Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյան. Եթե «Homo Sapiens»-ը նկարվի, մնացած ֆիլմերս պստիկ էսքիզներ կթվան (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2012 17:58

Համաշխարհային վավերագրական կինոյի հսկաներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանն այսօր Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում յուրօրինակ «բաց» դաս անցկացրեց, որին նախորդեցին նրա ֆիլմերի ցուցադրումները: Ընդ որում, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եւ երիտասարդները փելեշյանական ոչ այնքան դյյուրամարս գլուխգործոցները դիտեցին տառացիորեն ոտքի վրա:

Չնայած հանդիպումից առաջ ասվել էր, որ հարցեր չպետք է ուղղվեն, սակայն Փելեշյանը պատասխանեց դրանց: Ու կես կատակ-կես լուրջ ասաց. «Իմ վարպետն ինձ միշտ ասում էր՝ դու միայն նկարիր, բայց մի՛ խոսիր»

Օրինակ, նրա արվեստի մի երկրպագու հարցրեց՝ այսօրվա մարդու մեջ ի՞նչն է հետաքրքրում ռեժիսորին: Խոսուն ֆիլմերով, բայց բանավոր խոսքում ժուժկալ կինոմաեստրոն պատասխանեց. «Նորից կյանքն է հետաքրքրում՝ եւ այսօրվա, եւ վաղվա, եւ մյուս տարիների համար… ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի»:

Մեկ ուրիշը հիշեցնելով վարպետի խոսքերը, թե իր ֆիլմերը երկար կապրեն, որովհետեւ դրանք լի են սխալներով, հարցրեց՝ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ սխալների մասին է խոսքը: Փելեշյանը զարմացավ՝ ինչ պիտի հասկանաք, արդեն ասված է ամեն ինչ:

Նա դահլիճում ներկա երիտասարդ կինովավերագրողներին խորհուրդ տվեց. «Մի վախեցեք ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդրեք ամեն ինչ, դա՛ է որոշելու ձեր ապագան»:

Ինչ վերաբերում է կինոյին, անվանի ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է. «Կինոն ինքնուրույն արվեստ է, կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ էլ կերպարվեստի ջուրը, կինոն խմում է լրիվ առանձին տեղից վերցրած ջուր, որից խմում են գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը»:

Անդրադարձ եղավ նրա «Homo Sapiens»-ին, որի սցենարը արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց ֆինանսների բացակայության պատճառով ֆիլմ չի դառնում: Վարպետն ասաց, որ 1989-ին Մոսկվայի պետկինոն այդ սցենարը ընդունել էր պետպատվեր, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց, ֆիլմը չնկարվեց: Ներկաներից մեկի դիտարկմանը, թե, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանի ազգային կինոկետրոնը պատրաստ է գումար տրամադրել, սակայն պակասում է Փելեշյանի՝ ֆիլմ նկարելու նախաձեռնությունը, վարպետն ասաց. «Բա ինձ ինչի՞ չեն ասում…»: Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ հավելեց. «Վստահ եմ, որ Գեւորգը (կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը-Գ.Հ.) պատրաստ է գումար տրամադրել, բայց երեւի չգիտի, որ դա մշակույթի նախարարության մեկ տարվա բյուջեն էլ է գերազանցում: Մնում է ստեղծենք «Homo Sapiens» ֆոնդ եւ ազգովի փող հավաքենք այդ ֆիլմի համար»:

Փելեշյանը կատակով ասաց, որ առիթից առիթ նայում է իր ֆիլմերը. «Homo Sapiens»-ն էլ եմ տեսել, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք: Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարել, իմ մնացած գործերը պստիկ էսքիզներ կթվան «Homo Sapiens»-ի առաջ»:

Վարպետը նաեւ ասաց, որ մերօրյա հայկական կինոյում հետաքրքիր միտումներ չի տեսնում, դրանք առկա են ռուսական, ամերիկյան եւ չինական ֆիլմերում, իսկ մարդկային արատների մասին խոսելիս էլ, նշեց, թե տանել չի կարողանում խորամանկությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930