Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին. «ԲՀԿ-ի հետ համագործակցությունը նշանակում է կոռումպացված կառույցի հետ քայլել»

Նոյեմբեր 09,2012 18:19

Երեկ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կուսակցությունը ներկայացնում էր ՀՀ-ի հետագա զարգացման որոշ հիմնադրույթներ, նաև՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Քանի որ օրեր առաջ տարածած հայտարարությամբ ԲՀԿ-ն ևս բարձրաձայնեց այս համակարգին անցնելու մասին, Aravot.am-ը փորձեց ճշտել, արդյոք նշված հանգամանքը կարո՞ղ է դառնալ ՀՅԴ-ԲՀԿ համագործակցության պլատֆորմ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Նախագահական, թե խորհրդարանական պետություն, գլխավորը դա չէ: Իշխանությունների տարբերությունների միջև եղած տարանջատումն ու հավասարակշռումն է խնդիրը: Անշուշտ Հանրապետականի մոտ կարող է խուճապ առաջանալ, քանի որ, ճիշտ է, Հանրապետականը հայտարարում է, թե հայ ազգն իր համար խելագարվում է, բայց իրականում գիտենք, որ իրենց համար ոչ մեկն էլ չի խելագարվում, ինչը վերջին ընտրությունները ցույց տվեցին: Դաշնակցության կառույցը կազմակերպվել է Օսմանյան հեղափոխությունից սկսած: Եվ, եթե կառույցը կպավ գործի, վատ վիճակ կառաջանա, ավելին, եթե միացավ ԲՀԿ-ին, որը օլիգարխիկ զանգված է, լիդերի նկատմամբ համակրանք կա….ապա սրանք պակաս հարուստներ չեն, նրանք էլ պակաս նյուխով մարդիկ չեն: Հանրապետականը գիտի, որ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց առավելություններով միացան, Շիրակի օրինակը աչքի առաջ է, կտապալի նաև այդ խմբակցութունը, կամ քաղաքական կազմակերպությունը: ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միավորումը կբևեռացնի նաև հասարակությունը, կծնվեն լիդերներ, մեր աչքի առաջ է Իվանիշվիլին»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ՀՀԿ-ի խուճապի առիթ չի տեսնում ու մանրամասնում է. «Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն խուճապի առիթ ունի՝ հաշվի առնելով իր ֆինանսական, ադմինիստրատիվ և այլ ռեսուրսները: Առավել ևս, այս պահին ինչ-որ համակարգային պայքարի մասին չէ խոսքը: Ինչ ՀՅԴ-ն ընդդիմություն է, բազում անգամներ այդ մասին բարձրաձայնել է: Այնպես որ, սա կոնյուկտուրային, պահի տակ եղած առաջարկ չէ և համենայն դեպս երկու տարի առաջ էլ , միասին, ՀՅԴ-ի հետ ընտրական օրենսգրքում ամբողջական փոփոխությունների մասին առաջարկեցինք: Չեմ կարող ասել՝ ինչպիսի համագործակցություն կարող է լինել ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև, քանի որ ՀՅԴ-ի հայտարարության մեջ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խնդիրներ կան: Չգիտեմ՝ դրանք ԲՀԿ-ի կողմից որքանով կընդունվեն»:

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ ՀՅԴ հայտարարությունը դրական համարելով՝ նշեց. «Դրանք մոտեցումներ ու առաջարկներ են: Սակայն նախ պետք է համակարգը մաքրել, կրիմինալը տարածված է պետական համակարգում, սրա մասին պետք է հոգ տանել: Այսօրվա մասին փաստաթղթում խոսք չկա, դա ներկայացված է որպես ապագայի խնդիր : Այնինչ դրա մասին այսօր պետք է հոգ տարվի: Պետք է դրվի համակարգային փոփոխությունների, ծանր հանցագործությունների պատասխանատվության հարցը՝ նկատի ունեմ հոկտեմբերի 27, 2004-ի ապրիլի 13, պոպլավոկ, մարտի 1, թալանվածի ետ վերադարձի հարցը, որի մեխանիզմները չկան փաստաթղթում: ԲՀԿ-ն այս ռեժիմի մաս է եղել, կերակրել և կերակրվել է այս թալանի մասից, ուստի նրա հետ համագործակցությունը նշանակում է մի կոռումպացված կառույցի հետ քայլել, իսկ Դաշնակցությունը, բոլոր իր թերություններով հանդերձ, այդպիսին չի եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930