Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս բանաստեղծ. Մեր գրականությունը «առաջ տանողներ» չունի

Նոյեմբեր 08,2012 14:48

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի այսօրվա հյուրերն էին թարգմանիչների և հրատարակիչների «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» միջազգային VI համաժողովի համակարգող, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Իշխանյանը եւ «Վոլոշինյան սեպտեմբերի» կազմակերպիչներից մեկը, բանաստեղծ Եվգենի Չիգրինը:

Եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար, որի ընթացքում տարբեր երկրներից հրավիրված մասնագետների քննարկումների առանցքում կլինեն հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում խնդրահարույց բոլոր հարցերը:

Ռուբեն Իշխանյանը հայտնեց, որ այս համաժողովը միջազգային է. «Մասնակցում են ոչ միայն ԱԲՀ եւ Բալթյան երկրները, այլեւ եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Համաժողովը մշակութային հարթակ է, այդ իսկ պատճառով ազգային պատկանելություն չենք հարցնում եւ քաղաքականության մեջ չենք մտնում»:

Իշխանյանը հավելեց, որ մասնակիցներին դժվարությամբ եւ մեծ աշխատանքի գնով են համախմբել: Համակարգողը նաեւ ասաց, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Եվգենի Չիգրինի խոսքով. «Համաժողովը չափազանց կարեւոր է եւ անհրաժեշտ: Խնդիրը ոչ այնքան գրականության զարգացումն է, այլ տարբեր մշակույթների փոխըմբռնումը: Սովետական շրջանում մեծ գումարներ էին հատկացվում թարգմանչական դպրոցին, քանի որ գիտակցում էին դրա կարեւորությունը, բայց հիմա այդ գործով քիչ մարդիկ են զբաղվում»:

Խոսելով ռուս ժամանակակից գրականությունից` Չիգրինն ասաց, որ այն զարգացում է ապրում. «Ռուսական գրքերը պահանջված են աշխարհի շատ գրախանութներում, սակայն չկան գրականությունն «առաջ տանողներ» եւ ֆինանսավորողներ: Ֆրանսիայում, օրինակ, գործում է նոր հեղինակներին ֆինանսավորող դեպարտամենտ, իսկ ԱՄՆ-ում` մեծ բյուջե ունեցող մշակույթի ազգային ֆոնդ: Ռուսաստանը չունի այդպիսի կառույցներ»:

Համաժողովի աշխատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղան` «Թարգմանական արվեստի ուսուցման ժամանակակից մեթոդները», ««Անհայտ» գրականություններ. թարգմանական ու հրատարակչական փորձը», ««Փոքր լեզուների» թարգմանության դժվարությունները» խորագրերով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930