Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանը ձեզանից մեկն է

Նոյեմբեր 09,2012 14:42

Երբ  քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»: Նկատի ունեն՝ հետեւողական եւ սկզբունքային չէ: Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի. մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես  ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ: Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից,  որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի:
Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին եւ իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում: Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնության օրինակ:
Գուցե այդպիսի փոփոխամտություն է դրսեւորվում է միայն անձերի նկատմամբ, իսկ ահա սկզբունքների առումով նրանք անսասան են՝ մեր լեռների պես: Բայց դա էլ այդպես չէ: Դուք կարծում եք,  օրինակ, որ 95 թվականին ՀՀՇ-ն կո՞ղմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին: Ոչ, այն ժամանակ իշխանությունն ատամներով պաշտպանում էր մեծամասնական կարգը, որովհետեւ խնդիր ուներ խորհրդարան խցկելու ի՛ր գողականներին եւ օլիգարխներին: Ճիշտ նույն պատճառով այժմ մեծամասնական կարգից է կառչում Հանրապետականը: Կամ՝ դուք լսե՞լ եք, որ Քոչարյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն պայքարի հանուն կառավարման խորհրդարանական համակարգի: Կամ՝ դեռեւս երկու տարի առաջ ՀԱԿ-ը վստահ էր, որ «մարտի 1-ի» սպանդը կազմակերպել է Քոչարյանը, իսկ հիմա, կարծես, հակված են մտածելու, որ դա արել է Սերժ Սարգսյանը, որովհետեւ որոշակի «ռասկլադներում» երկրորդ նախագահը կարող է անուղղակիորեն դառնալ ՀԱԿ-ի դաշնակիցը:
Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցում: ՀՀՇ-ն կարծում է, որ նա ճիշտ է հետապնդել ՀՅԴ-ին, սակայն մնացածներին՝ սկսած 98 թվականից, սխալ են հետապնդել: Իսկ, օրինակ, Օսկանյանը կարծում է, որ մարտի 1-ից առաջ եւ հետո իշխանությունը ճիշտ էր վարվել, որ մարդկանց նետել էր բանտերը (համենայդեպս՝ երբեք դրա դեմ չի ընդվզել), իսկ հիմա իր դեմ գործ սարքելը սխալ է: Քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ քաղաքական հետապնդումները՝ սկսած դաշնակցականներից, շարունակած Վանոյով, 2004-ի ձերբակալություններով, «մարտի 1-ով» եւ վերջացրած Վարդան Օսկանյանով եւ Տիգրան Առաքելյանով, անընդունելի են:
Այնպես որ՝ չարժե կենտրոնանալ Գեղամյանի վրա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930