«Միջազգային պրակտիկան հուշում է հետեւյալը, երբ արհեստականորեն ձեւավորված բազմազգ պետությունները քայքայվել են, վաղ թե ուշ տիտղոսակիր ազգը համակերպվել է իր նախկին գաղութների կորստի հետ եւ ի վերջո ճանաչվել է նրանց անկախ լինելը: Այդ գործընթացը ցավոտ է եւ տեւել է տասնամյակներ: Այս առումով, այս հետհրադադարային 18 տարում Ադրբեջանի կողմից հակառակն է արվել, նրանք արել են ամեն ինչ, որպեսզի Անդրկովկասի թուրքերը չհամակերպվեն Արցախի կորստի հետ: Նրանց կողմից արվում է ամեն ինչ, որ մենք, այստեղ, հայաստանաբնակ հայերս համակերպվենք այն մտքի հետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով բանակցային գործընթացի հեռանկարների, Արցախի ճանաչման կարեւորության մասին:
Ջամալյանի խոսքով՝ չպետք է ժողովրդի մոտ ձեւավորել պատրանք, թե բանակցային գործընթացը արագ արդյունքի կհանգեցնի, որովհետեւ դա կարող է շատ երկար տեւել, բայց մենք նահանջի տեղ չունենք: «Նման հակամարտություններն իրենց էությամբ բացառում են փոխզիջումը: Ինքնորոշում ենթադրող հակամարտությունների կարգավորումը երբեւէ չի ենթադրել տարածքային զիջումներ: Նման հակամարտությունների կարգավորման սցենարը մեկն է՝ նախկին գաղութարար ազգը համակերպվում է այն գաղափարի հետ, որ այլեւս իշխանություն չունի նախկինում նվաճված ազգի հանդեպ: Եթե կիզակետում կա սա, մենք, կրկնում եմ, նահանջի տեղ չունենք եւ չենք կարող լինել աշխարհում առաջին նախադեպը ու զիջել մեր հայրենիքի մի մասը հանուն չգիտես ինչի, եւ այդ կերպ, անգամ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, զիջելով, նախապատրաստել նոր պատերազմ, արդեն հենց նոր Հայաստանի Հանրապետության հանդեպ»,-ասաց Ջամալյանը:
Ըստ նրա, կարգավորման գործընթացը լինելու է տեւական՝ հետեւաբար պետք է զինվել համբերությամբ: Փորձագետի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ավելի արագ հասունացնեն ադրբեջանցիների մոտ այն գաղափարը, որ իրենք տարածքներն անդառնալիորեն կորցրել են:
Ջամալյանը գտնում է, որ պետք է զբաղվել Արցախի հայապահպանությամբ, քանի որ սա ռազմավարական խնդիր է: Իսկ ինչ մարտավարությամբ կարելի է հասնել այս նպատակի իրականացմանը: «Հանրաքվե անցկացնել հենց հիմա ու Արցախը վերամիավորել Հայաստանին, կամ՝ հաջորդ ճանապարհը՝ մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը իբրեւ երկրորդ հայկական պետականություն: Բոլորն էլ հասկանում են, որ խնդրի վերջնական լուծում ասվածը վերամիավորումն է եւ այդ առումով պետական երկրորդ պետության գաղափարը մարտավարությունն է: Կարծում եմ՝ այս պահին մենք պետք է բանակցային գործընթացում կարեւոր շեշտադրումներ կատարենք եւ Արցախի՝ իբրեւ ինքնուրույն բանակցային սուբյեկտի, դերը կարեւոր է: Շատ կարեւոր է նաեւ ընդգծել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը, ինչն էլ պետք է բարձրաձայնի պաշտոնական Ստեփանակերտը: Նաեւ պետք է հատուկ ընդգծել, որ ԵԱՀԿ-ն այլեւս որեւէ առաքելություն չձեռնարկի, այսպես կոչված, Արցախին հարակից տարածքներում վերաբնակեցման հետ կապված, այսինքն՝ այն, ինչ փաստորեն թելադրում է Ադրբեջանը, իսկ ԵԱՀԿ-ն գնում է այդ շանտաժին ենթարկվելով»,-հավելեց Ջամալյանը՝ մատնանշելով մարտավարական խնդիրները, որոնց համար, ըստ նրա, հարկավոր է ունենալ անկախ Արցախի գոյությունը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ