Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Տրամաբանական չի, որ ընդդիմությունը 17% հազիվ ձայն է հավաքում»

Նոյեմբեր 09,2012 12:44

Այս պահին ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՅԴ-ի օրինագիծը՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու համար Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ արհեստական մեծամասնություն ենք ձեւավորում՝ մեծամասնական ընտրակարգը թողնելով. «ՀՀԿ-ն ասել է՝ մենք սկզբունքորեն դեմ չենք 100% համամասնական ընտրակարգին անցնելու, պարզապես դա պետք է անել փուլ-փուլ: Ինչքա՞ն է պետք ձեզ փուլերով անցնելու համար: Եթե հիմա չեք փոխում, նշանակում է 2017-ին էլ եք նույն ձեւով անցկացնելու եւ այդպես շարունակ»:  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ճշտեց՝ ՀՀԿ-ի հետ այդ առնչությամբ բանակցություններ վարե՞լ է ՀՅԴ-ն, եւ նրանցից գոնե մի քանիսը ասե՞լ է, որ դրական կքվեարկի: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ չեն վարել, ավելի բաց քննարկումներ են եղել:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց հետաձգել օրինագծի քննարկումը: Քանի որ նույն հարցի շուրջ կան նաեւ ՀԱԿ-ի, «Ժառանգության» առաջարկները, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, պետք է միասնական մոտեցմամբ մտնել ԱԺ: Այդպես կոնսենսուսի ձեւավորման համար առավել նպաստավոր պայմաններ կլիներ: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ պատրաստ են հետաձգել, սա ինքնանպատակ չէ իրենց համար. «Խնդիրը գիտե՞ք ինչում է, մենք ժամանակին սրան անդրադարձել ենք, Վենետիկի հանձնաժողով ենք տարել, բայց դա մերժվեց: Այդպես ավելի բուռն քննարկումներ կլինեն: Ավելի մեծ փաթեթը ավելի հեշտ կմերժեն: Ես հասկանում եմ մեծամասնության տրամադրությունները»: Արմեն Ռուստամյանը համաձայնեց նաեւ անցնել համամասնական ընտրակարգին եւ ռեյտինգային քվեարկություն սահմանել, որպեսզի ցուցակից անցնեն այն մարդիկ, որոնք բարձր վարկանիշ ունեն:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դժգոհեց, որ ՀՀԿ-ի դիրքորոշումները ներկայացվեցին. «Նախորդ լսումների ժամանակ ես եմ ներկայացրել ՀՀԿ-ի դիրքորոշումը, եւ ձեր ասածն ինձ համար բացահայտում էր: Ես նման նախադասություն չեմ ասել, որ ընտրություններ են, կներեք, դրան պատրաստ չենք»: Արմեն Ռուստամյանն էլ պատասխանեց, որ մինչեւ նրա ելույթ ունենալը ՀՀԿ-ի հետ ճանապարհ են անցել, բազմաթիվ օրինակներ կարող են բերել ամենաբարձրաստիճան կուսակցականների ելույթներից: Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները այս մոդելով չեն փոխվում, պետք է լուծումները գտնվեն խորհրդարանում, ոչ թե փողոցներում. «Տրամաբանական չի, որ ընդդիմությունը 17% հազիվ ձայն է հավաքում: 80 %-ը երկրում դժգոհում է, բայց այդ  80 %-ը ումից դժգոհում է, նրան ձայն է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930