Լրահոս
Օրվա լրահոսը

Մավիսակալյանի հոբելյանական երեկոն՝ առանց «այցեքարտի»

Նոյեմբեր 08,2012 15:40

Օրերս ծննդյան 75-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանին, ինչին նախորդել էր ճանաչված արվեստագետին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելը:

Սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային, կամերային-գործիքային,  խմբերգային, թատրոնի, կինոյի երաժշտության, մանկական երգերի, ի վերջո՝ էստրադային ժանրում ստեղծագործած կոմպոզիտորը մինչ այսօր հանդիսատեսին չի ներկայացել հեղինակային երեկոյով: Վերջապես այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում,  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կլրացնի այդ բացը: Կկատարվեն կոմպոզիտորի «Սիմֆոնիկ պարերը», «Կոնցերտ-պոեմը» ջութակի եւ նվագախմբի համար, «Սայաթ- Նովա» ֆանտազիան, Վասպուրականի խմբերգերի շարքը եւ «Ֆանտազիա Բաբաջանյանի երգերի թեմաներով» ստեղծագործությունները: Հանդես կգան նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) եւ ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Մելիք Մավիսակալյանը տարբեր տարիներին հանդիսացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի երաժշտական ղեկավար եւ 2-րդ դիրիժորը, Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Շուրջ 15 տարի նա ղեկավարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախումբը, ինչն էլ կոմպոզիտորին բերեց համընդհանուր ճանաչում: Ժամանակին Մելիք Մավիսակալյան անունը ասոցացվում էր հենց այս նվագախմբի հետ, դառնալով նրա այցեքարտը:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է հոբելյանն անցկացվում առանց «այցեքարտի»՝ էստրադային ժանրի ստեղծագործությունների, արդյոք դա չի՞ նշանակում, որ դեռ  առկա է վիրավորանքը մարդկանցից, ովքեր ժամանակին ամեն ինչ արեցին ընդհատելու կոմպոզիտորի գործունեությունը էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, պարոն Մավիսակալյանը նախ հայտնեց, թե ստեղծագործական այս երեկոն էլ չէր լինի, եթե Թոփչյանը չնախաձեռներ, hետո էլ պատասխանեց. «Ոչ մի վիրավորանք էլ չկա… Պարզապես ժամանակները փոխվեցին: Նվագախմբում աշխատելու տարիներին ստեղծագործական կապերի մեջ էի Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ մյուսների հետ: Այդ ժամանակահատվածում կոմպոզիտորները հատուկ էին երգեր գրում Բելա Դարբինյանի, Ռաիսա Մկրտչյանի, Գեորգի Մինասյանի, Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի, Լոլա Խոմյանցի, Արտաշես Ավետյանի, մի խոսքով՝ հայկական էստրադայի իրական աստղերի համար: Ուրախ եմ, որ մասնակցել եմ այդ գործընթացին եւ այսօր ռադիոյի ֆոնդում պահպանվում են հարյուրավոր բարձրակարգ ձայնագրություններ:

Հպարտորեն եմ ասում, որ 1979թ. իմ նախաձեռնությամբ նվագախմբի ու մեներգիչների կատարումներով պարզապես մոռացությունից փրկվեցին Արտեմի Այվազյանի երկերը, թողարկվելով ձայնասկավառակի տեսքով: Մասնակցությունս եմ բերել նաեւ մեր անվանի կոմպոզիտորներ Սարյանի, Միրզոյանի եւ այլոց որոշ գործերի պարտիտուրների մասով: Մատերի վրա կարելի է հաշվել հեղինակների, որոնց հետ չեմ համագործակցել»:

Մերօրյա փոփ երաժշտության ոլորտում մեծ չափերի հասնող անորակ «արտադրանքի» մասին կոմպոզիտորն ունի իր տեսակետը: «Լավը չի կարող չերեւալ կամ չգնահատվել: Իսկապես ունենք թե ստեղծագործողներ եւ թե կատարողներ: Բայց ափսոս, որ նրանց թիվը մեծ չէ»,- շեշտեց Մավիսակալյանը: Վերջերս էլ շրջանառվող՝ Դիլիջանում կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անունով կոչելու թեմայով կարծիքների առնչությամբ անվանի կոմպոզիտորի ուսանողն ասաց. «Էդվարդ Միխայլովիչի ներդրումն այնքան մեծ է մեր դասական երաժշտարվեստում եւ հենց ստեղծագործական տան հետ կապված, որի հիմնադիրն է նա, որ, կարծում եմ, միայն այդ տունը նրան անունով կոչելը քիչ է…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930