Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանները, մաքսավորներն ու ԱԱԾ աշխատակիցները կմիավորվեն, որ կեղծ դեղերի դեմ պայքարեն

Նոյեմբեր 08,2012 15:16

Ներկայումս ստույգ որեւէ վիճակագրություն չկա, թե մեր երկրում դեղերի քանի տոկոսն է կեղծ, քանի որ մինչ այս չկար անգամ կեղծ դեղի սահմանումը: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված դեղերի կեղծման եւ նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացի ժամանակ մեր երկրի դեղոլորտի մասնագետները հայտնեցին, որ դեղերի մասին օրենքի փոփոխություններից հետո, արդեն հստակ սահմանվել է, թե որն է համարվում կեղծ դեղ:

Aravot.am-ի հետ զրույցում Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն ասաց, որ 2012 թվականին Հայաստանը վավերացրել է դեղերի կեղծման դեմ պայքարի Եվրամիության կոնվենցիան, որի նպատակն է նպատակաուղղված պայքար մղել  կեղծ դեղերի տարածման դեմ:

Դասընթացին ներկա էին նաեւ ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսայինի աշխատակիցներ, որոնց Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի եւ առողջապահության վարչության մասնագետները «լուսավորեցին»,  թե ինչպես պետք է համակարգված պայքար մղել կեղծված դեղերի դեմ, որպեսզի պայքարն արդյունավետ լինի:

Միջոցառման ժամանակ քննարկվեցին նաեւ դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության  արտադրանքի կեղծմանն առնչվող հարցեր, կեղծման դեմ պայքարի միջոցները, բախշման շղթայում հայտնվելու խնդիրները, դեղերի ինտերնետային առեւտրի թերությունները եւ այլ հարցեր, որոնք զուտ նախատեսված էին իրավապահ մարմինների աշխատակիցների համար եւ հրապարակման ենթակա չէին:

Նկատենք, որ մինչ այժմ դեղերի ոլորտի որեւէ վերահսկողական տեսչություն մեր երկրում չի գործել, կեղծ դեղերի դեմ պայքարն էլ ընդամենը  վերջերս է ՀՀ նախագահի հանձնարարությամբ մտցվել ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Պարոն Սահակյանի խոսքերով, հետխորհրդային տարածքում ստեղծվել էին  բոլոր նպաստավոր պայմանները կեղծ դեղերի տարածման համար եւ խորհրդային կարգերի փլուզումից հետո, դեղերի ոլորտի կարգավորում, ըստ էության, չի իրականացվել, ֆինանսների ու մասնագետների բացակայությունը նույնպես նպաստել է, որ ոլորտը տարիներ ի վեր չկարգավորվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930