Այսօր Կապանում կազմակերպված «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Սյունիքի մարզում» խորագրով հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ Քաջարանի գյուղապետն անդրադարձել է վերջին ժամանակաշրջանում մեծ հնչեղություն ստացած Քաջարան գյուղի խնդրին: Գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մեկ անգամ եւս դատապարտեց եւ «չարաբաստիկ» անվանեց կառավարության ընդունած 627-Ն որոշումը, որի համաձայն, գյուղի սեփականություն հանդիսացող 181.7 հա հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել եւ հատկացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
«Չնայած, որ կոմբինատը 200-300 տարվա պաշար ունի, բայց անփույթ օգտագործելու եւ չչարչարվելու նպատակով ուզում են, որ Քաջարան գյուղը վերացնեն: Ես, որպես գյուղապետ, բոլորին ասել եմ եւ էսօր էլի ասում եմ, որ քաջարանցիները ոչ մի տեղ չեն գնալու, իրենց ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեն: Մենք ունենք 134 ընտանիք, 260 բնակիչ, չհաշված, որ 1000 ընտանիք էլ պահում է գյուղը, ամենքը 4 երեխա ունի: Մենք ոչ մի տեղ չունենք գնալու, ծնվել ենք գյուղում, ապրել ու ապրում ենք էնտեղ, իսկ իրենք ուզում են տեղահանեն հա՞, բոլորը, որ թողնեն գյուղերից գնան, ո՞վ է մեր երկիրը պահելու», – ասաց Քաջարանի գյուղապետը:
Հանդիպման ժամանակ ներկաներից մեկը Ռաֆիկ Աթայանին հարցրեց, թե ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ գյուղապետը ներողություն է խնդրել կոմբինատի ղեկավարությունից, ինչպես լրատվամիջոցներն էին հրապարակել, պարոն Աթայանը նշեց, որ նման բան չի եղել եւ իրականությանը չի համապատասխանում այն: «Նման բան չկա, դա աբսուրդ ա, կյանքում չհավատաք, ինչի՞ համար ներողություն խնդրեմ, հլա ասեք, բերեք մոտս տեսնեմ էդ ո՞վ ա տենց սուտ-մուտ բաներ ասում, ինչի՞ համար ներողություն խնդրեմ, տենց բան չկա: Գան ինձ տնից հանեն, մորս գերեզմանը քանդեն, ներողություն խնդրեմ հա՞, իրանք պիտի ներողություն խնդրեն, որ սխալ բաներ են անում: Անօրինականություն է Հայաստանում, Սյունիքի մարզում», – ասաց պարոն Աթայանը:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած այսօրվա միջոցառման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ Կապանի տարածաշրջանում առկա մի շարք բնապահպանական կարեւորագույն խնդիրների մասին, որոնք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում իրենց մեջ եւ բացասաբար անդրադառնում բնակչության առողջության վրա:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում վերհանված մտահոգիչ մյուս խնդիրներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ