Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը նախաձեռնել էր «Բանակը մենք ենք» ծրագիրը: Առաջին փուլն արդեն ավարտվել է: Դրա ընթացքում ԵՊՀ-ականները այցելել են շուրջ 20 զորամաս, ներկայացել համերգային ծրագրով, կարդացել դասախոսություններ:
Այսօր մեկնարկեց երկրորդ փուլը, որի շրջանակներում ուսանողները գնացին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուս: Այնտեղ տղաներն ու աղջիկները մոտիկից ծանոթացան զենքի հետ, եւ կրակեցին կրակադաշտում:
Ըստ կազմակերպիչների, այսօր ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ամեն պահի հնարավոր է պատերազմ հարեւան պետությունների հետ, հետեւաբար պետք է զենքից օգտվելու ճիշտ ձեւն իմանալ:
ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը «Առավոտ»-ին ասաց, որ ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում բանակի դերի բարձրացումն է, մյուս կողմից՝ այն զինվորները, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն, նրանց խրախուսումն է:
Կարծում է, որ բանակի նկատմամբ երիտասարդների վախը գալիս է համապատասխան տեղեկություն չունենալուց: Ըստ Մելքոնյանի, նման միջոցառումներ պետք է հաճախակի կազմակերպվեն, որպեսզի նրանք շփվեն բանակի առօրյայի հետ:
Կարդացեք նաև
«Ես գտնում եմ, որ բանակի մեջ որեւէ սարսափելի բան չկա, եւ ինչպես իրենց եղբայրներն ու հայրերն են ծառայել, այնպես էլ իրենք պետք է ծառայեն»,- ասաց Մելքոնյանը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ