Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը անավարտ էր մնացել եւ այսօր նրան հարցեր տվեց համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Նա դիմելով Ա. Բայադյանին, ասաց, որ դժվար է մտովի վերապրել կատարվածը, սակայն արդարադատություն իրականացնելու այլ ճանապարհ չկա եւ հորդորեց տուժողին՝ պատասխանել իր հարցերին:
Պաշտպանին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է ճանաչել մյուս տուժողներին: Ա. Բայադյանն ասաց, որ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին ճանաչել է 4 տարի, Գարիկ Սողոմոնյանին՝ 2 տարի եւ որ Վահեի հետ ավելի մոտ է եղել: Սակայն փաստաբանը իր հարցադրումներից շատերը սկսեց կառուցել «եթե» բառի շրջանակներում՝ «եթե այսպես լիներ, դուք նույն ձեւով կընկալեիք», ինչը առիթ դարձավ, որ հարցերի գրեթե կեսը դատավորի կողմից առարկության հանդիպեց եւ, բնականաբար, չտրվեց տուժողին: Հարցերի մի մասն էլ կրկնվում էր, ինչի կապակցությամբ տուժողը որեւէ պատասխան չէր տալիս, ավելին՝ հիշեցնում էր. «Բազմիցս ասել եմ այդ մասին»:
Հարցաքննությունից հետո փորձեց հարցեր տալ նաեւ ամբաստանյալ Դավիթ Ադամյանը: Նրան հետաքրքրում էր, թե իրեն ո՞վ է կանչել սպասարկելու իրենց սեղանը, ինչ նպատակով են նորից կանչել իրեն, եթե արդեն ինքը չէր սպասարկում այդ սեղանը: Սակայն ձեւակերպումների հետ կապված՝ հորդորեցին մատուցողին, որպեսզի հստակեցնի իր հարցադրումները, սակայն նա ոչ միայն չհստակեցրեց, այլ դադարեցրեց հարցեր ուղղել տուժող Ա. Բայադյանին:
Կարդացեք նաև
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հակասություններ տեսավ նախաքննության եւ դատաքննության տված ցուցմունքների միջեւ, ուստի միջնորդեց, որպեսզի դատարանը հրապարակի այդ ցուցմունքները: Մասնավորապես, այդ հակասությունները վերաբերում էին ավտոկայանատեղի դուրս գալու, Վահեին առաջին անգամ կռացած տեսնելու, տուժող Արկադի Աղաջանյանին դուրս ուղեկցելու ցուցմունքների միջեւ: Ամբաստանյալների բոլոր պաշտպանները միացան նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդությանը, չնայած մինչ այդ մեղադրող, այլեւս արդեն Շենգավիթ համայնքի դատախազ Արթուր Դավթյանն առարկեց, ասելով, որ որեւէ էական հակասություններ չկան տուժողի նախաքննության եւ դատաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջեւ:
Դատավորը հրապարակեց ինչպես նախաքննության ժամանակ՝ հունիսի 19-ի, այնպես էլ հունիսի 30-ի լրացուցիչ ցուցմունքները:
Առողջության հետ կապված կարճ դադար խնդրեց տուժող Գարիկ Սողոմոնյանը, դատարանը 5 րոպեանոց ընդմիջում է հայտարարել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ