Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնվել է իրավազուրկների «սեւ ցուցակում»

Նոյեմբեր 09,2012 16:11

Արդեն յոթ ամիս է, որ Արտակ Մարդյանն իրավունքներից զուրկ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Ռուսաստան: Նա  նույնպես այն փախստական տղաներից է, ով  հայտնվել է իրավազուրկների  «սեւ ցուցակում»: Անձնագրի ժամկետը երկարաձգելու նպատակով  գալիս է Հայաստան, դիմում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ), որպեսզի իրեն հատկացնեն տեղեկանք` նրա Հայաստանում փախստական լինելու վերաբերյալ: ՄՊԾ-ն  անակնկալի է բերում Արտակին: Հանկարծ պարզվում է, որ Արտակի փախստական լինելու փաստը վերածվում է կասկածամտության, եւ ՄՊԾ-ն  հարցում է անում Անձնագրային եւ վիզաների վարչությանը (ԱՎՎ), որտեղից տեղեկացնում են, որ Արտակի ծնողները 2002 թվականին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Դա հիմք է հանդիսանում, որպեսզի Արտակի փախստական լինելու  փաստի վերաբերյալ տեղեկանքը վերածվի վարչական վարույթի: ՄՊԾ-ն Արտակի գրած դիմումի համաձայն իրեն է տրամադրում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշում, որտեղ գրառված է, որ նրա կարգավիճակը դադարեցվում է, քանի որ համաձայն 2004 թվականի  մարտի 3-ի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի՝ ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ, եթե երեխայի 18 տարին լրացած չի լինում, ապա երեխան կորցնում է փախստականի կարգավիճակը: Այստեղ պետք է նկատենք, որ Արտակն ունեցել է կարգավիճակը հաստատող անձնագիր, այն պարբերաբար երկարաձգվել է, իսկ դադարեցվել է 2012 թվականի հունվարի 16-ին: Այն սկզբում եղել է փախստականի վկայականի տեսքով, որը նա առաջին անգամ ստացել է 2004 թվականին, իսկ այդուհետեւ Ռուսաստան գնալու նպատակով՝  փոխարինվել է փախստականի ճամփորդական փաստաթղթով՝ ամրագրված 1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիայով:

Արտակի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման 2-րդ կետում նշվում էր, որ անվավեր ճանաչեն նրա փախստականի վկայականը: Հետեւանքն առաջին հերթին եղավ այն, որ  Արտակը կորցրեց իր աշխատանքը Ռուսաստանում, որտեղ ստանձնել  էր ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը, այդուհետ, զինվորական կոմիսարիատից Արտակին հրավիրեցին բացատրության՝ այն պահանջով, որ նա պետք է անցնի զինվորական ժամկետային ծառայության: Ներկայանալով զինվորական կոմիսարիատ, նրան տեղեկացրեցին, որ ստացել են գրություն, որտեղ հստակ գրված է, որ Արտակը ՀՀ-ում այլեւս չի համարվում փախստական, ուստի ենթակա է պարտադիր զինվորական ծառայության: Պարզեցինք, որ ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը շտապել էր տեղեկացնել պաշտպանության նախարարությանը, որ Արտակն այլեւս փախստական չէ, սակայն չէր նշել, որ նա ՀՀ քաղաքացի էլ չէ ու բացի դա, Արտակի կարգավիճակի հարցով հայցը գտնվում է դատարանում: Այդ փաստի առթիվ Արտակն ասաց. «Ես զինվորական կոմիսարիատում  տեղեկացրեցի, որ դադարեցվել է կարգավիճակս, բայց դեռեւս ես ՀՀ քաղաքացի չեմ հանդիսանում, իսկ զինվորական ծառայության ենթակա է ՀՀ քաղաքացին, որի վերաբերյալ գոյություն ունի զինապարտության մասին ՀՀ օրենք: Այդուհետեւ, ինձ ասացին, որ դիմում գրեմ, ես էլ գրեցի, որ ինձ այլեւս չանհանգստացնեն այն դեպքում, երբ ես չունեմ ՀՀ քաղաքացիություն, իսկ, եթե դառնամ ՀՀ քաղաքացի, ապա այդ ժամանակ կարող են կանչել»:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ անձնագիրն անվավեր ճանաչելու մասին մենաշնորհը պատկանում է ԱՎՎ-ին, որն էլ իր հերթին հերքեց միգրացիայի կողմից Արտակի անձնագիրն անվավեր ճանաչելու փաստն ու Արտակին տրամադրեց որոշում, համաձայն որի` նա շարունակում է ունենալ վավեր անձնագիր, քանի դեռ դատարանում կարգավիճակը դադարեցնելու մասին վերջնական վճիռ չի կայացել: Հենց այդ որոշման հանգամանքն էլ փաստ հանդիսացավ, որ Արտակին ազատ թողեցին զինվորական կոմիսարիատից:

Արտակը կարգավիճակը վերականգնելու խնդրանքով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Դատական քննությունն ընթացքի մեջ է, անցկացվում է դատավոր Արթուր Ծատուրյանի գլխավորությամբ: Հավելենք, դատական քննությանն այս անգամ ներկա էր նաեւ ՄՊԾ-ից պատասխանող Ռուզան Պետրոսյանը, ով ներկայացավ եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, եւ Միգրացիոն պետական ծառայության կողմից:

Հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանն անդրադարձավ բացման խոսքին, ներկայացրեց գործի վերաբերյալ փաստացի հանգամանքները:Պարզվեց, որ ՄՊԾ-ն վարչական վարույթ է հարուցել մեկ ամսվա ընթացքում` 2011 թվականի դեկտեմբերի 12-ից մինչեւ 2012 թվականի հունվարի 16-ը, իսկ այդ ընթացքում հայցվորին՝ Արտակին, ՄՊԾ-ի կողմից ուղարկվել է ընդամենը մեկ փոստային գրություն այն մասին, որ նրա դեմ հարուցվել է վարչական վարույթ: Այն հարցին, թե ինչու Արտակին չեն կանչել կարգավիճակը դադարեցնելու մասին լսումների քննարկմանը, Ռուզան Պետրոսյանն ասաց. «Քանի որ փաստացի բոլոր հանգամանքները կային, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չկար Արտակին հրավիրելու լսումներին»: Արտակն իր հերթին ավելացրեց. «Լսումներին իմ ներկայության անհրաժեշտությունը կար, քանի որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածն ամբողջությամբ, իսկ դա ՀՀ օրենսդրությունից ավելի բարձր է իր ուժով, որից էլ հետեւություն` ես դա կարող էի մեջբերել ու միգուցե դա ինչ-որ բան փոխեր»: Դատական քննությունը տեւեց մեկ ժամ, սակայն ընդմիջման պատճառով այն հետաձգվեց նոյեմբերի 21-ին:

Արտակը ծնվել է 1987 թվականին՝ Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում: 1988 թվականին ընտանիքի անդամների հետ  Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն: Դիմել են պետական լիզոր մարմին, ստացել «Հաշվառման թերթիկ», «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի» վկայական: Սկզբնական շրջանում բնակվել են հանրակացարանում, այդուհետեւ ստացել են մեկ սենյականոց բնակարան՝ նախատեսված հինգ շնչի համար: 16 տարին լրանալուն պես՝ Արտակը ստացել է փախստականի վկայական: Այդուհետեւ ապրելով սոցիալապես ծանր պայմաններում եւ չհասցնելով ուսման ծախսերը հոգալ, որն, ի դեպ, նա ինքն է հոգացել, մեկնել է Ռուսաստան՝ այնտեղ փնտրելով նպատակների իրականացման ուղին: Այժմ անձնագրի հետ կապված խնդրի պատճառով գտնվում է Հայաստանում, մինչդեռ նշանադրված է, իսկ հարսնացուն գտնվում է Ռուսաստանում:

Փաստացի, այդ խնդիրները, որոնք անտեսվում են պետության վերահսկողոթյունից, մարդկանց համար դառնում են պատուհաս, որի փաստացի օրինակն է Արտակը:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930