Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «ՀՀԿ-ն շատ բան չի կորցնի՝ անկախ ԲՀԿ -ՀԱԿ ֆլիրտը ինչ ընթացք կստանա»

Նոյեմբեր 08,2012 17:21

«Կարծում եմ, որ արդեն իսկ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հանրապետական կուսակցությունը շատ բան չի կորցնի՝ անկախ ԲՀԿ –ՀԱԿ ֆլիրտն ինչ ընթացք կստանա: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ շանսեր չի կարող ունենալ նախագահական ընտրություններում՝ հաշվի առնելով և իր անցյալը, և ներկայիս վիճակը, և առավել ևս թաքնված սպառնալիքները Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հարցերով»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը և եթե ոչ՝ ՀՀԿ-ն այդ դեպքում շա՞տ բան կկորցնի՝ այսպես պատասխանեց նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:

ԲՀԿ-ի՝ այս փուլի վարքագծին գնահատական տալով էլ պարոն Սադոյանը նկատեց. «ԲՀԿ-ն կրակն ընկավ իր պահանջների մեջ: Ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ն մեծ պահանջներ էր դնում, Հանրապետական կուսակցությունը որոշեց չբավարարել դրանք: ԲՀԿ-ն էլ՝ սպառնալով, թե կիսաընդդիմադիր է դարձել, փորձում է իր այդ վիճակը ինչ- որ ձևով օգտագործել իր պահանջները պարտադրելու համար: Չեմ կարծում, թե առաջիկայում ԲՀԿ-ն լուրջ հնարավորություններ ձեռք կբերի, առավել ևս նրանց կիսաֆլիրտը ՀԱԿ-ի և որոշ ուժերի հետ, կամ նախկինում մեր կողմից առաջ քաշված իդեաների վկայակոչումը շատերի մոտ թերահավատություն կառաջացնեն ԲՀԿ-ի հանդեպ: Չեմ կարծում, թե ԲՀԿ-ն լուրջ քայլեր ձեռնարկի նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե օրինակ սեփական թեկնածուով հանդես գա և նա լինի Գագիկ Ծառուկյանը, ապա հազիվ թե այնքան համախոհներ ունենա, որ կարողանա հասնել հաղթանակի՝ հաշվի առնելով իշխանության լրացուցիչ լծակները: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները արհեստական ստեղծված են: Ինձ զարմացնում է ՀԱԿ-ը: Ո՞նց կարող էր Լևոն Տեր-Պետրոսյանը այդքան միամիտ քայլերի գնալ»:

Նշված իրավիճակն է պատճառը, որ Ա. Սադոյանը ներկայիս քաղաքական իրավիճակը «ողբալի» է համարում և նշում, «թե պարզ չէ, քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների լուրջ պատրաստվո՞ւմ են, թե՞ փորձում են համագործակցել, բանակցել, մի կերպ մի բան պոկել»:

Ա. Սադոյանը նշված իրավիճակից որպես ելք՝ առաջարկում է ստեղծել լայն զանգվածի ներառմամբ նոր տիպի քաղաքական ուժ՝ վիրտուալ դաշտում քաղաքական կուսակցություն: Ըստ նրա՝ նոր մոտեցումները պիտի հիմնված լինեն ինֆորմացիոն տեխնոլոգիական հեղափոխության վրա, պետք է օգտագործել սոցցանցերը, աջակցել, որ ՀՀ ողջ տարածքը ունենա WiFi հասանելիություն և հեռախոսակապը մեկ րոպեի համար մեկ դրամից չգերազանցի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930