Այսօր մի խումբ երիտասարդներ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի ստեղծման մասին: «Մեր նախաձեռնությունը չենք ցանկանում կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Մեր նախաձեռնությունը առաջիկա ընտրությունների հետ որեւիցե աղերս չունի»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ, ՀԱԿ-ի մաս կազմող «Այլընտրանք» հ/կ նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ քաղաքական դաշտում եւ հասարակության կյանքի բարեփոխումների առումով, առաջիկա ընտրություններից ակնկալիք չունեն, չեն ունենալու իրենց թեկնածուն, իսկ երբ պաշտոնապես գրանցված թեկնածուներ լինեն, իրենք կհայտարարեն իրենց դիրքորոշումը. «Մեզ համար թիվ 1 դաշնակիցը ՀՀ քաղաքացին է եւ պատրաստ ենք հանդիպել նրանց հետ, բերել այն գիտակցության, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատուն ՀՀ քաղաքացին է, որը պետք է շտկի իրավիճակը»:
Մ. Սուքիասյանն էլ շարունակեց, թե նախագահի թեկնածուների մեջ այլեւս չի տեսնում այն ընտրությունը, որ կուզենար տեսնել. «Բացի գործող նախագահից՝ մնացած թեկնածուները ծանրակշիռ պաուզա են վերցրել, գուցե սպասենք նրանք առաջադրվեն, հետո մեզ վրա պարտավորություն վերցնենք կողմնորոշումներ անելու: Բայց զգում ենք, որ պարաշյուտով նոր թեկնածու չի գալու իջնի մեր քաղաքական բեմահարթակ: Գործող հավանական թեկնածուների մեջ տեսանելի չէ այն կոնսոլիդացումը, որ կցանկանայինք տեսնել»:
Թե ինչու ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարում իր առաջադրման մասին, մեկնաբանեց նախկին ՀԱԿ-ականը. «Տեր-Պետրոսյանը միշտ ծանրակշիռ եւ մտածված որոշումների կողմնակից է»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամներն ասացին, որ առաջիկայում կհայտարարեն նաեւ կուսակցության համագումարի օրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ