– Վերջին շրջանում մամուլն ու հասարակությունը ակտիվորեն քննարկում են դատախազության հասցեին ՀՀ նախագահի տված կտրուկ գնահատականները՝ նախաքննության նկատմամբ հսկողության իրականացման բնագավառում թույլ տված սխալների ու թերացումների համար։ Դուք, որպես նախկին դատախազ, իսկ ներկայումս փաստաբանական գրասենյակ հիմնադրած, այսինքն՝ այսպես ասած «բարիկադների» երկու կողմերում էլ եղած անձնավորություն, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ի՞նչն է խանգարում դատախազությանը պատշաճ մակարդակով կատարելու իր վրա դրված պարտականությունները։
– Այդ հարցում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոններ։ Մի կողմ թողնելով սուբյեկտիվ գործոնը, որը բազմիցս արծարծվել է մամուլում եւ ամենքին է հայտնի, խոսենք միայն օբյեկտիվ գործոնների մասին, որոնք այսօր, իրոք, խանգարում են դատախազությանը պատշաճորեն իրականացնելու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորությունը։
Չխոսենք նաեւ նախաքննության ընթացքում կողմերի հավասարության եւ մրցակցության հիմնարար սկզբունքի կիրառման իսպառ բացակայության, ինչպես նաեւ դատարանների անկախության սկզբունքի ամենուրեք ոտնահարման, իսկ ավելի ստույգ՝ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ «հնազանդեցված» դատարանների մասին, քանի որ առաջին դեպքում նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարված ¨ հույս ունենք, որ այն ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո մրցակցության կիրառման ուղղությամբ իրավիճակը նկատելիորեն կբարելավվի, իսկ «հնազանդ» դատարանների մասին արդեն իսկ խոսել ենք «Առավոտի» թղթակցին տված ¨ 2011թ. հուլիսի 9-ի համարում տպագրված հարցազրույցում։
Ներկայումս կան օրենսդրական մի քանի, առնվազն երկու, խոչընդոտներ, որոնք չեն նպաստում նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության իրականացմանը։
Առաջինը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 3-րդ կետն է, որը սահմանում է, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է նախաքննության «լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ¨ արդյունավետության համար»։
Կար ժամանակ, երբ դատախազությունն ուներ քննչական ապարատ եւ միաժամանակ ե’ւ նախաքննություն էր իրականացնում, ե’ւ հսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ, որը ակնհայտ է, որ չէր կարող չենթարկվել գերատեսչական շահերին։ Այդ էր պատճառը, որ նոր Սահմանադրությամբ եւ դրան հաջորդած իրավական բարեփոխումների արդյունքում քննչական ապարատն առանձնացվեց դատախազությունից, որպեսզի դատախազությունը հնարավորություն ունենա իրականացնելու անաչառ դատախազական հսկողություն։
-Իսկ ի՞նչ արվի, երբ օրենքով դատախազությունն օտարվել է նախաքննությունից:
-Դատախազական անաչառ հսկողություն իրականացնելու համար դատախազությունը պետք է կաշկանդված չլինի նախաքննության արդյունքներով։ Այն նպատակը, ինչի համար նախաքննությունը առանձնացվեց դատախազությունից, օրենքի վերը նշված նորմով անիրագործելի է դառնում։ Ակնհայտ է, որ դատախազությունը, նախաքննության մարմնի հետ միասին, պատասխանատու լինելով դրա արդյունավետության համար, նրա հետ միասին պատասխան է տալիս նա¨ հանցագործության դեպքերի բացահայտման եւ նախաքննության ընթացքում թույլ տրված սխալների ու բացթողումների համար։ Այդ դեպքում դատախազությունը «շահագրգռված» է դառնում ոչ թե այդ սխալներն ու բացթողումները բացահայտելու, այլ դրանք կոծկելու, հանցագործության դեպքը բացահայտված ցույց տալու ¨ գործը դատարանով ամեն կերպ «անց կացնելու» հարցում։
Դատախազության աշխատանքներին եւ նախաքննության օրինականության նկատմամբ անաչառ հսկողության իրականացմանը խոչընդոտող այդ նորմի վերացման հարցը իմ կողմից բարձրացվել է դեռ¨ս այս տարվա մայիսին՝ «Ժողովուրդ» օրաթերթի 2012թ. մայիսի 30-ի «Նախաքննությունը դատախազությունից առանձնացնելը բավարար չէր» վերտառությամբ հոդվածում։
Սակայն կա նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկո¬ղության պատշաճ իրականացմանը, եթե չասենք խոչընդոտող, ապա առնվազն չնպաստող մեկ այլ օրենսդրական բացթողում նույնպես, որն ուղղելը իրենից բարդություն չի ներկայացնում, սակայն ուղղելու դեպքում մեծապես կնպաստի դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը։
Ինչպես գիտենք, ՀՀ դատախազությունը խիստ կենտրոնացված համակարգ է, որտեղ գործում են վերադասության եւ ստորադասության հարաբերություններ։ Վերադաս դատախազը, «Դատախազության մասին» օրենքի համաձայն, հետեւում է ստորադաս դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանն ու օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը, նախաքննության օրինականությունն ապահովելու նպատակով կարող է ցուցումներ տալ ստորադաս դատախազներին եւ այլն։
Այս տողերը կարդալիս Երեւանում բնակվողները, ովքեր երբեւէ գործ են ունեցել դատախազության հետ, իրենց մտքում արդեն հավանաբար պատկերացրին, որ ստորադաս դատախազներն առաջին հերթին վարչական շրջանների դատախազություններում աշխատող դատախազներն են, իսկ նրանց մոտ կանգնած առաջին վերադաս դատախազը՝ վարչական շրջանի դատախազն է, ում նրանք հաճախ գրավոր կամ բանավոր դիմում են առաջիններիս դեմ բողոքելու առիթ ունենալու դեպքում, որովհետեւ բնական է, որ նրանք պետք է ուղղեն իրենց աշխատկիցների սխալները։
Զարմանալի է, բայց այդպես չէ։ Ի տարբերություն մարզերի դատախազների, ովքեր վերադաս են հանդիսանում իրենց ենթակայության տակ աշխատող բոլոր մյուս դատախազների նկատմամբ, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազները իրենց ղեկավարած դատախազությունների դատախազների նկատմամբ վերադաս դատախազի լիազորություններ չունեն, եւ նրանց թույլ տված սխալներն ու բացթողումները կանխելու կամ դրանք ուղղելու համար պատշաճ կարգով պետք է դիմեն Երեւան քաղաքի դատախազին, որն էլ իր ղեկավարած դատախազության դատախազների միջոցով գործն ուսումնասիրելուց հետո կամ կհամաձայնվի վարչական շրջանի դատախազի հետ եւ համապատասխան ցուցում կտա, կամ չի համաձայնվի եւ ցուցում չի տա։
Կարծում եմ՝ պարզ է, որ վարչական շրջանի դատախազը միշտ չէ, որ կշտապի դիմել վերադաս դատախազին՝ նրանից գրավոր ցուցում ստանալու համար կամ էլ միշտ չէ, որ վերադաս դատախազը պատրաստ կլինի նրան գրկաբաց ընդունել, առավել եւս, որ որոշ վերադաս դատախազներ գերադասում են ոչ թե սխալը կանխել կամ տեղում ուղղել, այլ սպասել, որ սխալը թույլ տրվի եւ առիթ լինի համապատասխան դատախազին «տեղը դնելու» համար։ Իսկ վարչական շրջանների դատախազությունների օղակում օպերատիվ եւ արդյունավետ դատախազական հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ուղղում կատարել «Դատախազության մասին» օրենքում եւ սահմանել, որ վարչական շրջանների դատախազները իրենց ղեկավարած դատախազությունների դատախազների նկատմամբ վերադաս դատախազի լիազորություններ ունեն, որը մարզային դատախազությունների դեպքում արդյունավետ աշխատում է։
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ