Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրվեժի ամառանոցների խմելու ջրի հարցը չեն կարողանում լուծել

Նոյեմբեր 09,2012 16:04

Կառավարությունը զարկ է տալիս ցիստեռններով «ջրի բիզնեսին»
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում արձանագրված առաջընթացը, չգիտես ինչու, սովորական քաղաքացին իր մաշկի վրա չի զգում: Մինչդեռ այդ առաջընթացի ապացույցն առաջին հերթին շարքային քաղաքացու բարեկեցությունը պետք է լիներ: Այսօր ենթակառուցվածքներից ու հանրային ծառայություններից զրկված մեր հանրապետությունում տասնյակ բնակավայրեր կան, որոնց հետ կապված ծրագրերն այդպես էլ միայն թղթի վրա են մնում: Մայրաքաղաքին կիպ կպած Ջրվեժի ամառանոցները տարիներ ի վեր խմելու ջրի խնդիր ունեն, սակայն այս հարցի հետ կապված կառավարությունը որեւէ լուծում չի գտնում: Չնայած նրան, որ ժամանակին Ջրվեժի ամառանոցները այգեգործական նպատակներով են հատկացվել բնակիչներին եւ այդ պատճառով էլ ապահովված են եղել միայն ոռոգման ջրով, սակայն տարիների ընթացքում ամառանոցները վերածվել են մշտական բնակատեղիի: Խմելու ջրի բացակայությունը զարկ է տվել ջրավաճառների բիզնեսին: Մարդիկ ամեն օր ստիպված են լինում իրենց խմելու ջուրը գնել, ընդ որում՝ ջրավաճառներն իրենց պայմաններն են թելադրում. 10 կամ 20 լիտր ջրի համար նրանք ծառայություն չեն մատուցում: Նրանցից ամենաքիչը պետք է 5 տոննա տարողությամբ ցիստեռնի ջուր գնես: Ջրի մեքենաները հիմնականում կայանում են Ջրվեժի «զոնտիկներ» կոչվող հատվածում եւ սպառողների զանգերով սլանում այս կամ այն հասցե: Թե ինչպե՞ս է ձեւակերպված այդ բիզնեսը, եւ այդ գումարներն ո՞ւմ գրպանն են գնում, թերեւս, հարկայինի խնդիրն է, միայն փաստ է, որ այդ վաճառված ջրի դիմաց բնակիչներին կտրոն չի տրվում: Ջրի որակի մասով էլ չենք խոսում. երբ ջրավաճառ վարորդից հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց է ջուրը վերցնում, կամ ո՞վ է վերահսկում արդյոք խմելու համար վտանգավոր չէ՞ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններով մատակարարվող նրանց վաճառած ջուրը, նա շատ հանգիստ երաշխավորեց, որ «մաքո՜ւր արտեզյան ջրեր» են, եւ իր մեքենայի բաքն էլ «լվացվում» է:
«Առավոտի» հետ զրույցում Ջրվեժի ամառանոցների բնակիչները պատմեցին, որ որոշ ընտանիքներ ստիպված են իրենց գլխի ճարը այլ ճանապարհներով տեսնել: Նրանք արտեզյան ջրերի խորքային հորեր են փորել, քանի որ ի վիճակի չեն ամեն օր այդքան ջուր գնել: Ըստ նրանց՝ անգամ այդ հորերի ջրերը խմելու համար պիտանի չեն եւ միայն կենցաղային նպատակներով են օգտագործվում:
Սակայն նշենք, որ ոչ բոլորը կարող են այդ հորերից ունենալ ու օգտվել, քանի որ դրանք փորվում եւ շահագործվում են բնապահպանության նախարարության հատուկ թույլտվությամբ: Մեր տեղեկություններով՝ կան ընտանիքներ, որոնք անօրինական են այդ հորերը փորել, ինչը կարող է բնակիչների առողջությանը լուրջ վտանգ հասցնել: Մասնագետների խոսքերով՝ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ տարածքով անցնող ջրերն իրենց մեջ վտանգավոր նյութեր չեն պարունակում:
Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե էլ այդ հատվածում ջրամատակարարման ցանց չի եղել, եւ տարածքները միմիայն նախատեսված են եղել այգեգործական նպատակներով: Մեր հարցին, թե ժամանակի բերումով այդտեղ մարդիկ մշտական բնակություն են հաստատել, եւ արդյոք  համայնքի ղեկավարները չպե՞տք է այդ բնակավայրը «ջրաֆիկացնելու» հարց բարձրացնեին, պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ ամառանոցների ջրի խնդիրը բավականին «գլոբալ» է, եւ դրա լուծման համար կառավարությունը պետք է պետական ծրագիր մշակի. «Տարածքով պայմանավորված՝ հսկայական միջոցներ են անհրաժեշտ: 2700 այգեգործական հողամասերում 200 ընտանիք է, որ մշտական է ապրում: Դա քմահաճույքի հարց չէ,
գլոբալ խնդիր է, 7-8 կիլոմետր ջրագիծ պետք է քաշվի, պոմպակայան կառուցվի եւ այլն»:
Նույն համոզմանն էր նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արթուր Օհանյանը: Ճիշտ է, Ջրվեժ համայնքը կոմիտեին առընթեր ընկերությունների կողմից չի սպասարկվում, բայց պարոն Օհանյանն աշխատանքի բերումով տեղյակ էր: Ըստ նրա՝ Ջրվեժի ամառանոցները «ջրաֆիկացնելու» համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ. «Տարբերակներ քննարկվել են, սակայն մինչ այժմ որեւէ լուծում չի գտնվել: Անհրաժեշտ է նոր ջրամատակարման համակարգ, ինչի համար կպահանջվի միլիոնավոր դոլարներ՝ գլխամասային կայաններ, քլորակայան, ջրագծեր, ջրատար մայրուղի, ջրամատակարարման արտաքին եւ ներքին ցանց կառուցելու համար: Այդ տարածքներում երբեւէ ջրամատակարարման ցանց չի եղել: Մի անգամ «Երեւան Ջուր»-ը նախնական հաշվարկներ արել է, եւ գումարը կազմել է 4-5 միլիոն դոլար»: Պարոն Օհանյանը նշեց, որ, սովորաբար, նման ծրագրերն արվում են վարկատու կազմակերպության միջոցներով, սակայն եթե նրանք հաշվարկում են եւ պարզում, որ մեկ շնչի հաշվով ավելի շատ գումար է բաժին ընկնում, քան իրենք նախատեսել են, ծրագիրը մերժում են: Պարոն Օհանյանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ ամառանոցների բնակիչներն իրենց ջրի խնդիրը բարձրացնում են, սակայն առայժմ ոչ մի լուծում, որպես մասնագետ, նա չի տեսնում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930