Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Հայաստանը միջին, կամ ավելի շատ ցածր պարտք ունեցող երկրների շարքում է»

Նոյեմբեր 08,2012 15:22

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Հենարան» ակումբում այսօր խոսեց 2013 թվականի բյուջեի նախագծի կայացած քննարկումների մասին: Նկարագրելով եկող տարվա բյուջեի նախագիծը՝ Մինասյանն ասաց, որ այն բավականին բարձր՝ 6.2 տոկոս ՀՆԱ-ի աճ նախատեսող եւ մակրոտնտեսական ցուցանիշների բավականին բարձր կայունություն ապահովող նախագիծ է եւ այս տարվա անցած ամիսներին գրանցվել է 3.1 տոկոս գնաճ, միջին գնաճը՝ այս տարվա ընթացքում, կլինի ավելի ցածր:

Ինչ վերաբերվում է արտահանման եւ ներմուծման աճի տեմպերին, ապա ըստ Մինասյանի՝ «Եթե այս տարվա համար մեր արտահանման աճի տեմպը շուրջ 2 անգամ է գերազանցելու ներմուծման աճի տեմպին, ապա եկող տարվա համար նախատեսում է այս ցուցանիշի ավելի բարձր տարբերություն՝ հօգուտ արտահանման տեմպի: Կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ մեր ընթացիկ հաշվի պակասորդն է նվազում, եւ եկող տարվա համար կանխատեսում ենք երկնիշ հաշվի պակասորդից անցնել միանիշի»:

Մինասյանի փոխանցմամբ, երբ խախտվում է մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը, առանց դրանց կարգավորման, որեւէ սոցիալական խնդիր լուծել հնարավոր չէ:

«Ինչ վերաբերվում է արդյունաբերությանը, ապա եկող տարվա հիմնական ուղղությունը պետք է լինի այս տարվա ընթացքում որդեգրած պետական- մասնավոր համագործակցության խորացումը եւ այս բնագավառում ունենք լուրջ անհաջողություններ: Հայաստանն այնպիսի երկիր է, որի արդյունաբերությունը կարող է աճել, եթե միտված է արտահանությանը:

Գյուղատնտեսության բնագավառի հետ կապված էլ նշեմ, որ շարունակվելու է աջակցությունը, որը վերջին տարում էական նշանակություն է ունեցել գյուղատնտեսական աշխատանքի աճի բարձր տեմպի համար: Սուբսիդավորելու ենք բանկային տոկոսադրույքները, օժանդակելու ենք եւ սերմացուով եւ պարարտանյութով: Սոցիալական բնագավառի հետ կապված էլ ասեմ, այստեղ անցում ենք կատարում դրամական միջոցների տրամադրումից այն պայմանների ստեղծմանը, որպեսզի ընտանիքը, կամ անհատը այլեւս կարիք չունենա անընդհատ դրամական միջոցների հատկացման: Իհարկե բացառություններ կան, միշտ էլ կլինեն հասարակության այնպիսի անդամներ, որոնք ինքնուրույն չեն կարող իրենց մասին հոգ տանել, եւ պետությունը պարտավոր է շարունակաբար բարձրացնել նրանց նպաստներն ու թոշակները: Սակայն այս մարդիկ փոքրամասնություն են կազմում, շատ ավելի մեծ է այն անհատների ու ընտանիքների թիվը, որոնք ունեն աշխատելու հնարավորություն եւ չունեն աշխատանք: Այստեղ քաղաքականությունը կայանալու է հետեւյալում, ոչ թե կարիքավոր ընտանիքին ամեն անգամ ձուկ ենք տալու, այլ կարթ, որ նա ինքնուրույն որսա ձուկը եւ պետության հոգածության կարիքը չզգա».-հավելեց Մինասյանը, տեղեկացնելով, որ այս տարվա վերջին կունենանք 3,8 միլիարդ դոլարի պարտք, որը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի 37,2 տոկոսը, իսկ եկող տարվա համար՝ 4 միլիարդ դոլարի պարտք, որը հատկանշական է նրանով, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսը կպակասի՝ դառնալով 37: «Այս ցուցանիշով կմնանք միջին կամ ավելի շատ ցածր պարտք ունեցող երկրների շարքում: Ինչ վերաբերվում է պարտքի սպասարկմանը, ապա նշեմ, որ Հայաստանը այս առումով առանձնացել է ճշտապահ լինելով: Ի դեպ՝ եկող տարի մեր արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերն ավելանում է 40 միլիարդ դրամով»,-ավելացրեց Մինասյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930