Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժեցին կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունները

Նոյեմբեր 09,2012 19:30

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարեւոր է համարում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Ըստ հեղինակի՝ Հայաստանում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հատվածի աղքատության հաղթահարման համար: 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար այս օրենքի պահանջների կատարման համար:

Օրինագծերի այս փաթեթի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունից: Հատկապես վիճահարույց է այն, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունը: Նախագծերի փաթեթը չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » օրենքի նախագիծը:

Առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն, ըստ հեղինակների, կապահովի նաեւ ստվերային տնտեսության կրճատում:

Կառավարությունը այս նախագծին նույնպես բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ տնտեսական հետեւանքների եւ փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորումներ չկան: Մյուս կողմից առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930