Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՆԴԱԼ ԵՎ ՆԱՊՈԼԵՈՆ

Նոյեմբեր 09,2012 17:34

 

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասներորդ

ՍՏԵՆԴԱԼ ԵՎ ՆԱՊՈԼԵՈՆ

Եվ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մենք մի հատ հոգեբույժ հարեւան ունենք, լրիվ  գիժ ա», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ձեր այդ հարեւանին ուսումնասիրելիս արդյո՞ք սթափ վիճակում եք գտնվել», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն», եւ Ներսիսյանը հիացած նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «դա ինքնին հրաշալի նորություն է», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա նորություն», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ձեր՝ սթափ վիճակում գտնվելը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ սթափ վիճակում ձե՛ր գտնվելը», եւ Ֆերեշեթը նեղսրտած ասաց՝ «ես միշտ էլ  սթափ վիճակում եմ» եւ մի քիչ մտածեց ու փնթփնթալով ավելացրեց՝ «ես հիմնականում սթափ վիճակում եմ գտնվում», եւ Ներսիսյանը տհաճությամբ  նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «նույնիսկ այս բնակարանի սեփականաշնորհման թերթոնն ստանալիս եք անսթափ վիճակում գտնվել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու անսպասելի ճչաց՝ «սո՛ւտ ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց մեղմ ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «մոռանում եք, որ ես վկաներ ունեմ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «լավ էլ վկաներ ես գտել», եւ Ներսիսյանը չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «մոռանում եք, որ այդ մարդիկ իմ վաղեմի բարեկամներն են»,  եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «վաղեմի բարեկամներդ են, բայց ստեր են փչում», եւ  Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես այդ մարդկանց չհավատալու որեւէ հիմք չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այդ մարդկանց հետ տարիներ շարունակ միեւնույն հիմնարկում եմ աշխատել», եւ Ֆերեշեթը խորամանկ ժպտալով ու փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «խորհրդայնացված համալսարանո՞ւմ», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին ու ոչինչ չասաց, եւ Ֆերեշեթը Ներսիսյանին ասաց՝ «վաղեմի բարեկամներդ են, բայց նախանձից պայթում են», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «ո՞ւմ են նախանձում», եւ Ֆերեշեթը նեղսրտած պատասխանեց ու ասաց՝ «ինձ», եւ Ներսիսյանն ապշահար նայեց Ֆերեշեթին   ու փռթկացնելով հարցրեց՝ «ձեր ինչի՞ն են նախանձում, թշվառական», եւ Ֆերեշեթն ինքնագոհ  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «նախանձում են, որ ինձ ավելի ես հարգում, քան՝ իրանց», եւ մինչ Ներսիսյանն ապշահար  կնայեր Ֆերեշեթին,  վերջինս ժպտալով ավելացրեց՝ «դրանց մասին ուրիշ բաներ էլ կարամ ասեմ, բայց չեմ ուզում բերանս բացեմ, Էֆենդի», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ոչինչ չասաց, եւ Վահանը ժպտալով  ինձ ասաց՝ «մենակ Վարդանն ա պարոն Ներսիսյանին Էֆենդի ասում», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինքը մենակ ինձ ա էդ իրավունքը տվել», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «որովհետեւ միայն այս թշվառականն է տեղյակ, որ այդ բառը ոչ թե թուրքերեն է, այլ՝ հունարեն», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով Վահանին ասաց՝ «հունարեն էֆենտուս բառն ա. նշանակում ա՝ պարոն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, նայեց Ֆերեշեթին ու ժպտալով  ասաց՝ «այս երիտասարդն  իր ողջ ավյունն ու եռանդը գրքերին ու խմիչքին է նվիրաբերել», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «կարող ա՞ քեզնից շատ եմ կարդացել, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ինձնից շատ խմած էլ չեք լինի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Ներսիսյանին ասաց՝ «խմելու հարցում կարամ հետդ մրցեմ, բայց կարդացածության հարցում հետդ չեմ կարա համեմատվեմ», եւ Վահանը ժպտալով ինձ ասաց՝ «մենակ Ֆերեշեթն ա պարոն Ներսիսյանի հետ դու-ով խոսում», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինքը մենակ  ինձ ա էդ իրավունքը տվել», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «միգուցե պապանձվեիք, երիտասարդ» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «ջանացե՛ք. միգուցե ստացվի», եւ Վահանը ժպտալով ինձ ասաց՝ «պարոն Ներսիսյանը Ֆերեշեթի  հետ միշտ դուք-ով ա խոսում», եւ մինչ Ներսիսյանը ժպտալով կմտածեր, Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էդ էլ ա հարգանքի նշան», եւ Ներսիսյանը նախ Ֆերեշեթին նայեց, հետո ժպտալով Վահանին ասաց՝ «սույն հազվագյուտ բրածոն իրոք հարգանքի արժանի անձնավորություն է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նա միաժամանակ եւ զուգահեռաբար կարող է երկու գործ կատարել», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ի՞նչ երկու գործ», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու աչքերը ճպճպացնելով ասաց՝ «դուք փառահեղորեն համատեղում եք ընթերցանությունն ու ալկոհոլիզմը», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «դու ինձնից հազար անգամ շատ ես կարդացել, Էֆենդի»,  եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «շնորհակալություն չափազանցության համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր խոնարհ ծառան միգուցե շատ չի կարդացել, բայց, ի տարբերություն ոմանց, կարդացածն ընկալել ու հասկացել է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ ընթերցանության  ընթացքում  ալկոհոլ չեմ օգտագործել», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ընթերցանության ընթացքում ո՞վ ա խմիչք օգտագործում», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ինձ այդ հարցը տվող անձնավորությունը» եւ մի քիչ մտածեց ու խիստ տոնով ավելացրեց՝ «մի անգամ լկտիաբար խոստովանեցիք, որ Ստենդալի «Նապոլեոնի» ընթերցանության ողջ ընթացքում  «Նապոլեոն» կոնյակ եք ըմբոշխնել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ընդամենը էդ մի դեպքն ա էղել», եւ Ներսիսյանն ինձ ու Վահանին նայելով ասաց՝ «պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի՜ լկտիություն», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «էդ արդեն լրիվ ֆիքստուլություն ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ես էլ  այդ երեւույթը սովորական պիժոնություն կհամարեի, եթե ալկոհոլիզմի նախանշաններն այդաստիճան ակնառու չլինեին», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ալկոհոլիզմի նախանշաններ»,  եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «միայնակ ու մեկուսի խմելն արդեն իսկ ալկոհոլիզմի ակնհայտ նախանշան է, տիար ինտելեկտուալ», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «բայց Վարդանը մենակ չի էղել. Նապոլեոնն ու Ստենդալը հետն են էղել», եւ Ֆերեշեթը թարս նայեց Վահանին ու ասաց՝ «քո արեւին հանաք ե՞ս անում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «կրտսեր Իշխանյանը փորձում է ձեզ արդարացնել, սակայն ձեր այդ արարքը չի կարող որեւէ արդարացում ունենալ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ընդամենն էդ մի դեպքն ա էղել, Էֆենդի» եւ մի քիչ էլ մտածեց ու փնթփնթալով ավելացրեց՝ «էդ միակ դեպքն ա էղել», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ իմաստով է միակը», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «խմելու իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ կարդալու իմաստով», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ժպտալով հարցրեց՝ «իսկ ավելի ստո՞ւյգ», եւ Ֆերեշեթը մի քիչ էլ մտածեց ու քթի տակ խնդմնդալով ասաց՝ «խմելով կարդալու իմաստով», եւ  Ներսիսյանը նայեց մեզ ու քահ-քահ ծիծաղելով  ասաց՝ «հիմա հասկացա՞ք՝ ում հետ գործ ունեք, պարոնայք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմա պատկերացրի՞ք՝ ում հետ եմ այս վերջին տարիներին շփվում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «երեւի արդեն պատկերացրիք այս վերջին տարիների իմ վիճակը», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «եթե մարդը կարողանում ա խմելով կարդալ, ուրեմն՝ դրա իրավունքն ունի», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին հարցրեց՝ «խմելով կարդա՞լ, թե՞, ընդհակառակը, կարդալով խմել», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «շատ բարդ հարց տվիք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ հարցին մենակ Վարդանը կարա պատասխանի», եւ Ֆերեշեթը թարս նայեց Վահանին ու ասաց՝ «կրակի վրա յուղ ե՞ս լցնում», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու փռթկացնելով ասաց՝ «պապանձվե՛ք, հրձի՛գ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ձեր առաջացրած հրդեհներն ավելի վտանգավոր են, քան՝ Ավստրալիայի անտառներում պարբերաբար բռնկվող ամառային հրդեհները» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «այնտեղ գոնե կրակմարիչ ուղղաթիռները փորձում են տարածվող կրակի դեմն առնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մինչդեռ ձեր  առաջացրած հրդեհները որեւէ կրակմարիչ ուղղաթիռ ի վիճակի չի հայտնաբերել», եւ Ֆերեշեթը հիացմունքով նայեց Ներսիսյանին ու ժպտալով ասաց՝ «շատ պատկերավոր երեւակայություն ունես, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու քթի տակ մրմնջաց՝ «պատկերավոր  երեւակայությո՜ւն» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով հարցրեց՝ «պատկերավոր երեւակայություն լինո՞ւմ է», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ Ֆերեշեթն  ա ասում, ուրեմն՝ լինում ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ինքը ամեն ինչ գիտի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «դե իհարկե. եթե մարդը Նապոլեոնի մասին վեպն ու «Նապոլեոն» կոնյակը զուգահեռաբար ու միաժամանակ է ըմբոշխնում, այդ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «ինքը՝ Նապոլեոնն էլ ա միաժամանակ մի քանի գործ արել», եւ Ներսիսյանը  փռթկացնելով ասաց՝ «փաստորեն,  մեր Ֆերեշեթը Բոնապարտի միանգամայն արժանավոր իրավահաջորդն է», եւ ես ծիծաղելով Ֆերեշեթին հարցրի՝ «կարող ա՞ Չարենցի «Երկիր Նաիրին» էլ «Նաիրի» կոնյակով ես կարդացել», եւ Ներսիսյանը մի քիչ  մտածեց ու փռթկացնելով Ֆերեշեթին հարցրեց՝ «միգուցե Դրայզերի «Ընտիր երկերն»   էլ «Ընտիր» կոնյակո՞վ եք ըմբոշխնել, մեծապատիվ տիար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «Չարենցի այս վերջին՝ հոբելյանական հատորից տեղյա՞կ եք», եւ Ֆերեշեթն ասաց՝ «հա. էդ հոբելյանական հրատարակությունն ունեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «կարամ քեզ նվիրեմ», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «հոգեպես եւ հոգաչափ շնորհակալ եմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «Չարենցի այդ հատորը Հրանտն ինձ մի քանի օր առաջ նվիրել է», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ո՞ր Հրանտը», եւ  Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համենայն դեպս՝ ո՛չ Շահինյան Հրանտը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «լուսահոգին լավագույն դեպքում կարող էր ինձ մարզական որեւէ գույք նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «եթե, իհարկե, ապրեր եւ մեզ հետ համահավասար կրեր այս գերծանր կյանքի ժանտ ու գոռ պարսաքարերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ես ձեզ միանգամայն օգտակար խորհուրդ էի ուզում տալ, բայց, ցավոք սրտի, ինձ ընդհատեցիք», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ օգտակար խորհուրդ», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «խորհուրդ եմ  տալիս Չարենցի այդ հոբելյանական հատորը  «Հոբելյանական» կոնյակով ըմբոշխնել», եւ Վահանը ծիծաղելով  Ներսիսյանին հարցրեց՝ «հատորն ա՞ ըմբոշխնելու, թե՝ կոնյակը», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միաժամանակ, հավասարապես եւ զուգահեռաբար», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին  հարցրեց՝ «կարող ա՞ «Արարատի» խաղերն էլ «Արարատ» կոնյակով ես նայել», եւ Ներսիսյանը փռթկացնելով Վահանին ասաց՝ «արդեն շատ ենք տափականում, պարոնայք» եւ  մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե Ֆերեշեթի խելքին ընկնենք, շատ հեռուն կհասնենք», եւ Ֆերեշեթը  նեղսրտելով  ասաց՝ «ընդամենը մի դեպքի հիման վրա տեսություն եք սարքում», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ տեսություն», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «գրքակոնյակային», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «ես կասեի՝ կոնյակագրքային» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ձեզ մոտ, այնուամենայնիվ, առաջնայինը խմիչքն է, հետո նոր՝ գիրքը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նամանավանդ վերջերս» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «չնայած, ընդհանուր առմամբ, ընթերցասեր երիտասարդ եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե խմելը պակասեցնեք, կարող եք լուրջ հաջողությունների հասնել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ընթերցանության ընթացքում  խմելը  նկատի ունեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930