Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավորը՝ Շարմազանովի հայտարարության մասին. «Շարմազանովին ավելի բարձր էի կարծում»

Նոյեմբեր 09,2012 12:09

Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀՅԴ հայտարությանը  նշել է. «Վերջին շրջանում առաջին անգամ Դաշնակցությունը գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի: Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի ոչ լավ կյանքից է, որովհետև ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում ունի ընդամենը 5 պատգամավոր»:

Թե ինչպես է մեկնաբանում ՀՀԿ խոսնակի նման հայտարարությունը Դաշնակցությունը, Aravot.am-ը պարզեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ զրույցում: Նա այսպես արձագանքեց. «Ես իմ գործընկեր Շարմազանովին ավելի բարձր էի կարծում, չեմ ուզենա, որ նա իջնի այն մակարդակի, որ խեղաթյուրի Դաշնակցության հայտարարության նպատակներն ու մոտեցումները: Մենք ասել ենք, որ անձի խնդիրը ածանցվում է հիմնական հարցերից: Այն է՝ երկրի կառավարման համակարգում փոփոխություն իրականացնելը: Դրա համար էլ յոթ հիմնարար առաջարկները, որ ներկայացրել ենք, ունեն համակարգային բնույթ և որևէ անձով պայմանավորված չեն: Երկրի զարգացման խնդիրը այս յոթ հարցերի մեջ է թաքնված, և միայն դրանից հետո կարող ենք քննարկել սեփական թեկնածուի հարցը: Կարծում եմ՝ Շարմազանովն ինքն էլ է համոզված, որ Դաշնակցությունը թեկնածուների պակաս չունի, բայց մենք վեր ենք կանգնել նեղ կուսակցական շահերից, համապետական, համաժողովրդական, համահայկական կարողությունների տիրույթում ենք դիտարկում ՀՀ հետագա ընթացքը: Շարմազանովին խորհուրդ կտամ ու կառաջարկեմ ոչ թե մտնել նման տիպի խոսակցությունների մեջ, այլ նստել սեղանի շուրջ ու լուրջ քննարկումներ իրականացնել»:

Է. Շարմազանովի հայտարարության այն հատվածին էլ, թե «ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում ունի ընդամենը 5 պատգամավոր», Ա. Մինասյանն այսպիսի պատասխան տվեց. «Իմ հարգարժան գործընկերն ինքն էլ է համոզված, որ նման բնույթի խորհրդարանական ընտրությունների պարագայում, եթե Հանրապետականը լիներ ոչ իշխանական լծակներով օժտված ուժ, կարծում եմ շատ ավելի վատ արդյունքներ ցույց կտար»:

Մեր այն դիտարկմանը, թե գուցե ՀՀԿ-ում արդեն խուճապ է տիրում, այդ պատճառով էլ այդպիսի հայտարություններով են հանդես գալիս, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում բնութագրել իրենց կեցվածքը նման ձևով: Հակառակը, կոչ եմ անում, որ նստեն սեղանի շուրջ և բանավեճ ծավալեն ՀՀ-ի ապագայի վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես այս կամ այն անձին պաշտպանելով մոռանալ ամեն ինչ: Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»:

Ամփոփելով ՀՅԴ պատգամավորը նշեց, որ Շարմազանովը, լինելով նժդեհյան գաղափարախոսության կրողը, առաջինը ինքը պիտի ողջուներ Դաշնակցության այս մոտեցումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930