Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերոբ Բոզոյան. «Աշխարհը գիտի, որ ես հանցագործ չեմ»

Նոյեմբեր 08,2012 16:49

Իշխող Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանի փաստաբանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Կարեն Մանուչարյանը մտահոգություն հայտնեց, որ անհրաժեշտ բուժօգնություն չստանալու եւ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու դեպքում քաղցկեղով հիվանդ 54-ամյա Բոզոյանի կյանքին վտանգ է սպառնում:

Հիշեցնենք` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Բոզոյանին անցած ամիս դատապարտեց մեկ տարվա ազատազրկման: Չբողոքարկելու դեպքում դատավճիռը մինչեւ նոյեմբերի 17-ը կմտնի ուժի մեջ, եւ առայժմ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ գտնվող հիվանդ տղամարդը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:

Սերոբ Բոզոյանը այսօր «Ազատություն» հետ զրույցում խիստ հուսահատ էր, ասաց, որ այլ ելք չունի, պետք է բողոքարկի, քանի որ հակառակ դեպքում ուղղակի «բանտից դուրս չի գա»: Նա պատմեց, որ մի քանի օր առաջ է վիճակը կտրուկ վատացել, սկսել է արնահոսել, օնկոլոգիական կլինիկայում նշանակված է շտապ վիրահատություն, սակայն ընտանիքը չունի պահանջված 160 հազար դրամը, եւ հիվանդ տղամարդը չի կարող վիրահատվել:

«Շտապ օգնություն եկավ, Էրեբունի հիվանդանոցում ասեցին` դու օնկոլոգիականի հիվանդն ես, գնա իրանց մոտ, էնտեղ էլ ասեցին 160 հազար պիտի մուծես, որ վիրահատենք: Ասեցի` ի վիճակի չեմ, թողի դուրս եկա, եկա տուն», – պատմեց նա:

Բանկերն էլ հրաժարվում են վարկով գումար տալ Սերոբ Բոզոյանին, քանի որ սոցիալապես խիստ անապահով ընտանիքը չունի անհրաժեշտ եկամուտ:

«Բանկերն ասում են` մեզ հետ գործ չունեք, գնացեք, որտեղից ուզում եք ճարեք, կամ բերեք կանխիկ գրավ դրեք տուն, մեքենա, ոսկի… վերջը տեսա, որ ոչ կարող եմ բանկից վերցնել, ոչ մի բան անեմ, նստած սպասում եմ», – ասում է Բոզոյանը:

Փուչիկների բռնկման գործով դատապարտվածը անարդար է համարում իրեն այս վիճակում մեկ տարով ազատազրկելու առաջին ատյանի վճիռը` հույս հայտնելով, որ գոնե Վերաքննիչ դատարանը կմեղմացնի այդ պատիժը:

«Գոնե հարկադիր տար, ուրիշ տույժ տար: Էդ մի տարին աշխատեի, երեխեքիս գլխից անպակաս լինեի: Մի տեղ մի պահակություն, մի բան կանեի, կբերեի մի կտոր հացը կապահովեի: Որ գնացի էնտեղ ու չեկա, պիտի օգո՞ւտ անեն էս երեխեքը կամ ես: Կամ ես ի՞նչ եմ արել դիտավորյալ: Փորձանք ա, դժբախտ պատահականություն ա, փառք Աստծո, որ մահ չի եղել, երեխեքը ողջ, առողջ են, որ նրանք ներում են, ասում են` «մեղք ա ձյաձյան, հո՞ դիտմամբ չի արել», թող պետությունն էլ ների էլի: Աշխարհը գիտի, որ ես հանցագործ չեմ: Էդ դժբախտ պատահականությունը չի նշանակում, որ մարդը հանցագործ ա», – ասաց Բոզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930