24-ամյա Արմինեն չհասկացավ՝ սիրահարվե՞ց, թե՝ ոչ: Բայց հիասթափությունը միանգամից եղավ, արագ եւ ոչնչացրեց նախկինում եղած հիացմունքը, հպարտությունը, գուցե նաեւ սիրահարվածությունը:
Արամի հետ Արմինեն ծանոթացավ համացանցով. տղան զարմացել էր՝ սոցիալական ցանցում աղջկա նշած սիրելի գրքերի ցանկից, Արմինեին միանգամից հարց էր տվել. «Մի՞թե աղջիկները սիրում են փիլիսոփայական գրքեր կարդալ»: Այդպես սկսվել էր զրույցը, որը տեւել էր ժամեր: «Շատ տպավորվեցի, խելացի տղա էր, զարգացած, ամեն ինչից տեղյակ էր, հետաքրքիր զրուցակից: Ամբողջ գիշեր մտածեցի մեր խոսակցության մասին, հիացել էի»,- պատմում է Արմինեն: Ասում է՝ հաջորդ օրը նույն ժամին սրտատրոփ սպասում էր իր նոր հայնաբերած ընկերոջ «այցին»: «Ի ուրախություն ինձ՝ արագ ինձ գրեց, ես էլ մեծ ուրախությամբ պատասխանեցի, զրույցը նորից էր ծավալվել, այն առավել հետաքրքիր էր, քան նախորդ օրվանը. թեման գրքերը, ֆիլմերն էին, պարզվեց, մենք նույն ճաշակներն ունենք… ես նորից տպավորվեցի»,- ասում է Արմինեն: Նշում է այն առավելությունները, որոնք շատ էր կարեւորում նա. Արամը կիթար էր կարողանում նվագել եւ հիանալի գրում էր բանաստեղծություններ: «Մի անգամ քննարկում էինք աղջիկ-տղա հարաբերությունները, ես ասացի, որ տղաները չեն ցանկանա, որ իրենց ընտրյալը իրենցից խելացի լինի, դրանից նրանք շատ կնեղվեն, հետո խոսք գնաց խելացի եւ ինքնավստահ աղջիկներից,Արամը պնդեց, որ նրանք էլ չեն ցանկանա, որ նրանց կողքինը իրենցից խելացի լինի: Ինձ հարցրեց. «Իսկ դու՞ ինչպես կուզեիր», պատասխանեցի՝ նա միանշանակ պետք է ինձանից շատ խելացի լինի, ասաց՝ լավ բան ես որոշել»,- ժպտում է Արմինեն: Գուցե ամսից ավել, Արմինեն հստակ չի հիշում, նա եւ Արամն ամեն օր անընդհատ համացանցով զրուցում էին, թեմաները չէին կրկնվում եւ երբեք ձանձրալի չէին. «Ասում են՝ համացանցի շփումը իրական չէ, ես դրան մինչեւ հիմա էլ չեմ հավատում, ես անկեղծ եմ, դիմացինս էլ երկար չի կարող կեղծ մնալ: Այդ պատճառով չէի էլ կասկածում նրա անկեղծության վրա. ինքս ինձ համար առանձնացրել էի նրա կարեւորագույն գծերը. համեստ է, անկեղծ, նաեւ նկատել էի որոշակի բարդույթներ ունի մարդկանց ընկալման հարցում. բայց նրա կերպարն ինձ միանշանակ դուր էր եկել»,- պատմում է Արմինեն: Ասում է՝ ամենօրյա զրույցներին հաջորդում էր մտքում դրանց վերլուծությունը, ամեն անգամ համոզվում էր, որ այդ անծանոթ նոր հայտնված մարդը կարեւոր նշանակություն է ստանում իր համար: Նույնիսկ մի օր աշխատանքից տուն գնալիս նրան թվացել էր՝ տեսել է Արամին. «Ես ինձ մտքում կարգի բերեցի, զայրացա, թե հիմա էլ պիտի աչքիս մարդիկ երեւան»,- ժպտում է Արմինեն:
Սիրահարվելու, սիրո մասին նա եւ Արամը շատ են խոսել, երկուսի մոտեցումներն էլ աղջիկ-տղա հարաբերություններում նույնն էին՝ պահպանողական: «Արամին ես անընդհատ իր առավելություններն էի ասում, գովում էի, նա էլ ինձ, դրանք լրիվ անկեղծ էին, մինչեւ հիմա չեմ կասկածում»,- ասում է Արմինեն:
Մի օր աշխատավայրում սոցիալական ցանցով նամակ է ստանում Արամից. «Արմինե՞, երեկ պատահաբար ժամը 6-ին չե՞ս անցել Աբովյան փողոցով: Միանգամից հիշեցի, այդ դու՞ էիր՝ հարցրի ես: Նա էլ հաստատեց: Ի՞նչ պարզվեց. մենք հարեւանությամբ էինք աշխատում: Երբ իմ աշխատանքային ժամն ավարտվում էր, նրանն էր սկսվում»,- ասում է Արմինեն: Նրա համար ամենացանկալին կլիներ հաջորդ օրը աշխատանքի գնալը էր, իսկ տան ճանապարհին Արամին հանդիպելը, բայց հաջորդ օրը հանգստյան էր եւ Արմինեն հաջորդ օրվանից մեկ ամիս տեւողությամբ իր արձակուրդը պիտի վայելեր: «Ես ասացի, որ էլ «պատահական» հանդիպում չի լինի, արձակուրդի մեջ եմ: Մենք շարունակեցինք մեր խոսակցությունը, անկաշկանդ էի իր հետ, ոնց որ հազար տարվա ծանոթս լիներ»,- անկեղծանում է Արմինեն: Ասում է՝ մի պահ եկավ, որ նամակները եւ շփումները քչացան: Չի հիշում՝ ե՞րբ, ինչպե՞ս, ինչու՞ մի օր էլ նամակագրական կապը սոցիալական ցանցում նրա եւ Արամի միջեւ դադարեց. «Մի քիչ տխրեցի, մի ժամ կար, որ սպասում էի իրեն՝ ուղղակի խոսալու, անցած օրը քննարկելու համար»,- ասում է Արմինեն: Բայց աստիճանաբար սովորում է նաեւ նամակների բացակայությանը:
Կարդացեք նաև
«Արձակուրդս մի քանի շաբաթ էր, ինչ վերջացել էր, ինձ համար աշխատավայրիս պատուհանից նայում էի՝ փողոցում լուսացույցի մոտ կանգնած մի տղայի տեսա, անընդհատ հետուառաջ էր քայլում, ուշադրությունս գրավեց, նայեցի՝ փորձեցի համոզվել՝ իսկապե՞ս Արամն էր, բայց նորից ինքս ինձ հույսեր տալու մեջ մեղադրելով, մտա աշխատասենյակ, մի փոքր էլ մնալով՝ դուրս եկա: Փողոցն անցնելիս, դիմացի մայթին նկատեցի լուսացույցի մոտ կանգնած տղային՝ մի աղջկա հետ կանգնած, զրուցում էին վաղուց չհանդիպած ընկերների պես: Ավելի մոտենալով նրանց՝ ճանաչեցի՝ Արամն էր»,- պատմում է Արմինեն: Անցնում է կանգնածների կողքով՝ առանց նրանց կողմ նայելու: «Մտքումս ասացի, եթե ինքն ինձ հետ հադիպում է փնտրում, ուրեմն վաղն էլ կլինի այստեղ»,- ասում է Արմինեն: Հաջորդ օրը կարեւոր հանդիպման էր, դուրս է գալիս աշխատավայրից, ճանապարհի այն կողմում նկատում է Արամին, երբ մոտենում են, նայում է, ժպտում, բարեւում. «Փաստորեն ճանաչեցիր»,- իբրեւ թե հանկարծակիի եկած ասաց ինձ: Ես ժպտացի, որքան հնարավոր էր բարեհամբույր որպիսությունը հարցրի: Մի խնդիր կա. երկար ժամանակ մարդու հետ վիրտուալ շփումը իրական կյանքում մի քիչ կաշկանդում է, զգացի, որ երկար չեմ էլ կարողանում խոսել, ասացի շտապում եմ, եւ հաջողություն ասացինք իրար»,- պատմում է Արմինեն: Ասում է՝ այդ օրից իրեն թվացել էր, թե ինչ-որ բան փոխվելու է, բայց երկրորդ պատահական հանդիպումը նորից նույն բովանդակությունն էր ունեցել: «Զգում էի, որ ինքը ինչ-որ բան է ուզում ասել, բնական է՝ չէի մտածում, որ նա ինձ է սիրահարվել , բայց մի բան կար… վճռականություն չուներ, միգուցե սխալվում եմ… ես ամեն դեպքում անվճռական մարդկանց չեմ սիրում »,- ասում է Արմինեն: Հիշում է վերջին մի քանի օր առաջվա հանդիպումը՝ միայն սառը «բարեւ»-ը: «Հիմա աշխատում եմ այնպիսի ժամերի աշխատանքից դուրս գալ, որ նրան թեկուզ պատահական չհանդիպեմ: Հիասթափվեցի, իսկ ամենաշատը դա չէի ուզում… Մի պահ տանջվում էի. սովորական շփումը պիտի շարունակվեր, մտածում էի, մեղադրում նրան՝ ամեն ինչ փշրելու համար, ախր երկուսիս էլ հաճելի էր, չնայած ի՞նչ իմանաս… Հիմա այդ մարդու նկատմամբ ոչինչ չեմ զգում»: