Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյան. Կուսակցությունները խավարասերների հավաքներ են կազմակերպում

Նոյեմբեր 09,2012 16:31

«Արտագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալները մտահոգիչ են. օրական 200-300 մարդ է հեռանում երկրից, եւ դա ողբերգական է: «Գրական թերթում» պարբերաբար լույս են տեսնում գրողների հոդվածներ` սահմանամերձ գյուղերի բնակչության արտագաղթի մասին: Մեր գրողները ոչ թե լրագրողական խնդիր են լուծում, այլ իրավիճակը ներկայացնում են խղճի թելադրանքով` առանց քաղաքական այս կամ այն հոսանքի ազդեցության տակ ընկնելու: Օրինակ` Աշխեն Աբազյանը գրեց Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մասին, որը բարեկարգ, բայց «մեռած» տներ ունի: Այսպես գնալով ո՞ւր կհասնենք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Նրա խոսքով. «Արտագաղթի պատճառներից է աշխատանքի պակասը եւ անարդարության զգացումը: Օր օրի փոքրացող Հայաստանում մարդիկ իրենց զավակների համար ապագա չեն տեսնում, մինչդեռ Սովետական տարիներին գնում էին խոպան եւ ետ վերադառնում: Իսկ այսօր երեւանցիները եւ գյուղացիները «կապում» են իրենց ունեցվածը եւ առանց ետ նայելու` հեռանում: Մեկ տարի առաջ օդանավակայանում հեռացող ընտանիքների տեսա, որոնց հայացքներում ատելություն եւ վիրավորանք էր նկատվում: Ինչո՞ւ պետք է այս երկիրը 40 տզրուկի ձեռքին խաղալիք դառնա: Եթե մենք հանրաքվեի ժամանակ մեր ասած «այո»-ի տերը լինեինք, այսպիսի արտագաղթ չէր լինի»:

Դրամատուրգը կարծում է, որ պետք է մշակել հատուկ պետական քաղաքականություն` միջին խավ ստեղծելու համար. «Այն երկիրը, որը չունի միջին խավ, դատապարտված է. նրա բնակիչներն աստիճանաբար վերածվում են մուրացկանների կամ երկրից փախչողների: Ինչ վերաբերում է մտավորականությանը, սրտացավները բարձրաձայնում են խնդրի մասին: Բայց քանի որ չեն մտնում այս կամ այն կուսակցության թեւի տակ, հայտնվում են լուսանցքում»:

Կարինե Խոդիկյանի համոզմամբ. «Այսօրվա քաղաքական բազարը կուսակցությունների մեջ է ծավալվում: Կուսակցությունները վերևներում խավարասերների հավաքներ են կազմակերպում` առանց ժողովրդի մասնակցության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930