Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոն եվրո՝ սպառողների շահերը պաշտպանելու համար

Նոյեմբեր 09,2012 16:07

Սահմանի վրա ապրանքների պարտադիր սերտիֆիկացումը վերացնելով՝ մեր երկիրը շատ մեծ սխալ է գործել: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց «Սպառողների միության նախագահ» Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքերով, «Օրենքի փոփոխության արդյունքում այժմ մենք ունենք ապրանքների անվերահսկելիություն ամբողջ հանրապետությունում, եւ հիմնականում այն պետք է վերահսկի շուկայի վերահսկողության տեսչությունը, սակայն արդյունքների կհասնենք 30 տարի հետո, ոչ մի տեսչություն չունի այդպիսի հնարավորություն, որ ծածկի ամբողջ հանրապետությունը եւ հանրապետության հազարավոր ապրանքատեսակները վերահսկի իրենց որակական ցուցանիշներով»:

Պարոն Պողոսյանն անդրադառնալով Եվրամիության մեկ միլիոն եվրոյանոց Թվինինգ ծրագրին, որի նպատակն է շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնել եւ մեր օրենքները ներդաշնակեցնել ԵՄ չափանիշներին, նշեց, որ պետական եւ հասարակական սեկտոր համագործակցությունը կնպաստի, որպեսզի սպառողների պաշտպանության մակարդակը բարձրանա: Սպառողների պաշտպանի գնահատմամբ, չնայած առաջընթաց կա, բայց ներկայումս սպառողների պաշտպանության մակարդակը մնում է անբավարար:
Թվինինգ ծրագրով նաեւ նախատեսված է բարձրացնել հանրային իրազեկումը եւ ապահովել տեղեկատվության հասանելիությունը: Ճեպազրույցին հաջորդեց «Շուկայի վերահսկողության եւ սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում» սեմինարը, որին մասնակցում էին նաեւ Եվրամիության փորձագետները: Ծրագրի ղեկավար Դեյվիդ Բեյքերը դիմելով հայկական կողմին՝ ասաց. «Մենք չենք եկել ձեր փոխարեն աշխատելու, մենք եկել ենք միասին աշխատելու: Մեր նպատակն է բարձր որակի շուկայի վերահսկողության մոդել ստեղծել Հայաստանում: Մեր փորձագետներն էլ բոլորը գործող տեսուչներ են եղել: Սա այն ոլորտն է, որ եթե դուք լավ եք աշխատում, ձեր աշխատանքը չի նկատվում, բայց երբ դուք թերանում եք ձեր գործում, միանգամից դա երեւում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930