Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու անդամ. «Վարդան Ղուկասյանը ինձ պարտք չէ, ինձ քննադատողներն էլ գլուխները քարին են տվել, երեսներն էլ`պատին»

Նոյեմբեր 08,2012 15:42

Գյումրու ավագանու արդեն իսկ պաշտոնաթող լինող անդամներից մեկը` «Արման-Էլիտշին» շինկազմակերպության ղեկավար Չուբար Զաքարյանը, որը հայտնի է Վարդան Ղուկասյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններով, 13 տարի շարունակ քաղաքային բյուջեից ասֆալտապատման պատվերներ է ստացել, այժմ անվճար, բարեգործական հիմունքներով սկսել է աշխատել Սամվել Բալասանյանի համար: Ավագանու անդամը հարթեցնում է Գյումրու համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը` այս ամենի դիմաց ակնկալելով քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Լրագրողները Չուբար Զաքարյանից հետաքրքրվեցին, թե Վարդան Ղուկասյանի կադր համարվող ավագանու անդամը այդ ինչպե՞ս հասցրեց մտերմանալ Սամվել Բալասանյանի հետ, և ինչո՞ւ հատկապես իրեն խնդրեցին հարթեցնել ճանապարհը: «Ուրեմն, քանի որ ես կազմակերպություն ունեմ, և էնտեղ աշխատում եմ մատակարար, հնարավորություններս մեծ են: Ընկեր Բալասանյանը` նոր քաղաքապետը, դիմել է ինձ, որպեսզի ես օգնեմ, ես պարտավոր եմ օգնելու: Ոչ թե միայն ես ընկեր Բալասանյանին եմ օգնելու, այլ օգնել եմ նախկին քաղաքապետերին: Ես բարեգործություն եմ կատարում, բոլորն էլ գիտեն: Բերել եմ իմ կազմակերպության մեքենա-մեխանիզմները: Այս ճանապարհի երկարությունը 2 կիլոմետր է, Սամվել Բալասանյանի հետ մենք 20 օր առաջ ճանապարհորդեցինք, հնարավոր չէր գալ, անձրևոտ օր էր, խառանշփոթ վիճակ: Ես հանձն առա, որպեսզի օգնեմ իմ քաղաքիս, նոր քաղաքապետի կողքը կանգեմ և բարեգործական նպատակով էս ճանապարհը կառուցեմ», -պատասխանեց ավագանու անդամը:

Լրագրողներից մեկը նրան փոխանցեց, որ իրեն Գյումրիում շատերն են քննադատում` ոչ որակյալ ասֆալտ անելու համար: «Էդպես ասողը գլուխը քարն է տվել, երեսն էլ պատը, էդ ասեկոսեները պիտի ապացուցվի: Ես էն մարդն եմ, ով 40 տարի աշխատել է, մեծամասնությունը բարեգործություն եմ կատարել, իմ կատարած ասֆալտը…Իսահակյան փողոցը տեսե՞լ եք, նորմա՞լ է» , -հարցրեց ավագանու անդամը: Լրագրողը պատասխանեց. «Նորմալ է հլը» : «Հլը չէ, հլըյով չէ, այս ճանապարհին 5 տարի գարանտիա եմ տալիս», -շարունակեց Չուբար Զաքարյանը` թվարկելով իր կառուցած ճանապարհները:

Սա ձեր առաջին բարեգործությո՞ ւնն է, համառորեն շարունակեցին լրագրողները: «Առաջինը չէ, ես շատ մեծ բարեգործություններն եմ կատարել, իսկ հարթեցման ճանապարհի խճապատման տեսքով էս տարվա մեջ իմ կատարած առաջին, թե երկրորդ գործն է արդեն, քանի որ մենք բոլորս պարտավոր ենք կանգնելու նորընտիր քաղաքապետի կողքին: Այն շինարարները, որոնք հնարավորություն ունեն, ամենքը իր ներդրումը պիտի կատարի, մինչև կարգի գա: Մեր քաղաքն է, մենք բոլորս պետք է կառուցենք մեր քաղաքը»,- ասաց ավագանու անդամը ` հատ-հատ թվարկելով այն բոլոր քաղաքապետերին, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, և ըստ իրեն, բոլորի օրոք էլ բարեգործություններ է արել:

«Ես Վարդան Ղուկասյանի հետ էլ լավ հարաբերության մեջ եմ, հիմա Սամվել Բալասանյանի հետ էլ եմ աշխատելու, իմ քաղաքս է, բոլորի հետ աշխատելու եմ: Ես տարբերություն չեմ դնում քաղաքապետերին, ես աշխատում եմ իմ քաղաքիս համար»,-հայտարարեց մեր զրուցակիցը: Aravot.am-ի այն հարցին էլ, թե ավագանու անդամ լինելով` նախորդ իշխանության օրոք ինչո՞ւ չէր բարձրաձայնում այս ճանապարհը բարեգործական հիմունքներով հարթեցնելու մասին և ճի՞շտ է, որ Վարդան Ղուկասյանը իր շինկազմակերպությանը բավականին մեծ պարտքեր ունի, Չուբար Զաքարյանն ասաց. «Վարդան Ղուկասյանը իմ շինկազմակերպությանս պարտքեր չունի, իսկ ես նախկինում որպես ավագանու անդամ էս ճանապարհով չէի եկել: Այս ճանապարհը ձեռնարկեց Սամվել Բալասանյանը, ինքը եկել –նայել էր, ինձ էլ ասեց, ես եկա, մեծ հաճույքով կանգնել եմ Սամվել Բալասանյանի կողքը, առանց շահախնդրության, առանց կոպեկի կառուցում ենք էս ճանապարհը , և եթե բարեգործություն ենք անում, գումարը չենք հաշվում, եղավ, աղջիկ ջան» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930