Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն իր դիրքորոշումը գիտության ֆինանսավորման մասին անգիր գիտի, եւ որ ինքը ամբողջ օրը ԱԺ-ում նրանց լոբբինգն է անում: Հիշեցնենք, որ պատգամավորը 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ կողմ է գիտության ոլորտում օպտիմալացմանը, ինչին ընդդիմացավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց. «Միանշանակ համաձայն եմ, որ գիտաշխատողները ցածր վարձատրություն են ստանում, բայց պարզաբանվեց, որ այդ ամենն այդքան էլ այդպես չի, էլի: Այդ մարդիկ նաեւ այլ թեմատիկ ծրագրերում են աշխատում»: Մեր դիտարկմանը, որ ակադեմիայի 2000 գիտաշխատողներ ընդգրկված չեն նման նախագծերում եւ բուհական համակարգում, ինչպե՞ս պետք է լուծվի նրանց խնդիրը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Դե դրա համար բարձրացվում է նրանց աշխատավարձը 10 տոկոսով՝ չկախված եկամտահարկի բարձրացման հետ: Ես դա էլ նախարարին հարցրեցի, ինքը պատասխանեց: Չեմ ուզում ասել, որ ես դրանով բավարարվել եմ, բայց ես այն մարդկանցից մեկն եմ, որ այդ հարցն անընդհատ արծարծում եմ եւ բարձրացնում եմ»:
Նա խոստացավ պարբերաբար առաջարկություններով հանդես գալ՝ գիտության ֆինանսավորման բարձրացման ուղղությամբ. «Բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը կգա, կտեսնենք ինչքան է բարձրացվում՝ 243 մլն, թե 260 մլն: Մյուս բանը, որ ինձ համար շատ կարեւոր է՝ այդ ավելացումը հո օդում չի՞ արվում: Պետք է դրա տակ ծրագիր լինի: Հիմա տեսնենք՝ ո՞ւր է ուղղվում այդ գումարը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև