Հացի գնի թանկացման մասին շատ անհանգստանալ պետք չէ, այն պայմանավորված է միջազգային գներով, ավելի շատ պետք է անհանգստանալ ներկրվող ցորենի որակի համար, քանի որ ամբողջ աշխարհում սկսել են ցորենին կարիճի գեն տալ, որպեսզի երաշտին դիմանա:Կարիճի գենով ցորենը ավելի դիմացկուն է եւ ջուր քիչ է վերցնում: Այսօր «Նոյյան Տապան» ակումբում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը:
Aravot.am-ի հարցին, ունե՞ն տեղեկություններ, որ Հայաստան էլ նման ցորեն են ներկրում, տիկին Արիստակեսյանը պատասխանեց, ցավոք սննդամթերքը անցակետում չեն ստուգում, ստուգումներն իրականացվում են արդեն իրացման ցանցում, սակայն պետք է կառավարությունը այս գործելաոճը փոխի:
Ինչ վերաբերում է կարիճի գենով ցորենի ներմուծմանը, ապա ընկերակցության փոխնախագահի խոսքով` քանի որ Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ չէ, եւ պահանջարկի մեծ մասը ներկրվում է, ուստի չի բացառվում, որ նաեւ այդ տեսակի ցորեն էլ ներկրվի, առավելեւս, որ մաքսակետում որակի ուսումնասիրություն չի կատարվում:
Բացի այդ, տիկին Արիստակեսյանի ներկայացմամբ. «Հացի շուկայի բազմաթիվ ընկերություններ հացի քաշը պահպանելու համար աղ են շատ տալիս, նատրի քլորը, որը ջուր հավաքող է ու ջուր ավելի շատ է վերցնում եւ խոնավությունն է շատ լինում, ինչի հաշվին քաշը լրացնում է: Խորհուրդ եմ ուզում տալ` որքան հացի տեսակը ցածր է, ավելի օգտակար է, որպես ցածր տեսակի հաց «սեռի» հաց են տալիս, բայց դրա մեջ դոշաբ են լցնում, ճիշտ է, վտանգավոր բան չէ, բայց դա այն օգտակար հացը չէ: ««Սեռի» հացի եւ ցորենի թեփի մեջ, որը եւս որոշ տեսակի հացերի մեջ օգտագործում են, Դ խմբի վիտամիններ կան, որոնք շատ անհրաժեշտ են հենց մեր ազգի ներվային համակարգի համար, Ե խմբի վիտամիններ, որոնք անտիօքսիդանտ են, հակաուռուցքային են: Թեփով հացը շատ օգտակար է, թեփը դեռ սովետական տարիներին համակցված կերի հետ տալիս էին անասուններին, բայց դա մեզ էր պետք: Ժողովուրդը պահանջի, ասի մեզ թեփով հաց է պետք, արտադրողն էլ կարտադրի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ