտեղ նախընտրում են իջևանել այնպիսի աստղեր, ինչպիսիք են դիզայներ Ստելլա Մակքարթնին և Ջորջիո Արմանին: Նրանք հիմնականում ընտրում են ընդարձակ սենյակներ` 3 հարթ էկրան հեռուստացույցներով, արդիական հյուրանոցային ծառայություններով և ամենակարևորը` ժամանակակից գույքով:
Հայտնի դերասանուհի Էն Հեթվեյը նույնպես հաճախ է լինում շքեղ հյուրանոցներում: Լոս Անջելեսում նա իր ընտրությունը կանգնեցնում է Four Seasons հյուրանոցի վրա, որտեղ հիմնականում ընտրում է միևնույն սենյակը և նախապես պատվիրել է տալիս յուրահատուկ հյուրանոցային ծառայություններ, ծածկոցներ, ծաղիկներ և այլն:
Հոլիվուդի ամենագեղեցիկ կինոդերասանուհիներից մեկը` Անջելինա Ջոլին, հաճախ այցելում է Իսպանայի Էլսիեգո քաղաքի Marques De Riscal հյուրանոցը: Հավանաբար, գեղեցկուհի Անջելինային հրապուրում է սենյակների յուրօրինակ դիզայնը և ճարտարապետական գիծը (կատարվել է հայտնի դիզայներ և ճարտարապետ Ֆրենկ Օ. Հենրիի կողմից): Իսկ Լոնդոն այցելելու դեպքում նախընտրում է ռիթմիկ և նորաձև London Hilton on Park Lane հյուրանոցը: Հյուրանոցը նաև շատ հայտնի է իր 28-րդ հարկում գտնվող Galvin at Windows ռեստորանով և այնտեղից բացվող տեսարաններով:
Իսկ ահա դերասան Էշթոն Քաթչերը նախընտրում է Լաս Վեգաս այցելելիս ժամանցը անցկացնել Palms Casino Hotel-ում, որի հաճախակի այցելուների թվում է նաև Փերիս Հիլթոնը:
Նյու Յորքի նորաձև և արդիական Soho Grand Hotel-ի հայտնի հյուրերից են Քևին Սփեյսին և Նաոմի Քեմփբելը: Sօհօ Grand հյուրանոցը գտնվում է Մանհեթենի սրտում` գրեթե բոլոր խոշոր տեսարժան վայրերի` Times Square, Ground Zero, Empire State Building և Central Park-ից մոտ հեռավորության վրա: Սակայն հոլիվուդյան աստղերն այցելում են այստեղ` ճաշակելու հյուրանոցի հայտնի ռեստորանի ուտեստները, վայելելու ընդհանուր ժամանակակից շունչն ու ներքին հարդարման պայմանները:
Սովորաբար, նման հայտնիների հայտնությունը հյուրանոցներում կշռարար ներդրում է ունենում հյուրանոցի բրենդի առաջխաղացման և տարածման հարցում: