Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն մեղավոր համարո՞ւմ է

Նոյեմբեր 09,2012 11:31

Հատուկ քննչական ծառայությունը քննում է ոստիկանության Արաբկիրի բաժնում հանցագործությունները չգրանցելու փաստեր։ Այն ժամանակ, երբ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը արձանագրել է այդ խախտումները, Արաբկիրի ոստիկանապետը Արթուր Մեհրաբյանն էր, որն այժմ ղեկավարում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը։

Խախտումների վերաբերյալ որոշ հանգամանքներ եւ մանրամասներ պարզելու նպատակով երեկ դիմեցինք հատուկ քննչական ծառայություն, բայց երեկ այդպես էլ պատասխան չստացանք։ ՀՔԾ աշխատակցուհին մեզ ասաց, որ պետը տեղում չէ, իսկ առանց նրա մակագրման որեւէ հարցման պատասխանել հնարավոր չէ։

Գործի վերաբերյալ երեկ հարցեր ուղղեցինք հենց Արթուր Մեհրաբյանին։ Նրա պատասխանները հակիրճ էին։

– Պարոն Մեհրաբյան, ՀՔԾ-ում իրականացվող քննության հետ կապված ձեր

անունն է շրջում։ Այդ գործում խախտում իրականացրած ոստիկանների շարքում ձեր անունը կա՞:

– Չէ, որտեղի՞ց լինի։

– Այսինքն, դուք այդ խախտումների հետ կապ չունե՞ք։

– Ոչ։

– Օրերս հրապարակում էր հղել այդ գործի մասին, որտեղ նշվում էր, որ գործն ըստ էության հենց ձեզ է վերաբերում։ Դուք այդ գործի շրջանակներում հարցաքննվե՞լ եք։

– Չէ։ Մի քանի օր է, ինչ ուղարկել են (նյութերը ոստիկանությունից ուղարկել են ՀՔԾ- հեղ.): Երկու օր է՝ ինչ ուղարկել են ՀՔԾ։

– Այդ խախտումը կամ խախտումները, որոնց հիման վրա նյութերն ուղարկվել են ՀՔԾ, ե՞րբ են արձանագրվել, եւ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը ե՞րբ էր սկսել այդ գործով զբաղվել։

– Մի երկու ամիս կլինի։

– Դուք այն ժամանակ դեռ Արաբկիրի բաժնի ղեկավա՞րն էիք:

– Հա, էդ բաժնում էի դեռ։

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ հանցագործություններ չգրանցելու մասին է խոսքը։

– Ավտոյի հայելիների գողություն, հեռախոսների։ Հիմա քննվում է, ամեն ինչ պարզվում է։

– Նման մանր հանցագործություննե՞ր են միայն։ Լուրջ հանցագործությունների մասի՞ն չէ խոսքը։

– Չէ, դրանք են։

– Իսկ որեւէ ոստիկան այդ դեպքերի հետ կապված աշխատանքից ազատվե՞լ է:

– Չէ։ Դեռ հաստատված չի՝ դա եղել է, թե չի եղել, որ մարդկանց ազատեն կամ չազատեն։

– Փաստորեն, դուք ասում եք, որ Արաբկիրի բաժնում տեղի ունեցածի հետ կապված ձեր անունը չի քննարկվում, ձեր մասնակցությունն այդ հանցագործությանը չի ուսումնասիրվում։ Այդպե՞ս է:

– Այո։

– Իսկ դուք ձեզ գոնե մեղավոր զգու՞մ եք, որ ձեր կողմից ղեկավարվող բաժնում նման բան է տեղի ունեցել։

– Դե, հիմա մեղավորությունը՝ եթե իմ աշխատողի հետ նման բան է եղել, ես ինձ մեղավոր պետք է զգա՞մ, թե չզգամ, ի՞նչ եք կարծում։

– Պարոն Մեհրաբյան, բոլորին է հայտնի, որ շարքային ոստիկանն առանց ոստիկանության բաժնի պետի իմացության որեւէ բան չի կարող անել։

– Մարդիկ պետք է պատկերացնեն, թե դա ինչ բան ա, նոր ասեն։

– Այսինքն՝ անհի՞մն եք համարում այդ խոսակցությունները։

– Իհարկե։

– Այժմ դուք Նոր Նորքի ոստիկանապետն եք։ Այդ բաժնում նման դեպքեր՝ հանցագործություններ չգրանցելու, թաքցնելու դեպքեր դեռ չե՞ն արձանագրվել։

– Չէ։ Տենց բան չկա։

Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թվականը Արթուր Մեհրաբյանը ոստիկանության Կենտրոնի բաժնի ղեկավարն էր։ 2008-ի դեկտեմբերին Երեւանի կարաոկե-բարերից մեկում դանակահարություն էր տեղի ունեցել, որի վերաբերյալ քննություն իրականացնելիս կասկածյալներից մեկին՝ Արաբկիրի դատախազի որդուն պատասխանատվության չէին ենթարկել։ Այդ խախտումը այնքան ակնհայտ էր, որ ոստիկանությունը չէր կարողացել թաքցնել այդ հանգամանքը, եւ մի քանի ամիս անց՝ 2009 թվականին Մեհրաբյանն ազատվել էր աշխատանքից։ Այլ կերպ ասած, նա ազատվել էր Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից՝ հենց հանցագործություն թաքցնելու համար։ Որոշ ժամանակ անց, սակայն, Արթուր Մեհրաբյանը նշանակվեց Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում, եւ ընդամենը մի քանի շաբաթ առաջ է տեղափոխվել Նոր Նորքի բաժին՝ որպես բաժնի ղեկավար։ Եվ ահա այժմ պարզվում է, որ նրա կողմից ղեկավարվող բաժնում՝ այս անգամ Արաբկիրում, ոստիկանությունը կրկին հանցագործություններ է թաքցրել։ Առաջիկայում Նոր Նորքի բաժնում եւս կլինեն խախտումներ ու հանցագործությունների պարտակումներ, թե ոչ, կանխատեսելն այդքան էլ դժվար չէ, ավելի դժվար է ասել՝ դրանք կհայտնաբերվե՞ն, իրական մեղավորն ու մեղավորները պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ։

Ի դեպ, երեկ մեր կողմից ՀՔԾ-ին ուղղված հարցումով հետաքրքրվել էինք նաեւ, թե ոստիկանությունում հանցագործություններ չգրանցելու վերաբերյալ այս պահի դրությամբ քանի գործ է քննվում։ Այս հարցի, ինչպես նաեւ Արաբկիրի բաժնում արձանագրված խախտումների վերաբերյալ իրականացվող քննության հետ կապված հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ այսօր։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930