Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի թիկունքում ՀՀ երեք նախագահների ստվերն է

Նոյեմբեր 09,2012 15:50


Երեկ Դաշնակցությունն իր «բանակցային օրակարգն» է հրապարակել

«Բոլոր երեք նախագահների գործունեությունն այս կամ այն կերպ առնչվել է ՀՅԴ-ի գործունեությանը, ու երբեք մեր գործունեությունը չենք պայմանավորել որեւէ նախագահի վարքագծով: Իհարկե, որոշակի ճշգրտումներ տրվել են այս կամ այն նախագահի կեցվածքից ելնելով»,- «Առավոտի» հարցին` որքանո՞վ է առկա Ռոբերտ Քոչարյանի ստվերը ՀՅԴ-ի թիկունքում, երեկ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Առաջին նախագահի ժամանակ մենք մեր կեցվածքը ցուցաբերեցինք, երբ ամենահին քաղաքական ուժին փորձ արվեց փակել: Երկրորդ նախագահի օրոք մենք փորձ արեցինք համագործակցել` ի շահ երկրի հզորացման եւ զարգացման, հատկապես ԼՂՀ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների, մեր ազգի ամենացավոտ հարցի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ակտիվ դերակատարություն ստանձնելու ուղղությամբ: Երրորդ նախագահի օրոք մենք, ըստ էության, ունեցանք որոշակի հետընթաց այն ուղղությամբ, ինչի մասին նշեցի: Որեւէ մեկի ստվեր տեսնելը ՀՅԴ-ի թիկունքում առնվազն միամտություն է: Կամ նշանակում է՝ ՀՅԴ-ին չեն ճանաչում. 120 տարի գործող քաղաքական ուժը չի կարող իր կյանքի ընթացքում ենթարկվել այս կամ այն անձի կամարտահայտությանը: Մենք շատ ուրախ կլինենք, որ երկրորդ նախագահն ինքն էլ կանգնի այս գաղափարների կողքին եւ առաջ մղի: Մենք առաջին եւ երրորդ նախագահներին էլ կառաջարկենք, որ կանգնեն այս գաղափարների կողքին, քանի որ դրանք մեր կուսակցության համար չեն, մեր ազգի եւ պետության համար են»: Դիտարկմանը` ելնելով Ձեր ներկայացրած թեզերից, ՀՅԴ-ն տրամաբանորեն պետք է շահագրգիռ լինի երկրորդ նախագահի վերադարձի հարցում, Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Մենք ոչ թե գնում ենք նախագահի ընտրության, այլ գնում ենք անձի ընտրության, որն ի վիճակի կլինի համակարգային փոփոխություններ իրականացնել մեր նախանշած ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այդպիսի թեկնածուն կարող է լինել բացառապես դաշնակցական, բայց մենք չենք էլ ուզում սահմանափակվել միայն այս նեղ շրջանակով»: Դաշնակցությունը հոգեբանորեն պատրա՞ստ է կանգնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ով ժամանակին բավականին կոշտ դիրքորոշում դրսեւորեց այդ կուսակցության նկատմամբ, եթե վերջինս հանգի այն համոզման, որ ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկները պետք է անվերապահորեն ընդունել: «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք հոգեբանական որեւէ սահմանափակում չունենք, մենք իրատես ենք եւ ավելի կառուցողական, քան ցանկացած այլ անձ կամ ուժ: Եթե անձինք, ուժերը կգան այս համոզմունքին, որ մեր երկրի զարգացման միակ ճշմարիտ ճանապարհը սա է՝ մենք պատրաստ ենք նստել եւ քննարկել բոլորի հետ: Բայց եկեք ենթադրություններ չանենք: Այս պահի մեր գլխավոր խնդիրը գաղափարների շուրջ համախմբում ապահովելն է, եւ եթե դա լինի, ավելի լավ թեկնածու, քան կառաջադրի ժողովուրդը, ոչ ոք չի կարող առաջադրել»: Հիշեցնենք, որ երեկ՝ նախագահական ընտրություններից 100 օր առաջ, ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմինը հրապարակեց յոթ կետից բաղկացած իր առաջարկները: Դրանք են՝ անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրումը՝ տարբեր հանձնաժողովներում ղեկավար պաշտոնների տեսքով, բիզնեսի ու քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախություն, արտաքին քաղաքականության մասով՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքում, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ հայաստանյան քաղաքական դաշտի համախմբման առաջարկով հանդես եկավ նաեւ իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցումը համընկնում են երկու կուսակցությունների առաջարկներում: Դաշնակցությունում համարում են, որ իրենց փաթեթն ամբողջական է, եւ հենց նրա շուրջ պետք է համախմբում տեղի ունենա, ինչի համար էլ հենց երեկ պատրաստվում էին զանգահարել մյուս քաղաքական ուժերին եւ մի սեղանի շուրջ նստելու ու այդ առաջարկները քննարկելու պայմանավորվածություն ձեռք բերել:
ԲՀԿ-ի հրապարակած առաջարկները հանդիպեցին ՀՀԿ-ական գործիչների կոշտ կրավորական արձագանքին: ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն իր «ֆեյսբուքի» էջում գրեց, որ ԲՀԿ-ն «խորհրդարանական հեղաշրջում» է առաջարկում, իսկ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մեջ ասված էր, որ այդ առաջարկների ետեւում իրենք հստակ ստվերներ են տեսնում եւ լավ գիտեն, թե որտեղ է գրված այդ տեքստը: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՅԴ-ի առաջարկը կքննարկեն, բայց դա ավելի շատ «հերթապահ» հայտարարություն էր հիշեցնում: Դաշնակցությունում երաշխիքներ ունե՞ն, որ իրենց օրակարգը չի արժանանա ԲՀԿ-ի առաջարկների ճակատագրին՝ «Առավոտի» դիտարկումներին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «ԴՅԴ-ի առաջարկները պահի ազդեցությամբ չեն թելադրված: Դրանք խորքային վերլուծությունների եւ մեր նախընտրական ծրագրի պահանջների հիման վրա են ձեւավորված, ու դրանք պետք չէ մասնատել, պետք է դիտարկել իրենց ամբողջության մեջ: Թե խորհրդարանական կառավարման, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը զուտ խոսքեր կամ միայն արտահայտություններ չեն: Բավականին լուրջ բարեփոխումների պահանջներ կան»: Մասնավորաբար, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ ՀՅԴ-ն չի ենթադրում, որ խորհրդարանին պետք է տալ լոկ գործադիրին վերահսկելու իրավասություններ: «Խոսվում է նաեւ վարչատարածքային բաժանման անհրաժեշտության մասին, ինչը բխում է մեր երկրի զարգացման առանձնահատկություններից: Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ առավել ժամանակակից սոցիալական, իրավական պետություն, միանշանակ այս առաջարկները հանրային քննարկումների եւ համատեղ որոշումների անհրաժեշտություն ունեն»,- ասում է դաշնակցական պատգամավորը` հանրապետականի իր երիտասարդ գործընկերներին առաջարկելով զերծ մնալ երկխոսությունը միանգամից մերժող հայտարարություններից, որովհետեւ համոզված է, որ ճշմարտության առավել բացահայտում հնարավոր է միայն բանավեճի միջոցով. «Ի սկզբանե տրամադրվել այս կամ այն քաղաքական ուժին մերժելու մոտեցումով՝ մենք ճիշտ չենք համարում: Մենք բոլորին հրավիրում ենք համատեղ քննարկումների՝ ելքեր որոնելու եւ Հայաստանն այս տեղապտույտից դուրս բերելու համար»: Արծվիկ Մինասյանն, ամեն դեպքում, հույս ունի, որ ոչ միայն ՀՀԿ-ական մեծամասնությունը, այլ մնացյալ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն՝ ՀՅԴ պլատֆորմը լուրջ քննարկելու եւ համաձայնությունների գալու: Աշխարհում կան եւ խորհրդարանական, եւ նախագահական երկրների հաջողված կամ ձախողված բազմաթիվ օրինակներ, որոնցից հետեւում է մի բան, որ ընդամենը ցանկություն է պետք՝ ապահովելու այս կամ այն համակարգի նորմալ գործունեությունը: Ի վերջո՝ ի՞նչ տարբերություն՝ կեղեքիչը խորհրդարանական, թե՞ նախագահական համակարգում է կեղեքում` «Առավոտի» այս դիտարկում-հարցերին Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, աշխարհում կան երկու մոդելների եւ դրական, եւ բացասական դրսեւորումներ, բայց յուրաքանչյուր մոդել ընտրելուց առաջ պետք է հաշվի առնել՝ արդյոք այդ մոդելը համապատասխանո՞ւմ է տվյալ ազգի, տվյալ ժողովրդի զարգացման նպատակներին: Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի անկախության առաջին փուլում, երբ խորհրդարանական կառավարման համակարգ էր, երկրի զարգացումն ավելի արագ եւ խորքային էր ընթանում: Վերափոխվելով նախագահական համակարգի՝ Հայաստանն անկում ապրեց բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ՝ ազգային զարթոնքի եւ բարոյահոգեբանական տեսանկյուններից: Այլ բան է, երբ իսկապես արդար, ժողովրդավարական ընտրություններով ձեւավորվում է խորհրդարան, որը մեկ մարդու որոշումով չի առաջնորդվում, այլ տարբեր քաղաքական ուժերի մոտեցումներով եւ համախոհությամբ: Մարդն անսխալական չի լինում: Եվ եթե որոշում կայացնող այդ մեկ մարդը սխալվում է իր որոշման մեջ, դա բերում է մի ողջ պետության սխալ ընթացքի, ինչի ականատեսն ենք եղել մենք բավականին երկար ժամանակ: Այսօր առաջնային մանդատով օժտված հանրապետության նախագահը եւ խորհրդարանը ունեն գրեթե նույն՝ ժողովրդի քվեով տրված իրավասությունները: Բայց, մյուս կողմից, հանրապետության նախագահը Սահմանադրությամբ երկրի գլուխն է, իսկ խորհրդարանը, որը համարվում է օրենսդիր եւ ներկայացուցչական մարմին, զրկված է «գլխին» իր առաջարկություններն ու որոշումներն առաջա քաշելու իրավասությունից: Քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում իր կուսակցական նախագահին պահանջներ առաջադրել, եւ որոշումներ կայացնելու իրավասությունը փոխանցվում է հանրապետության նախագահին: Հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ եթե լիներ խորհրդարանական կառավարման համակարգ, ապա արձանագրություններում տեղ գտած այդ  վտանգավոր ձեւակերպումները պարզապես չէին լինի, քանի որ պառլամենտում նախապես կքննարկվեին, ու գործադիրի որեւէ ղեկավար չէր կարող նման վտանգավոր ձեւակերպումների համակիր լինել»: Դաշնակցությունում գտնում են, որ խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ՝ պետք է նաեւ մի շարք արմատական բարեփոխումներ իրականացնել՝  սկսած ընտրական օրենսդրությունից, ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններից մինչեւ ներկայացուցչական եւ օրենսդիր մարմնին լուրջ լծակներ տալը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930