Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտումներ եւ վեճ՝ Էդմոն Մարուքյանի եւ Փոստանջյանի միջեւ. «Ինձ հետ էդ տոնով չխոսա՛ք մյուս անգամ»

Նոյեմբեր 09,2012 13:46

Այսօր ԱԺ-ում Պետական -իրավական հանձնաժողովի նիստում ՀՅԴ-ի՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ մեծամասնական ընտրակարգով անցած անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Էդմոն Մարուքյանը դեմ էր օրինագծին. «Այսօրվա համամասնական համակարգը ավելի՞ ժողովրդավարական է, քան  այսօրվա մեծամասական համակարգը: Այն կոնտեքստով եմ ասում, որ մարդիկ ձայն են տալիս համամասնականին ու պրագնոզ անում, թե եթե ձայն տան այս ուժին ու 6-7% հավաքի, ովքեր են դառնալու պատգամավոր: Ուրիշ մարդիկ են դառնում պատգամավոր: Արդյո՞ք այդպես մարդիկ ընտրում են պատգամավոր»: Նա նաեւ դժգոհեց, որ այդպես առանց կրծքանշանի մարդկանց զրկում են խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից. «Ինքնառաջադրման համակարգը վերացնելով՝ չեմ կարող խոսել ժողովրդավարության մասին: Եթե անկուսակցական մարդը կարող է ցուցակով ներկայացվել, ինչո՞ւ չի կարող մեծամասնականով անցնել: Գյումրիում ՀՀԿ ներկայացուցիչը, բավականին հարուստ մարդ, պարտվեց, ժողովո՛ւրդ: Ով հաղթել է՝ նա օլիգարխ չէ: Դաշտը սեւ ու սպիտակ չի, մի՛ բաժանեք դաշտը սեւ ու սպիտակի, կան բազմաթիվ, բազմազան գույներ: Ես դեմ եմ այս նախագծին, դեմ եմ քվեարկելու»:

Զարուհի Փոստանջյանը նրան հիշեցրեց Վարդան Օսկանյանի հետ կատարվածը. «Նույն պարոն Օսկանյանը չեմ կարծում, որ կողմ է եղել մեծամասնական ընտրակարգի բացառությանը մեր նման պետության մեջ: Բայց հաշվի առնելով, որ այդ նույն մեծամասնականները քվեարկեցին իր դեմ, թող հաշվի առնեն, որ իրենք էլ են հայտնվելու այս իրավիճակում: Որեւէ մեկը ապահովագրված չէ այս իրավիճակից: Իսրայելում էլ չի գործում մեծամասնական համակարգ: Բոլորիս համար պարզ է, որ մեծամասնական համակարգով մուտք են գործում օլիգարխները»: Դիմելով Էդմոն Մարուքյանին՝ տիկին Փոստանջյանն ասաց, որ եթե վերջինս հայտնվել է խորհրդարանում եւ օլիգարխ չէ, ապա դա եղել է «ձեր պայմանավորվածությունների շնորհիվ, ոչ թե հենց այնպես: Պետք չի այստեղ ոչինչ թաքցնել: Հասարակությունը կարող է ունենալ անկուսակցական պատգամավոր՝ ներառված համամասնական ցուցակում: Ես առաջին անգամ եկել եմ պատգամավոր՝ որպես անկուսակցական: Ստյոպա Սաֆարյանն էլ, Լարիսա Ալավերդյանն էլ եկել են՝ որպես անկուսակցական: Դուք պետք է ունենաք քաղաքական հենարան, որ կարողանանք քաղաքական գործընթացներին լիարժեք մասնակցել»: Էդմոն Մարուքյանը շատ կոշտ արձագանքեց. «Քանի որ իմ անունը շոշափվեց, ասեմ՝ ճիշտ է, ընդդիմություն լինելը լավ է, հարգելի է, բայց ժողովրդին խաբել չի կարելի: Լավ բան չիիի՜, չի՛ կարելի: Ես ընենց բաների եմ դեմ քվեարկել, որ ընդդիմությունը ռիսկ չի արել դեմ քվեարկի: Ասեմ՝ խոսքը ՀԱՊԿ-ի արձանագրությունների մասին է: Պետք չի շանտաժի միջոցով անկախ պատգամավորին քաշել ձեր դաշտը, այդ փորձը ձեզ մոտ չի հաջողվի: Ինձ հետ էդ տոնով չխոսա՛ք մյուս անգամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930