Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը մեծ շուքով է տոնվում Ռուսաստանում: Տեղի են ունենում համաժողովներ և կլոր սեղաններ, կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ: Նապոլեոնի դեմ պատերազմում ռուսական բանակի երեք ռազմավարների` Կուտուզովի, Բարկլայ դե Տոլլիի և Բագրատիոնի կենսագրականներ են տպագրվել «Մեծ մարդիկ» գրքերի շարքում: Գրում է «Արմենիա Ուիքլի» թերթը ու անդրադառնում Բորոդինոյի պատերազմին մասնակցած հայերին` գեներալ Պոլ Այրապետով և Թեոդոր Ախվերդով («1812թ. պատերազմի նկարագրություն»-ի հեղինակները), կապիտան Դմիտրի Ախշարումով, կնյազ Վասիլի Բեյբութով, գնդապետ Դավիդ Դելիանով, սպա եղբայրներ` Իվան, Դավիդ և Ալեքսանդր Աբամելիք, կապիտան Զոան Ֆիրալով և հայկական կամավորական ջոկատի հրամանատար Նիկիտա Աբրամով:
Թերթը գրում է, որ նշված հերոսների նկարները հիմա հնարավոր է տեսնել Էրմիտաժում` ճակատամարտի ցուցասրահում` 333-անոց նկարների շարքում: Հերոսները նայում են գեղեցկադեմ և խիզախ հայացքներով, «ռազմական քաջությամբ լի», ինչպես նկարագրել է Ալեքսանդր Պուշկինը: Նկարների շարքում է նաև Վալերյան Մադաթովը` հաջողակ ռազմասեր հուսարը, որը ծնվել է Ղարաբաղում, որն արժանանում էր բոլորի համակրանքին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ