Քիչ առաջ Էյլաթում պայքարն ավարտեցին ծանրամարտի ուսանողների համաշխարհային 3-րդ առաջնության 94 կգ քաշային մարզիկները:
Հայաստանը ներկայացնող երեւանցի Վարդան Դավթյանը համառ պայքարում արեց հնարավոր ամեն բան չեմպիոնի կոչումը նվաճելու համար, սակայն միայն անձնական քաշի պատճառով ոսկին զիջեց ռուսաստանցի Եգոր Կլիմանովին: Պոկում վարժությունում Վարդանը 165 կգ-ով չորորդն էր, Կլիմանովը նույն արդյունքով` երրորդը: Հրումում վերջնական հաղթողին որոշելու համար պայքարն ընթացավ հենց այս երկու ծանրորդների մեջ: Երկրորդ մոտեցումով հայ ծանրորդը, սանձելով 207 կիլոգրամը, երկամարտում ապահովեց առնվազն երկրորդ տեղը. ռուս մրցակիցը նույնպես կրկնել էր այդ արդյունքը: Ամեն բան որոշվում էր վերջին մոտեցումում: Մրցակիցները տակտիկական պայքարում պատվիրված կիլոգրամները հերթով ավելացնում էին 1-ով, մինչեւ հասան 212 կգ-ին: Առաջինը Վարդան Դավթյանի հերթն էր եւ նա բարձրացրեց ծանրաձողը: Սակայն Եգոր Կլիմանովին էլ նույնը հաջողվեց: Երկուսն էլ երկամարտում ցույց տվեցին 377 կիլոգրամ եւ ոսկին բաժին հասավ ռուս մարզիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ