Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը՝ գիտնականներին տված խոստումների մասին. «Չգիտեմ ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»

Նոյեմբեր 09,2012 21:33

Թե ինչու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը տեր չի կանգնում գիտաշխատողներին տված իր խոստումներին՝ Aravot.am-ի հետ զրույցում նա հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, թե իր իրավունքն է՝ կուզի կպատասխանի, չի ուզի՝ չի պատասխանի. «Չգիտեմ ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»,- ասաց պատգամավորը: Մենք հստակեցրինք, որ խոսքը գիտաշխատողներին տված խոստումների մասին է, որ նա խոստացել է մի շարք խնդիրներով զբաղվել՝ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամների հետ, բայց չի զբաղվել այդ  խնդիրներով: Հարցին՝ «ինչո՞վ է դա պայմանավորված, պարո՛ն Դավթյան»՝ ՀՀԿ պատգամավորը ուղղակի հարցը լսելուց հետո շրջվեց ու հեռացավ ԱԺ միջանցքից: Որքան էլ պատգամավորի ետեւից վազեցինք, խնդրեցինք պատասխան տալ՝ նա արհամարհական վերաբերմունք դրսեւորեց:

Նկատենք, որ Արտակ Դավթյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն է: «Մեդիամաքսի» տեղեկատվությամբ՝ դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին նա հանդիպել է գիտաշխատողների հետ ու խոստացել, որ «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում: Ավելի ուշ պատգամավորը, գիտնականներից հստակեցնելով ոլորտի առկա խնդիրները, 15 կետից բաղկացած ցուցակ է կազմել ու խոստացել լուծում տալ դրանց: Սակայն մինչ օրս այդ խոստումները չեն կատարվել: Իսկ երբ փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, նա, փաստորեն, չպատասխանեց: Գիտնականներին նախընտրական խոստումներ է տվել նաեւ Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակով խորհրդարան է մտել Արտակ Դավթյանը: Օրերս նա կրկին հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ ու քննարկել նրանց խնդիրները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930