Կան արվեստագետներ, որոնց հասարակությունն ընդունում է ինչպես իր ընտանիքի անդամի: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական երեկոյի նախօրեին որոշեցինք ոչ թե նրա հետ հարցազրույցով հանդես գալ, այլ ներկայացնել երգչուհու անցած ուղին: Երեկոն կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 18-ին:
Ռաիսա Մկրտչյանի համար Ռոբերտ Ամիրխանյանը գրել էր «Աշնանային մեղեդին»: Երգչուհին կարո՞ղ էր պատկերացնել, որ ձայնապնակներ արտադրող ճանաչված «Մելոդիա» ֆիրման 1975թ. Սոպոտում կայանալիք էստրադային երգի մրցույթին մասնակցելու համար ներկայացնելու էր հենց իր թեկնածությունը: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ Ամիրխանյանի հենց այդ երգն էր ներկայացնելու մրցութային երեք փուլերից մեկում, որ ինքը հայ էստրադային երգի կատարողներից առաջինը պետք է արժանանար միջազգային մրցույթի դափնեկրի կոչման:
1960-ականներին երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինն ավարտելուց հետո՝ Ռաիսան ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նույն բաժինը ու հաստատ երազում էր, եթե ոչ մենակատար դաշնակահար, ապա լավ կոնցերտմայստեր կամ դասատու դառնալու մասին: Երգում էր ուսանողական երեկոներին: Այս շրջանում է, որ նկատելով նրան, կոնսերվատորիայի ուսանողներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մելիք Մավիսակալյանը, Մարտին Վարդազարյանը սկսեցին հատուկ ստեղծագործել ապագա երգչուհու համար: Իսկ մինչ նոր երգեր կծնվեին, Ռաիսան երգում էր Դալիդայի, Շերլի Բենի, Սառա Վուանի, մի խոսքով՝ 60-ականների արտասահմանյան կատարողների երկացանկից հայտնի հիթեր: Հետաքրքիր է, որ ուսանողական տարիներին կոնսերվատորիայի պատերից դուրս սկսեցին խոսել Ռաիսայի մասին: Երգարվեստում ստեղծագործող կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Կոնստանտին Օրբելյանը ուշադրություն դարձրին նրան. Օրբելյանը հրավիրեց երգչուհուն Հայաստանի պետական էստրադային նվագախումբ: Ռաիսան ընդունելով հրավերը՝ շատ չանցած հեռանում է: Պատճառը մեկն էր՝ հարկավոր էր ավարտել ուսումը: Հենց այս ժամանակահատվածում կոնսերվատորիայում ուսանողների ուժերով, Ամիրխանյանի ղեկավարությամբ ստեղծվում են «Կռունկ», ապա «Պատանեկություն» վոկալ-գործիքային անսամբլները: Այս անսամբլներով Ռաիսան 60-ականներին սկսում է շրջագայել ԽՍՀՄ-ով ու մասնակցել մրցույթների: 1966թ. դադարում են անսամբլների աշխատանքները: Արդեն ճանաչման արժանացած երգչուհին Մարտին Վարդազարյանի կողմից հրավիրվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-գործիքային անսամբլ: Առաջին ձայնագրությունը Աճեմյանի «Մայրիկ» երգն էր, որը սկիզբ եղավ մեկը մյուսին հաջորդող հարյուրավոր ֆոնդային ձայնագրություններում: Իսկ 1968-ին «Յունոստ» ռադիոկայանը Ռաիսա Մկրտչյանին համարեց տարվա լավագույն երգչուհի՝ Ռ. Ամիրխանյանի եւ Ա. Կիրակոսյանի «Առաջին խոսքն իմ» երգաշարից «Քո աչքերը» երգի հիանալի մեկնաբանման համար, որից հետո էլ «Մելոդիա» ֆիրման թողարկեց նրա առաջին ձայնապնակը:
Մինչ օրս էլ երգչուհին հազվադեպ, սակայն հանդես է գալիս կենդանի կատարումներով ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում եւ դասավանդում Երեւանի կոնսերվատորիայում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ