ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի որոշումը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին», կրքեր է բորբոքել: Հիշեցնենք, որ այդ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է մարզերից 4 տարով Երևան տեղափոխել պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձան:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, օրինակ, նամակ է հղել ՀՀ վարչապետին ՝ մտահոգությամբ, թե պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր: Պատգամավորը նաեւ հետաքրքրվել է՝ կա՞ որեւէ պետական մարմին, որին հայտնի են, թե տարիների ընթացքում ստույգ որքան եւ ինչ հուշարձաններ են տեղափոխվել իրենց գտնվելու վայրերից, որտեղ են տեղափոխվել, ինչ նպատակներով եւ ինչու չեն վերադարձվում:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանից: Պարոն Հոբոսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կարելի է տեղափոխել միայն այն հուշարձանները, կոթողները կամ միավորները, որոնք գտնվում են հատկապես սահմանամերձ տարածքներում, վտանգված են, պատահական ինչ-որ բան կարող է նրանց վերացնել, կամ գտնվում են բնակավայրերից հեռու, դրանց պարագայում առկա է փլուզման ու կորստի վտանգ: «Իսկ այն կոթողները, որոնք գտնվում բանուկ տեղերում եւ վաղուց իրավունք են վաստակել, որ մարդիկ իրենց այցելեն, անհասկանալի է դրանց տեղափոխման իմաստը: Ընդհանրապես տեղափոխման հիմնական նպատակը պետք է լինի հուշարձանի փրկությունն ու ապահովությունը»,-ասաց մասնագետը:
Անդրադառնալով, օրինակ, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցու արեւի ժամացույցի՝ Երեւան տեղափոխելուն, հուշարձան, հանուն որի զբոսաշրջիկները Լոռի են գնում ու պատրաստ են 600 մետր խորությամբ ձորը իջնել, պարոն Հոբոսյանն այդ ժամացույցը տեղափոխելը որակեց հանցագործություն: «Դա բառիս բուն իմաստով հանցագործություն է, Դսեղի Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին առանց այն էլ ահավոր անմխիթար վիճակում է, եւ այնտեղ այնքա՜ն բաներ կան, որ շատ ավելի մեծ արժեք ունեն, քան արեւի ժամացույցը, փայլուն խոյակներ ու պատվանդաններ, սյուներ, որոնք չի էլ կարելի տեղափոխել: Ի վերջո կգա մի օր, որ մեր երկիրը հնարավորություն կունենա վերականգնել էդ հրաշքը, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին մեր ճարտարապետության գագաթներից է, եւ այդտեղից մի խիճ անգամ տանելը հանցագործություն է »,-ասաց պարոն Հոբոսյանը:
Կարդացեք նաև
Նա մի օրինակ բերեց. տարիներ շարունակ Վայոց ձորի Չիվա գյուղի մոտով անցնելիս միշտ մտածել է ճանապարհի եզրին գտնվող խոյակի՝ Եղեգնաձորի թանգարան տեղափոխելու մասին. «Խոյակը հիմա չկա, հաստատ չեն տարել, հավանաբար ճանապարհ սարքելիս բուլդոզերով հրել են, հողով ծածկել: Այ նման բաները պետք է տեղափոխել, ոչ թե Դսեղի արեւի ժամացույցը: Հայաստանում 1000 արեւի ժամացույց կա, բոլորը հավաքենք մի տե՞ղ, հուշարձանի հերն անիծե՞նք…»:
Ի դեպ, վաղը՝ ժամը 13:30-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիական նախաձեռնություններ կանցկացնեն բողոքի ակցիա՝ ընդդեմ հուշարձանների «արտագաղթի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ