«Հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որտեղ առաջին հայ շահողը Շառլ Ազնավուրն է եղել: Այդ հարյուրավոր ձայնագրությունների մեջ մերն էր, որ ընտրվեց, որպես լավագույն ժողովրդական ալբոմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսկենյանը:
Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը՝ «Գյուրջիեւի երաժշտությունը», այս տարվա հոկտեմբերին նոմինացվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում եւ նոյեմբերի 5-ին ճանաչվել՝ անվանակարգի հաղթող երաժշտական նախագիծ:
Հաղթանակած ձայնասկավառակը, «Music of Georges I.Gurdjieff. The Gurdjieff Folk Instruments Ensemble-Levon Eskenian», որ ներկայացնում է հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց գրող Գ.Ի.Գյուրջիեւի երաժշտության ժողովրդական գործիքների համար արված մշակումները, թողարկվել է 2011թ.-ի հուլիսին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից:
Գեղարվեստական ղեկավարի պնդմամբ Գյուրջիեւը Հայաստանում հայտնի չէ, իսկ արտասահմանում չկա մեկը, ով կարդացած չլինի նրա մասին եւ նրա գրքերը.
«Հիմքը արեւելյան երաժշտությունն ու արեւելյան գործիքներն են, որ մանրամասնորեն ներկայացնում են երաժշտության նրբությունները: Յուրաքանչյուր երկրում, որ լինում ենք, անդրադարձ է կատարվում հայրենիքին, այս ծրագրով եւս բացվում է մի ճանապարհ, որով կարելի է պրոպագանդել ու ճանաչելի դարձնել հայրենիքը: Կոմիտաս, աշուղ Ջիվանի, Գյուրջիեւ եւ այլ մեծերին անդրադառնալով, մենք արտասահմանում ճանաչելի ենք դարձնում հայ մշակույթը: Մարդիկ ցանկություն են ունենում այցելել Գյուրջիեւի ծննդավայր»:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, հոլանդիայի Այնդհովեն քաղաքի Ֆիլիպս համերգասրահում : Դա աննախադեպ հաղթանակ է, քանի որ «Edison Award»-ը հանդիսանում է աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը եւ իր հեղինակությամբ ու կարեւորությամբ համեմատվում է ամերիկյան «Grammy Award», գերմանական «Preis der Schallplayyenkritik» եւ ֆրանսիական «Victoire» երաժշտական մրցանակաբաշխությունների հետ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ