Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին

Նոյեմբեր 09,2012 20:17

Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի, Պողոս Պողոսյանի եւ նմանանատիպ դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ էության, նախաձեռնությանը դեմ չէ, բայց ունի մտահոգություններ. «Այս պահին դատարանում քննվում է «Հարսնաքարի» գործը: Արդյոք խորհրդարանում հանձնաժողով ստեղծելը չի՞ համարվի միջամտություն՝ դատական գործընթացներին, ազդեցություն չի ունենա արդարադատության իրականացմանը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Որքան գիտեմ, դուք ԱՄՆ-ում վերապատրաստում եք անցել, եւ քաջ պատկերացում պետք է ունենաք ԱՄՆ սահմանադրական կարգի վերաբերյալ: Ի՞նչ լիազորություններ ունի կոնգրեսը: ՀՀ սահմանադրությամբ, ցավում եմ, որ այդ լիազորությունները մի քիչ հպանցիկ են նշված: Դա որեւիցե կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատավարական գործընթացին: Դատարանները արձակում են վճիռներ, որոնք օրենքի ուժին համապատասխան են»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնպես վստահեցրեց, որ դատական քննություն է ընթանում «Հարսնաքարի» գործով, եւ հանձնաժողով ստեղծելը միջամտություն է: Նա կոչ արեց նման PR ակցիա չանել՝ ասելով, որ առաջիկայում ընտրություններ են եւ քաղաքական ուժերի կողմից մեծ է ոգեւորությունը, որպեսզի քաղաքական տարբեր հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ կազմակերպեն. «Մի փոքր էլ համբերեք եւ կտեսեք, որ ժամանակավոր հանձնաժողովի շքերթը շարունակվելու է»:

Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, սա օրենսդիր մարմին է, եւ այլ գործառույթ վերցնել իրենց վրա սխալ է: Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ կա «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով, որը գործեց այն ժամանակ, երբ դատական նիստ էր ընթանում. «Այդ ժամանակ որեւիցե մեկը չասաց, այդ թվում՝ պարոն Հարությունյանը, որ խորհրդարանը միջամտում է դատական գործընթացին: Ընդհակառակը, նրանք ողջունում էին եւ ՀՀԿ ներկայացուցչները ընդգրկված էին այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ»:

Հովհաննես Սահակյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք այս շահարկումները դուր կգա՞ն տուժածների ընտանիքներին, նրանց հարցրե՞լ են: Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ այս գործերը մասնավոր մեղադրանքի գործեր չեն, հանրային գործեր են եւ կարիք չկա հարազատներից կամ տուժողներից կարծիք հարցնել:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ՀԱԿ-ը կողմնակից է եղել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, նաեւ հրավիրել են արտահերթ նիստ. «Այն ժամանակ դեպքը կապվում էր կոնկրետ պատգամավորի անվան հետ, որի համար այդ հանձնաժողովի գաղափարն ակտուալ էր: Հիմա ինչ-որ բաներ փոխվել են: Արդյոք այս նախագիծը քննարկե՞լ եք ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ: Դուք հիմա սա բերել եք ձեր անունից, այնինչ դա 4 քաղաքական ուժի նախաձեռնությունն էր: Ազիզ ջան, բան չեմ ասում, մի նեղացի, ես կողմ եմ քվեարկելու»: Տիկին Փոստանջյանը վստահեցրեց, որ նշված քաղաքական ուժերի հետ քննարկումներ եղել են: Նա հրավիրեց բոլորին դառնալու օրինագծի համահեղինակ:

Այնուամենայնիվ, օրինագծին հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930