Մեկ ամիս առաջ Համահայկական պատանեկան սինֆոնիկ նվագախմբում ձեւավորվել է Երիտասարդ երաժիշտների միությունը: Այնտեղ ընդգրկված են երիտասարդ երաժիշտ կատարողներ, երաժշտագետներ, խմբավարներ, կոմպոզիտորներ:
Կառույցի առաջին համերգը կայացավ երեկ` նոյեմբերի7-ին, Շախմատի տանը: Այն նվիրված էր շախմատի հայ չեմպիոններին: Մասնակցում էին միության անդամները, երգչախումբը: Նրանք կատարեցին Կոմիտասի, Մոցարտի, Հայդենի, Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները:
Համահայկական պատանեկան սինֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Երիտասարդ երաժիշտների միության պատվավոր նախագահ Էդուարդ Եսայանցը ասաց, որ միության նպատակը երիտասարդ երաժիշտների համախմբումն է, բացի դրանից, իրենք ցանկանում են կապեր հաստատել դրսում գոյություն ունեցող նման կառույցների հետ: Ըստ Եսայանցի, շատ կոմպոզիտորներ կան, ովքեր մոռացված են, օրինակ` Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Ավետ Տերտերյանը… Նրանց կենսագրության եւ ստեղծագործությունների հետ էլ կծանոթացնեն երիտասարդներին:
«Մենք մեր գործունեությամբ կփորձենք մաքրել երաժշտական դաշտը պատահական մեղեդիներից: Դժվարանում եմ ասել, թե երիտասարդները որքանով են հետաքրքրված դասական երաժշտությամբ, բայց դրանում իրենց մեծ դերն ունեն հեռուստատեսային ծրագրերը: Ասում են` պահանջարկից ելնելով ենք տալիս, որեւէ մեկը իմ պահանջարկը հարցրել է: Չի հարցրել: Մեր ժողովրդի 10 տոկոսը լսում է դասական երաժշտություն, իսկ դա անում է 300 հազար մարդ: Փաստորեն այդքան մարդ զրկված է նման երաժշտություն լսելուց: Ցանկացած քաղաքակիրթ մարդ պետք է մինիմումը իմանա այդ երաժշտության մասին»,- ասաց Եսայանցը:
Նելլի Գասպարյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Նա նույնպես մասնակցում էր Երիտասարդ երաժիշտների միության անդրանիկ համերգին: Կատարում էր երկու արեւմտաեւրոպական ստեղծագործություններ: Նելլիի խոսքով, դա իր շնորհավորանքի յուրօրինակ ձեւն էր շախմատիստներին:
Երիտասարդ երաժիշտների միությունը անդամակցելու առաջարկություն է արել Նելլիին:
«Կհամաձայնեմ»,- ասում է նա եւ ավելացնում, որ իրեն տեսնում է բոլոր այն կառույցների կողքին, ովքեր զբաղվում են երիտասարդ երաժիշտների խնդիրներով:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կապ է տեսնում դասական երաժշտության եւ շախմատի միջեւ:
«Երկուսն էլ արվեստի տեսակներ են, որոնք ընդունված չեն ժողովրդի կողմից»,- ասում է նա: Ըստ նրա, կան շատ երաժիշտներ եւ շախմատիստներ, որոնք հայտնի չեն մարդկանց: Ասում է` պատճառը նրանում է, որ դժվար է այդ երկու արվեստից որեւէ մեկը տիրապետելը:
Գրոստմայստեր Տիգրան Պետրոսյանը համաձայն է իր գործընկերոջ հետ: Մի շարք գրքերում կարդացել է, որ շախմատիստներ են եղել, ովքեր սիրել են դասական երաժշտությունը: Ըստ նրա, դա պատահական չէ, քանի որ այդ տիպի երաժշտությունը ունի հանգստացնող բնույթ:
Լուսանկարները Սփյուռքի նախարարության կայքից
Արամ Արարատյան