Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի Սյունիքի մարզ կատարած այցի մասին տեղյակ չէին պահել մարզային թղթակիցների մեծ մասին

Նոյեմբեր 08,2012 18:09

Աշխատանքային այցով այսօր Սյունիք է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի այցի մասին տեղյակ էր պահվել մարզում գործող տեղական երկու հեռուստատեսությունների եւ մարզային թերթի ներկայացուցիչներին, իսկ մասնավորապես «Առավոտի» Սյունիքի մարզի թղթակցին չէին հրավիրել, որի պատճառով չկարողացանք նախագահի այցը լուսաբանելու համար ներկա գտնվել:

Երկրի ղեկավարը Մեղրու տարածաշրջանում մասնակցել է «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքին, որին ներկա էր գտնվում նաև ԻԻՀ ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:

ՀՀ կառավարության եւ ԻԻՀ կառավարության միջև Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել էին 2007թ. եւ 2008թ-ին, իսկ խորհրդարանների կողմից էլ դրանք վավերացվել էին:

Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում կսկսվի «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը, իսկ իրանական կողմում կկառուցվի «Ղարաչիլար» ՀԷԿ-ը, որոնց շինարարությունը կտեւի 5 տարի, դրանից հետո արդեն

15 տարով «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան: 15 տարուց հետո էլ հայկական կողմի վրա կառուցված ՀԷԿ-ն արդեն պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:

Ըստ պաշտոնական տվյալների`մոտ 2 հազար աշխատողներ կընդգրկվեն ՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին, իրանական կողմի հետ համաձայնեցված է, որ կառուցման եւ հետագայում շահագործման աշխատանքներին ընդգրկեն տեղական մասնագետներին:

Երևանում 2010 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության եւ իրանական ներդրող «Թավան ԱբԱրազ» ընկերության միջև ստորագրված «Մեղրի» ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագրի համաձայն` իրանական ներդրող ընկերությունն ինքնուրույն պետք է լուծի ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական բոլոր հարցերը: Ներդրումային այս ծրագիրը մեր երկրում առաջին անգամ է իրականացվում:

Մեղրու տարածաշրջանում հիմնարկեքի արարողությունից հետո հանդիպում է կայացել երկու երկրների պատվիրակությունների միջեւ եւ երկուստեք հավաստիացրել են, որ կառուցվելիք «Մեղրի» ՀԷԿ-ը որոշ չափով իր նպաստը կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930