Մսի շուկայում սիբիրախտով մսի վաճառք չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը:
«Այն օջախներում, որտեղ հայտնաբերվել են դեպքեր, դրանք վերահսկման տակ են: Վարդենիսի տարածաշրջանում հայտարարվել է կարանտին, կենդանական ծագման մթերքի տեղափոխումն ու իրացումը արգելված է: Իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա»,- ասաց պարոն Բախչագուլյանը:
Նրա խոսքերով, Վարդենիսի շրջանում մոտ 7 կենդանի են արդեն բուժել. «Գյուղացին չի ցանկանում սննդի անվտանգության պետական ծառայության հրահանգները կատարել եւ կենդանիների տնական պահվածքը չի ապահովում: Այս պահին տարածումը կանխելու աշխատանքներ ենք տանում»: Ինչ վերաբերում է Տավուշի մարզում սիբիրախտի արձանագրված դեպքերին, պարոն Բախչագուլյանն ասաց, որ այնտեղ համաճարակ չկա. «Տարածվածություն ունենք միայն մի մասում: Հայտնաբերվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու եւ մեկ գոմեշի հիվանդության դեպք, պատճառը կենդանիներին չպատվաստելն է: Պատվաստված կենդանին սիբիրախտի նկատմամբ ընկալունակ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ