Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի հոբելյանին:
Համերգի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հոբելյանական ոչ մի թիվ չեն նշելու: Իրենք ցանկանում են, որպեսզի լինի ջերմ երեկո, որտեղ բացի կատարումներից կլինեն ողջույնի խոսքեր:
«Մկրտչյանին շատ ներկայացնել պետք չէ»,- փաստեց Մանուկյանն ու ավելացրեց, որ Ռաիսան իր ազնվությամբ ու պրոֆեսիոնալ կատարումներով ամեն ինչ ասում է: Ըստ նրա, ովքեր լսում են վաստակավոր երգչուհու երգերը, անպայման դեմքներին ժպիտ է առաջանում:
Հոբելյանական համերգի ընթացքում սպասվում է անակնկալ. Մոսկվայից գալու է Ռաիսա Մկրտչյանի դուստրը, եւ մայր ու աղջիկ կփորձեն հանդես գալ կատարումով:
«ՀՀ մշակույթի նախարարությունը ունի ցանկ, որով տարվա մեջ նշում են լավ հոբելյարների ծնունդը: Եղել է արդեն Ռուբեն Հախվերդյանի համերգը, իսկ հիմա էլ պատրաստվում ենք Ռաիսա Մկրտչյանի համերգին»,- ասաց համերգի գեղարվեստական ղեկավարը:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը կարոտում է անցյալ տարիները, քանի որ բուռն ստեղծագործական կյանք է ունեցել: Ասում է` մի շարք կոմպոզիտորների հետ է համագործակցել, որը հարստացրել մեր երգադարանը: Երգչուհին անչափ գոհ է դրանից եւ դրա կարոտն է զգում:
Կարդացեք նաև
Համեմատելով անցյալ եւ ներկա ժամանակահատվածը, նշեց, որ այսօր շատ մեծ պոտենցիալ կա, հրաշալի ձայներ կան, բայց հսկողություն չկա, իսկ երգի մեջ` մեղեդայնություն:
«Ինձ համար ընդունելի չէր այն, ինչ եղավ մեզանից հետո. բոլորը գնացին: Ինչպես կարելի էր մոռանալ անցյալը եւ լրիվ նորը հիմնել: Ինձ առաջարկում էին, որպեսզի մնայի Ռուսաստանում, սակայն ես չհամաձայնվեցի: Երեւի դա իմ խառնվածքից է ու շատ եմ սիրում իմ հայրենիքը: Ուրիշ տեղ ես ինձ օտար մարմին եմ զգում»,- ասաց արտիստուհին:
Ռաիսա Մկրտչյանի մեջ երկար տարիներ պայքար է գնացել` երգչուհի, թե՞ դաշնակահարուհի: Ասում է, որ վերջնական ընտրությունը եղել է ինքնաբերաբար:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ