«Նույն շանսերն ունեցող թեկնածու չեմ տեսնում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Խոսքը առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին արժանի մրցակցի մասին էր: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները դեռ 2008-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո հայտարարում են, որ ՀՀ հաջորդ նախագահը նույնպես Սերժ Սարգսյանն է լինելու, եւ որ նրան այլընտրանք չկա: Մկրտիչ Մինասյանի այս պնդմանը լրագրողներից մեկը վրա բերեց՝ եթե անգամ առաջադրվեն ՀՀ առաջին կամ երկրորդ նախագահն է՞լ, կամ առաջանա միասնական թեկնածու՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: ՀՀԿ-ական պատգամավորն անդրդվելի մնաց. «Ես ասում եմ իմ կարծիքը: Ես ճիշտն ասա], մի քիչ չեմ հավատում քաղաքական մեր դաշտին, նրանց ամբիցիաների պարագայում, որ կոնսոլիդացվեն: Կարծում եմ, որ մրցակիցներ կլինեն, բայց որ հավասարը հավասարի՝ չի լինի»:
Մկրտիչ Մինասյանի ընդդիմախոս ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ այս առիթով նկատեց. «Կարծում եմ, որ առանձնապես մրցակցություն չի լինելու: Ընտրություններից երեք ամիս առաջ սկսել այսպիսի լուրջ կամպանիա…եթե մարդ կա, որը որ հավակնություններ ուներ նախագահ դառնալու, պետք է ավելի վաղ, գոնե մեկ տարի առաջ ներկայանար իր հավակնություններով եւ ծրագրերով եւ կամաց-կամաց մատչելի դառնար»: Արամ Գասպարիչը գտնում է, որ ոչ քաղաքական ուժերը, որ հասարակությանը կոնսոլիդացիայի պատրաստ չեն: Այլ հարց է՝ եթե քաղաքական ուժերը պայմանավորվեն իրար հետ: Նա առաջարկում է՝ այս պահին անել ամեն ինչ, որպեսզի գործող իշխանությունն ապահովի երկրի անվտանգությունը, երկրում կարգուկանոնի քայլեր անեն, իսկ քաղաքական ուժերն աշխատեն, որ ՀՀ երեք նախագահների դարաշրջանն ավարտվի Սերժ Սարգսյանի իշխանությամբ: «Մի հատ Ալեքսանդր Մյասնիկյան պետք է գա»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ